Foto

Փաշինյանը երազում է համեմատվել Քոչարյանի և Սարգսյանի հետ

Նիկոլ Փաշինյանի քարոզչական հսկայական բանակը բաղկացած է տարաբնույթ շերտերից ու տարբեր թիրախների վրա աշխատող մանիպուլյատորներից։ Շերշադրումն արված է ցածրարժեք ռեսուրսների վրա, որոնցով իշխանությունն ազդում է ոչ թե մարդկանց մտքերի, մտածողության, դատողությունների, այլ ամենապարզագույն բնազդների վրա։

Այստեղ պետք է փաստենք, որ մեր հասարակությունը, բարեբախտաբար, բաղկացած է նաև մտածող, այդ թվում՝ քննադատական մտածողություն ունեցող խավերից, իշխանությունը պարբերաբար փորձում է ներազդել նաև այդ շերտի վրա, որոնց զանազան փաթեթավորումներով, պսևդոանալիտիկ ու պսևդոինտելեկտուալ հիմնավորումներով ներկայացվում են կեղծ, մանիպուլյատիվ թեզեր։ Ընդ որում, որպես հարաբերականորեն «բարձր կարգի» քարոզչանյութեր, դրանք մատուցվում են նաև իշխանությանը, Փաշինյանին ուղղված մեղմ քննադատությամբ՝ ներկայացվողի արժանահավատությունը բարձրացնելու նպատակով։

Նմանօրինակ քարոզչական թեզերի բազմազանության մեջ ամենագլխավորներից ու վտանգավորներից մեկը վերաբերում է Արցախի ու ղարաբաղյան հակամարտության պատմության նենգափոխմանը։ Պարբերաբար փորձ է արվում ղարաբաղյան հակամարտության պատմությունը կամ առնվազն դրա մի մասը հավասարեցնել այն աղետին, որը տեղի ունեցավ Նիկոլի իշխանության օրոք, նրա մասնակցությամբ ու նաև մեղավորությամբ։ Այդ նույն տրամաբանության շրջանակներում արցախյան հիմնախնդրի պատմությունը բաժանվում է երկու փուլի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջան ու նրա առաջարկած կարգավորման տարբերակ, և հաջորդող 20 տարիներ, համապատասխանաբար՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի։

Նշվածս թեզը կառուցվում է այն կանխավարկածով, որ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր արցախյան հարցի լուծման՝ մեզ համար լավագույն տարբերակը, իսկ Քոչարյանն ու Սարգսյանը, նրանից վերցնելով իշխանությունը, գնացին այնպիսի ճանապարհով, որը հանգեցնելու էր նրան, ինչն ավարտվեց պատերազմի աղետով ու Արցախի մեծ մասի կորստով։ Հետևաբար, որպես այս քարոզչաթեզի եզրահանգում՝ ներկայացվում է, որ այս աղետի համար հավասարապես մեղավոր են բոլորը՝ Քոչարյանը, Սարգսյանն ու Փաշինյանը հավասարապես։

Ըստ էության մակերեսային ընկալմամբ Նիկոլին իբրև թե քննադատող այս մոտեցումն իսկական նվեր է նրա համար, քանի որ դրանով նա նույն շարքում է հայտնվում Արցախի ազատագրման, Հայաստանի կայացման մեջ մեծ ներդրում ունեցած անձանց հետ։ Ի դեպ՝ այստեղ խնդիրն անձինք չեն, այդ խնդիրն ավելի խորքային է և վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգային տարբերություններին, որոնք լղոզվում են բարեհունչ արտահայտություններով։

Փաստենք, որ Տեր-Պետրոսյանն առաջարկում էր խնդրի կարգավորման տարբերակ, որին դեմ էին նրան հաջորդող նախագահները։ Բայց եթե Տեր-Պետրոսյանի տարբերակն այսօրվա հեռվից ներկայացվում է՝ որպես երանելի լուծում, ոչինչ չի ասվում այն մասին, որ հայեցակարգային առումով դրանից տարբերվող հաջորդող տարբերակները նույնպես, ի թիվս մյուսների, նաև Նիկոլի կողմից լկտիաբար խեղաթյուրվող մադրիդյան, կազանյան տարբերակները, իրագործման դեպքում ապահովելու էին միանգամայն այլ լուծում, Արցախի առնվազն միջանկյալ կարգավիճակ ու անվտանգության երաշխիքներ, որոնք այսօրվա համեմատ ոչ պակաս երանելի պետք է համարվեն։ Բայց իշխանական քարոզչամարտիկներն այդ մասին ոչինչ չեն խոսում և ընդամենը, որպես հնարք առանձնացնելով Տեր-Պետրոսյանին՝ փորձում են միևնույն հարթության վրա ներկայացնել Քոչարյանին, Սարգսյանին ու Փաշինյանին՝ բովանդակային առումով չտարբերվելով պայմանական տաքսու վարորդի՝ «բոլորն էլ նույնն են» հայտնի ձևակերպումից։

Փաշինյանի քաղաքական-քարոզչական ներկայիս ողջ ռեսուրսը լծված է պատերազմում կրած խայտառակ պարտության ու դրան հաջորդած ու սպասվող նորանոր աղետների համար հնարավորինս շատ պատասխանատուներ ու մեղավորներ գտնելու, ավելի ճիշտ՝ նշանակելու գործին։ Դրան ծառայում են բոլորը՝ սկսած ֆեյքային ֆաբրիկաների անդեմ ու անանուն բոթերից, վերջացրած բեսեդկաներում «ինտելեկտուալ մտավարժանքներով» զբաղվող առանձին օղի թորողներով, որոնք զբաղված են առաջինների էժանագին, պրիմիտիվ ստի բարեհունչ ու յուրօրինակ փաթեթավորմամբ։

Արմեն Հովասափյան