Աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներում Իսրայելն ակտիվորեն աշխատում
է Իրանի դեմ՝ ճակատն ընդլայնելու և Ադրբեջանին ողջ թափով Իրանի դեմ դուրս բերելու նպատակով,
քանի որ Իսրայելը Իրանին համարում է համաշխարհային անվտանգության սպառնալիք: ԱՄՆ-ն, անմասն չմնալով այս արշավից, դեռ ուղիղ հանդես չի գալիս այս ամենի դեմ, բացառությամբ
այն բանի, որ իրանաադրբեջանական լարվածության ֆոնին հայտարարվեց Ադրբեջանին Իրանից
պաշտպանելու և զինելու անհրաժեշտության մասին: Այս հարցում Թուրքիան դեռ շարունակելու
է հեռադիր պահվածք ունենալ:
Ադրբեջանը վերջին ամիսների ընթացքում՝ հատկապես, և այս դեպքում՝ առավելապես, ինչ-որ միջադեպերում մեղադրում է Իրանին, փոխանակվում են նոտաներով, զգուշացումներով, դեսպանների հետկանչով, սուր հայտարարություններով և այլն: Սակայն, բացի Իսրայելի գործոնից, Ադրբեջանն Իրանի հարցում ունի իր ուրույն շահերը, քանի որ 44-օրյա պատերազմից հետո Իրանը հետզհետե և հատկապես, այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» մասին հայտարարությունների ֆոնին, սկսեց հստակ արձանագրել, որ ՀՀ անվտանգությունը սեփական անվտանգությունն է, տարածաշրջանում սահմանելով բավականին բարձր նշաձող և, ըստ էության, դիրքավորվելով որպես ՀՀ ոչ ֆորմալ անվտանգության երաշխավոր: Այդ դիրքավորումն այնպիսին, որ ցանկացած բռնի գործողություն Իրանը կարող է համարել գործողություն իր դեմ: Սա բավականին բարդ իրավիճակ ստեղծեց Ադրբեջանի համար, քանի որ Ռուսաստանը խնդիր չունի Իրանի այս դիրքորոշման հետ, ավելին, սատարում է դրան, որովհետև Ադրբեջանի քաղաքականությունը Հարավային Կովկասում մի շարք խնդիրներ է հարուցում նաև ՌԴ համար: Սակայն Ռուսաստանը, պայմանավորված իր ներկայիս իրավիճակով, խուսափում է արձագանքել ռեգիոնալ բոլոր մարտահրավերներին՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Հայաստանը նոր գործընկերներ ունի Արևմուտքում:
Ներկայումս
Հարավային Կովկասում բավականին խրթին իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ Ադրբեջանը
մեծացնում է ճնշումը ՀՀ-ի նկատմամբ՝ ռազմական բաղադրիչով, սակայն ՀՀ-ն մերժել է ՀԱՊԿ-ին
և հրավիրել ԵՄ դիտորդներին, որոնք էլ որոշակի պատասխանատվություն ունեն: Բացի դրանից,
Իրանը ներկայացրել է իր կարմիր գծերը, Ռուսաստանը, Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի դիտորդների
մերժմամբ, հայտնվել է, ինչպես շատերը, դիտորդի դերում: Դրանից բացի՝ միաժամանակ կա Իսրայելի
ճնշումն Ադրբեջանի նկատմամբ:
Ստեղծված իրավիճակում
բարդ է ասել, թե լարվածությունները որ ուղղությամբ կգնան, կլինի էսկալացիա Սյունիքի
ուղղությա՞մբ, թե՞ կլինի բախում Ադրբեջանի ու Իրանի միջև, այդ ամենում ի՞նչ դեր կստանձնեն
ԵՄ դիտորդները և այլ խաղացողները: Այն փաստը, որ առկա է էական լարվածություն Հայաստանի,
Ադրբեջանի, Իրանի միջև՝ արտաքին դերակատարներով ու ավելի մեծ բախման վերաճելու վտանգով,
միանշանակ է:
Թերևս կարող ենք
արձանագրել, որ Իրանի դեմ գործողությունները տարբեր սցենարներ կարող են ունենալ: Այդ
սցենարներից մեկը միջանցքի բացումն է, որում Ադրբեջանը մեծ հետաքրքրվածություն ունի,
իսկ Իսրայելի նպատակներն ավելի հեռահար են: Հակաիրանյան սցենարներից են նաև օդային
հարվածները, որոնց փոքր օպերացիայի ականատես դարձանք շաբաթներ առաջ՝ Իրանում: Սակայն
Իրանի հնարավոր պատասխան սցենարները ևս տարբեր կարող են լինել: Ակնհայտ է, որ Իրանը
պատրաստվում է այդ բոլոր սցենարներին, և դա է ավելի լարում Ադրբեջանին, ինչ-որ առումով՝
զսպում: Այդ նախապատրաստական աշխատանքների տիրույթում է նաև Ռուսաստան-Իրան ներկայիս
ինտենսիվ համագործակցությունը, Ռուսաստան-Իրան-Չինաստան համագործակցությունը: Բայց,
բացի դիվանագիտական աշխատանքից, կան նաև այլ նախապատրաստություններ:
Արմեն Հովասափյան









