Գոնե իմ համար գաղտնիք
չէ, որ կառավարության մոտ լավ է ստացվում շոուներ ու տարբեր մակարդակների ու բովանդակության
տեսարաններ բեմադրելը։ Անցած հինգ տարիներին նման բազմաթիվ դեպքերի ենք ականատես
եղել։ Թե ի՞նչ է շահել այդ ամենից հասարակությունը՝ տեսնում ենք։ Այսօր ունենք այն,
որ, ինչպես Նիկոլ Փաշինյանն է խոստովանում, երկիրը գտնվում է անվտանգային խորը ճգնաժամի
մեջ։ Չնայած դրան, փորձում են ցույց տալ, որ անգամ այդ պայմաններում երկիրը մեծ տեմպերով
զարգանում է, տնտեսությունը թռիչքային աճեր է գրանցում, բյուջեի եկամուտներն են թռիչքային
ավելանում, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են բացվում, աշխատավարձերն են ավելանում։
Այս ամենի նպատակը մեկն է՝ համոզել հասարակությանը, որ, եթե անվտանգային այսպիսի միջավայրում
է տնտեսությունը մեծ տեմպով զարգանում, միայն պետք է պատկերացնել, թե ինչ կլինի, երբ խաղաղության համաձայնագիր ստորագրեն և լուծեն անվտանգային
խնդիրները։
Իշխանությունն
առաջիկայում պատրաստվում է հերթական ցավոտ փաստաթուղթը ստորագրել, հենց այդ պատճառով
այժմվանից փորձում են հասարակությանը համոզել, թե ինչպիսի պայծառ ապագա ու բարվոք կյանք
է սպասվում իրենց՝ «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո։ Դրանց կողքին՝ ոչինչ,
որ կարող են էլի զիջումներ արվել։ Կարևորը՝ հետո լավ է լինելու։
Ավելին, այս ամեն ավելի
գեղեցիկ մատուցելու նպատակով պատրաստվում են հերթական շոուն բեմադրել։ Առաջիկայում
ԱԺ-ում սկսվելու են նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկումները և արդեն այժմվանից
տրված է շոուի մեկնարկը։ «Աննախադեպ» ձեռքբերումների ու գրանցած հաջողությունների շքերթը
մեկնարկեց կառավարության նիստում, երբ հաստատվեց անցած տարվա բյուջեի կատարողականը՝
ԱԺ ուղարկելուց առաջ։ Նախորդ նիստում ֆինանսների նախարարը բյուջեի եկամուտների ու ծախսերի
բարձր աճերից էր խոսում, բայց խուսափում էր ասել, որ թերակատարվել է բյուջեի ճշգրտված
պլանը։ Ծախսերը, ճշգրտված պլանի համեմատ, պակաս են կատարվել։ Ինչպես միշտ, թերակատարվել են հատկապես կապիտալ ծախսերը։ Ոչ մի նշանակություն չունի, որ նախորդ տարվա համեմատ
դրանք ավելացել են։ Ճշգրտված պլանը թերակատարվել է, ու դա բավարար է ասելու, որ կառավարությունը
լավ չի աշխատել։ Չի կատարել այն ծրագրերը, որոնք պարտավորվել էր կատարել, թերացել է
իր աշխատանքում ու վնասել տնտեսությանը։
Ի դեպ՝ բյուջեի եկամուտներն
ավելացել են, դա էլ իր պատճառներն ունի։ Հայտնի գործոններն են, որ նպաստել են ինչպես
տնտեսության աճին, այնպես էլ՝ հարկային եկամուտների ավելացմանը, իսկ եթե չլինեին այդ
գործոնները, կերևար կառավարության աշխատանքի իրական արդյունքը։ Չնայած արդեն երևում
է. տնտեսության մեջ հարկերի հավաքագրման առումով առաջընթաց չկա, ինչը շատ ավելի կարևոր
ցուցանիշ է, քան այն, որ անվանական արտահայտությամբ բյուջեի հարկային եկամուտներն ավելացել
են։ Դա նշանակում է, որ խորացել է տնտեսության ստվերը։
Մասնավորապես կառավարությունը
նախատեսել էր անցած տարի՝ սկզբում 0,7, վերանայելուց հետո՝ 0,5 տոկոսային կետով բարելավել
ՀՆԱ-ի մեջ հարկերի հավաքագրման ցուցանիշը։ Բայց ցուցանիշը մի բան էլ վատացել
է։ Մեկ տարի առաջ 22,73 տոկոս էր, անցած տարի դարձել է 22,66 տոկոս, ընդ որում, դա
տեղի է ունեցել որոշ ոլորտներում հարկային բեռի բարձրացման պարագայում, ինչն ավելի
է ընդգծում կառավարության թերացումը։ Ամեն օր ինքնամոռաց խոսում էին հարկերի հավաքման
պատմական ռեկորդների մասին, իսկ հավաքագրման մակարդակն ընկել է։ Ահա հենց սա է անցած
տարվա պետբյուջեի կատարման՝ կառավարության աշխատանքի «լավագույն» գնահատականը։ Թե չէ, բնական է, որ հարկերն ավելացել են, հատկապես նման բարձր գնաճի ու տնտեսական աճերի պարագայում,
թեկուզ և այդ աճերը տնտեսության բուն զարգացումների հաշվին չեն եղել։ Դրանք պայմանավորվել
են գերազանցապես ռուս-ուկրաինական հակամարտությամբ։
Քանի դեռ
չի ավարտվել հակամարտությունը և դրա ֆոնին նպաստող միջավայր է ստեղծվել, փաշինյանական
կառավարությունը փորձելու է օգտվել հանկարծակի առաջացած արտակարգ հնարավորություններից
և հասարակության մոտ տպավորություն ստեղծել, որ, չնայած անվտանգային լուրջ խնդիրներին,
իրեն հաջողվել է «վագրային թռիչքներ» ապահովել։ Չի ասում, որ այսօրվա աճերը կապ չունեն
անվտանգային ճգնաժամի հետ, իրականում դրանք աճեր են, որոնք պայմանավորված են հայտնի
գործոններով։ Երբ կդադարի այդ գործոնների ազդեցությունը, այն ժամանակ
էլ կավարտվեն նաև տնտեսության ու հատկապես բյուջեի անվանական եկամուտների աճերը։
Այս կառավարության
աշխատանքի արդյունքը շատ լավ երևում է պետական պարտքի ցուցանիշներում։ Ֆիննախարարը
հայտարարում է, թե պարտքի բարելավում ունենք, արտաքին պարտքը նույնիսկ նվազել է, այն
պարագայում, երբ ներքին պարտքն է ավելի բարձր տեմպերով աճել։ Ու դրա արդյունքում անցած
տարի տարադրամով արտահայտված պետական պարտքն ավելացել է ևս 1,4 մլրդ դոլարով։ Եվ ոչ
միայն ավելացել է, այլև կտրուկ թանկացել՝ թանկ պարտքեր վերցնելու պատճառով։ Սրա մասին, իհարկե, կառավարությունում
գերադասում են չխոսել։
Արմեն Հովասափյան









