Հայ-ադրբեջանական բանակցային
գործընթացները մտել են բավական ինտենսիվ փուլ և ակնհայտ է դառնում, որ, պարբերաբար հայտարարություններից
բացի, կոնկրետ պրոցեսներ են ընթանում, որոնք չի բացառվում, որ ինչ-որ կետում հանգուցալուծում
ստանան։ Ավելին, բրյուսելյան հարթակի ձախողումից
հետո ակնհայտ է դառնում, որ Երևանն ու Բաքուն ԱՄՆ-ից, որպես միջնորդ, շատ ավելի մեծ
սպասումներ ունեն:
Տվյալ դեպքում խոսքն ինչպես այս հարթակում ապագա բանակցությունների օրակարգի, այնպես էլ հնարավոր պայմանավորվածությունների իրագործմանը հետամուտ լինելու մասին է: Հենց սա է պատճառը, որ հանդիպման նախապատրաստությունը երկար է տևում, կողմերից յուրաքանչյուրն ԱՄՆ-ից ինչ-որ հստակ ակնկալիք ունի՝ Երևանի դեպքում՝ ՀՀ տարածքային ամբողջականության երաշխավորում և միջազգային բանակցային մեխանիզմ՝ Ստեփանակերտի ու Բաքվի միջև երկխոսության համար, իսկ Բաքվի դեպքում՝ հավաստիացում, որ Երևանն ընդունելու է սահմանազատման և Արցախի ապագայի վերաբերյալ բոլոր պայմանները:
Ընդգծենք, որ Բաքվի դիրքորոշումն այս հարցում բավականին կոշտ է: Բաքուն չի հրաժարվելու է իր մոտեցումից, ինչպես նաև չի համաձայնելու բանակցել Արցախի ներկայացուցիչների հետ: Ի դեպ՝ հենց սրանով էլ բարդ է բանակցային որևէ հարթակում կողմերի դիրքավորումը, քանի որ որևէ միջնորդ միայնակ չի կարողանում ստեղծել բանակցությունների համար անհրաժեշտ հիմքը: Չի բացառվում նաև, որ իրավիճակը երկարաձգվի՝ հանգեցնելով սահմանային լարումների նոր էպիզոդների: Ավելին, նախօրեին հրապարակված հայտարարությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ին ևս չի հաջողվել երկու կողմին մասամբ բավարարող օրակարգ հաստատել։ Այսինքն, Վաշինգտոնը ևս կորցրես իր հնարավորությունը: Հրապարակված տեքստերում անբովանդակ ու լղոզված ձևակերպումներ են, որոնք, ըստ էության, հերթական անգամ բանակցություններն առկախում են անորոշ ժամանակով։ Ի դեպ, ասյտեղ հնարավորությունների պատուհան է բացվում Ռուսաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համար, որը փաստացի չի գործում, բայց ձևաչափը դեռ կա, ու, ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից, կարող է վերականգնվել: Իսկ հաջորդ շաբաթ Մոսկվայում բանակցությունների հերթական ռանունդն է։
Իրավիճակը բարդ է, որովհետև Ադրբեջանին միջնորդ ընդհանրապես հարկավոր չէ, քանի որ ցանկանում է հարցերը լուծել երկկողմ ձևաչափով և զոռբայությամբ: Նա, ինչպես նախկինում դեմ էր ԵԱՀԿ Մինսկի խմբին, այսօր էլ դեմ է առանձին միջնորդներին և նրանց միջոցով ՀՀ օրակարգի ներառմանը՝ ընդհանուր բանակցային սեղան:
Արմեն Հովասափյան









