Foto

Ալիևն ու Փաշինյանը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Ալիեւը առաջիկայում կհանդիպեն Բրյուսելում։ Այս մասին գրում է Financial Times-ը` վկայակոչելով իր աղբյուրներին: Նշվում է, որ հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա մայիսի 14-ին։

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում կվերսկսեն խաղաղության բանակցությունները, ըստ պաշտոնյաների, քանի որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը», - այս մասին գրում է պարբերականը` նշելով, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կիրակի օրը կհյուրընկալի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին անգամը, երբ երկու առաջնորդներն անձամբ կհանդիպեն»,-գրում է թերթը` հիշեցնելով, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել երկու երկրների արտգործնախարարների բանակցությունները, որի արդյունքներով ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ  «շոշափելի առաջընթաց են գրանցել երկարատև խաղաղության համաձայնագրի շուրջ», և որ ինքը կարծում է, որ համաձայնությունը տեսանելի է, հասանելի` բարի կամքի դրսեւորման դեպքում: