Foto

Բաց խաղալու մոդերատորը

Նիկոլ Փաշինյանի ցանկացած հրապարակային հայտնություն իսկական շոկ է հասարակության, առնվազն՝ մտածելու ունակ հասարակության համար։ Նրա ֆիզիկական հայտնությունները, որոնք արտահայտվում են ոչ վերբալ դրսևորումներով, հանրության առանձին անդամների համար ունենում են բառի բուն իմաստով՝ մահացու, իսկ լավագույն դեպքում՝ ցավոտ հետևանքներ։ Բոլորս ենք հիշում, որ անցած տարի Պռոշյան փողոցն անցնող հղի կինը Փաշինյանի հայտնության համար վճարեց իր կյանքով, իսկ Եռաբլուրում իրենց որդիների շիրիմներին այցելած ծնողները հարձակման ենթարկվեցին կարմիր բերետավորների կողմից, որովհետև այդ պահին անցնում էր Նիկոլը։

Ամբողջովին այլ է պարագան Փաշինյանի վերբալ հայտնությունների դեպքում, երբ մարդիկ ստիպված են ժամեր շարունակ լսել նրա մանիպուլյացիաները, կեղծիքը, սուտը, փաստերի խեղաթյուրումը, և այդպես շարունակ։ Իր ելույթներով նա բռնաբարում է մարդկանց բանականությունը, մտածողությունը, հիշողությունն ու արժանապատվությունը։ Ավելին, նա դա անում է սեփական կուսակիցների հիացական հայացքների ու ընդդիմադիրների կառուցողական հարցերի ուղեկցությամբ։ Նիկոլի երկարաշունչ ելույթների առանձին հատվածների և ուղերձների քննարկումը, լայն իմաստով, անիմաստ է, որովհետև նա հասարակությանը հղում է մեկ գլխավոր ուղերձ՝ «ինչ արել եմ, լավ եմ արել և շարունակելու եմ անել»։ Ընդ որում, նա անկեղծորեն արձանագրում է նաև, որ իր պատճառով, իր գործողությունների ու անգործության հետևանքով Արցախին ու Հայաստանին պատճառված աղետները, ողբերգությունների չդադարող շղթան տեղի է ունեցել և շարունակվում է հասարակության կողմից «հասկացվածության» պայմաններում։ Եթե լայն բացվածքով ներկայացնենք նրա ասածը, ուղիղ տեքստով ասում է՝ «թույլ եք տալիս, անում եմ»։

Այստեղ, ի դեպ, հատկանշական է այն, որ Նիկոլ Փաշինյանը դա ասում է ոչ միայն անցյալի աղետների մասին, այլև մեծահոգաբար ազդարարում է, որ շարունակելու է իր աղետաբեր արշավը։ Նա հայտարարում է, որ իրեն պետք է դատել այն բանի համար, որ 2018 թվականին՝ իշխանության գալով ու հասկանալով, որ «այս խաղն ավարտված է», այդ մասին չի տեղեկացրել հասարակությանը։ Այսինքն՝ խոստովանում է, որ գործել է սխալ, որն արժեցել է հազարավոր կյանքեր, Արցախի մեծ մասի կորուստ և մնացածի փաստացի հանձնում Ադրբեջանին։ «Հանցագործություն եմ արել»,- առանց երկիմաստության խոստովանում է Փաշինյանը, բայց դա կրկին, ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի մասին է։

Ավելին, նա առանց այլևայլությունների արձանագրում է, որ Հայաստանը ղեկավարում է մարդ,  որի սխալն արժեցել է մի քանի հազար կյանք ու հայրենիքի կորուստ, ինչը նշանակում է, որ ապագայում ևս նման սխալներ կարող են տեղի ունենալ։ «Դրա համար ինձ պետք է դատել»,- հայտարարում է Նիկոլը՝ շատ լավ իմանալով, որ իրեն ենթարկվող ու իր կամակատար իրավապահ մարմիններից որևէ մեկը չի բացահայտելու հանցագործությունը ու չի դատելու հանցագործին։

Նման վարքագծի դրսևորմամբ՝ Փաշինյանը, կրկին առանց այլևայլությունների ու երկիմաստության, ուղերձ է հղում հանրությանը. Հայաստանի ղեկավարումը հանցագործից ազատելու համար հասարակությունն իրեն պետք է հեռացնի իշխանությունից։ Հակառակ դեպքում ստիպված պետք է լինի «հասկանալ» նաև ապագայում տեղի ունենալիք աղետները, որոնք կատարվելու են նոր՝ հանցագործությանը հավասար սխալների արդյունքում։

Պետք է արձանագրենք, որ իր հետագա գործողությունները Նիկոլը նույնպես չի թաքցնում, և անկեղծ է իր այն պնդումներում, երբ ասում է, թե «եթե սեղանին լինի փաստաթուղթ և ես ստորագրեմ, ուրեմն դա ուրախալի նորություն է»՝ ընդգծելով, որ ոչ ոք չզարմանա և ավելորդ տվայտանքների մեջ չընկնի, հենց այդպես էլ լինելու է։ Ի դեպ՝ այդ ամենը սարերի հետևում չէ, իսկ հանրությունը ամորֆ ու անտարբեր հայացքով լուռ ծխում է։

Արմեն Հովասափյան