Foto

Եթե չեք ուզում, որ Նիկոլը ձեզ էշի տեղ դնի

Փաշինյանը հիմա էլ եվրոպացիներին է էշի տեղ դնում: Պրահայում  ասում է, թե Ալիևը գնում է Մոսկվա ու Պուտինին բզբզում, թե Նիկոլ Վովայեվիչն իր  «ուշադրությունը տեղափոխում է Արևելքից դեպի Արևմուտք»: Որքան ես տեղյակ եմ, Ռուսաստանը գերտերություն է, ունի ԱԳՆ, դեսպաններ, հատուկ ծառայություններ և շատ լավ գիտի, թե, օրինակ ՀՀ վարչապետի դաչայի զուգարանում ինչքան ջուր է լցվում, ննջարանում ինչ է կատարվում, կաբինետում քանի հոգեբույժ է հերթապահում և այլն: Ալիև՞ը պետք է Պուտինին բացատրի, թե Նիկոլ Վովայեվիչը դեպի ուր է «տեղափոխվում»: Այն, որ Արցախում, Լաչինի միջանցքում, Հայաստանի սահմաններին կատարվող ադրբեջանական բոլոր սադրանքներն ու հանցանքները գցում է ռուսների գրպանը, այն դեպքում երբ դրանք կատարվում են հենց իր անձնական համաձայնությամբ ու տեղեկությամբ, Պուտինի համար բավակա՞ն չեն, որ հասկանա Վովայեվիչի իրական տրամադրությունը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելը, այդ կազմակերպության միջազգային հեղինակությունը կասկածի տակ դնելն ու նրա փաստաթուղթը սեղանին անստորագիր թողնելը բավական հիմք չէ, որ Ռուսաստանում Վովայեվիչի «բարոյական ծագման ու կերպարի» մասին պատկերացում կազմեն:

Օրինակները կարող եմ երկար թվարկել, բայց, այս ամենը՝ մի կողմ: Դրանով նա նաև Ալիևին է էշի տեղ դնում, որովհետև նախ նրան ներկայացնում է որպես Ռուսաստանի մոլի հակառակորդ, ով եվրոպաներում պահանջում է Հայաստանի, այսինքն՝ իր թշնամու, նկատմամբ վարվել այնպես, ինչպես՝ Ռուսաստանի, հետո էլ, թե այդ Ալիևը գնում է Մոսկվա ու … Եթե Նիկոլը չի ստում, և Ալիևը Ռուսաստանին նույնպիսի թշնամի է համարում, ինչպես Հայաստանին՝ Մոսկվան դա չի հասկանո՞ւմ: Ինչո՞ւ պետք է Ալիևի խոսքին արժեք տա ու Վովայեվիչին աչքից գցի, կամ Ալիևն ի՞նչ երեսով պետք է Պուտինին Վովայեվիչից բողոքի:

Սա էլ՝ մի կողմ: Հենց նույն տեղում հայտարարում է, որ թեև Հայաստանը ԵԱՏՄ, այսինքն՝ ռուսական հեգեմոնիայով և տնտեսական դոմինանտությամբ կազմակերպության անդամ է, բայց պետք է հետևի «պատժամիջոցների օրենքներին» ( խմբ. Ռուսաստանի դեմ): Սա էլ հո թաքո՞ւն չի ասել կամ այլ բան է ասել, որ Ալիևը Մոսկվայում «մուտիլովկա» անի: Սրանից պարզ ու բացահայտ հակառուսականություն չի լինում, թեկուզ Վովայեվիչը դրան «ամանորի շնորհավորանք» անվանի:

Սա էլ՝ մի կողմ: Կասեք, թե հիմար է՝ չի հասկանում, միամիտ է՝ լեզվի տակ բան չի կարողանում պահել: Այ, հե՛նց այդտեղ հիշեք, թե երկու օր առաջ ինչպես էր հասկացել ու մեկնաբանում, նույնիսկ, արդարացնում «Նեմեսիսի» հուշարձանի բացման պատճառով Հայաստանի համար Թուրքիայի օդային տարածքը փակելու դեմարշը:

Հիմա, բնականաբար, հարց կտաք՝ իսկ եվրոպացիները է՞շ են, որ Նիկոլին լսում ու հավատում են: Ասեմ. ո՛չ նրանք էշ չեն, լսում են ու գլխով էլ տմբտմբացնում են, որովհետև հազիվ գտել են Նիկոլի պես մեկին, ով իշխանությունը պահելու ու կառավարական դաչայում յաթրջի քաշելու համար պատրաստ է ոչ միայն դաշնակցին թիկունքից հարվածել, այլև սեփական երկիրը վաճառել: Բայց չե՛ն հավատում:

Ու չզարմանաք, որ շուտով ՀՀ ԱԺ-ում կամ կառավարության նիստի ժամանակ կհայտարարի, որ Արևմուտքում իրեն լսում են, հասկանում են ու իր հետ համաձայն են: Դուք էլ դրա՛ն չհավատաք, որովհետև այդ դեպքում ձե՛զ էշի տեղ կդնի:

 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան