Պատմության մեջ եզակի դեպքեր կան, երբ երկու հարևան պետությունները միմյանցից տարածքային պահանջներ չեն ունեցել կամ չունեն: Մարդկության գոյության ընթացքում բազմաթիվ արյունահեղ
պատերազմներ են եղել նույնիսկ մի կնոջ, մի կամրջի կամ մի քաղաքի համար: Բայց մարդկության պատմությունը եզակի դեպքեր է հիշում, երբ երկու երկրներ կամ ժողովուրդներ միմյանց դեմ կռվել են՝ հակառակորդին ցեղասպանելու, նրա ինքնությունը ոչնչացնելու, պատմական ժառանգությունն ու մշակութը սեփականելու նպատակով: Այդպիսին էր ամերիկացիների պատերազմը հնդկացիների դեմ, Հիտլերինը՝ հրեաների, սլավոնական ժողովուրդների և գնչուների դեմ և, անկասկած, թուրքերի կողմից հայերի ցեղասպանությունը: Սրանք այդ եզակի դեպքերի ամենատիպիկ օրինակներն են: Առաջին դեպքում հնդկացիները չունեին պետականություն, քաղաքական, վարչական և նյութական ռեսուրս, որ կարողանան դիմակայել, պարտությունից հետո հասնել իրենց իրավունքների ճանաչմանը, իրենց նկատմամբ իրականացված հանցագործության միջազգային դատապարտմանը և հատուցմանը:
Հիտլերի դեպքում գոյություն ուներ հզոր Խորհրդային Միությունը (այստեղ կարող եք պնդել, որ՝ հակահիտլերյան կոալիցիան), որը ծնկի բերեց նացիզմը, եթե կուզեք՝ ստիպեց դաշնակից պետություններին՝ միջազգային դատարանով ապացուցել նացիստական հանցագործությունները, որի շնորհիվ հրեա ժողովուրդը հնարավորություն ստացավ ոչ միայն վերականգնել իր պետականությունը, այլև տնտեսական և գրագետ արտաքին քաղաքականությամբ հասնել գերմանացի ժողովրդի և պետության զղջմանը և հատուցմանը:
Մեր դեպքում Նիկոլ Փաշինյանը տանում է յուրատեսակ մուտացիայի: Ի տարբերություն հնդկացիների՝ մենք ունենք պետականություն, դիմադրելու կամք, պատմական մոտիվացիա և բոլոր շանսերը, որ ցեղասպան Թուրքիան և նրա սատելիտ Ադրբեջանը կանգնեն միջազգային դատարանի առաջ, հաղթի պատմական արդարությունը և հայ ժողովուրդը բարոյական իրավունք ստանա ներել, բրիդրացիական հարաբերություններ կառուցել իր հարևան երկրների հետ: Եթե պետականություն չունեցող հրեաներին դա հաջողվել է, ապա մեր հնարավորություններն առավել իրական են: Սակայն Նիկոլ Փաշինյանը փորձում է ի չիք դարձնել մեր առավելությունները և հաշտության գնալ՝ դիմացը ոչ միայն ոչինչ չպահանջելով, այլև անընդհատ զիջելով, այսինքն մեզ արհեստականորեն դնում է ամերիկյան հնդկացիների վիճակում՝ վերջնականապես զրկելով զարգացման և ընդհանրապես ֆիզիկական գոյության հեռանկարից:
Այո, Հայաստանում ոմանց համար հաճելի է համեմատվել շվեդի կամ ֆիննի հետ: Բայց նրանք, լինելով հենց տգետ, ենթարկվում են Փաշինյանի խորամանկ մանիպուլյացիաներին, իրենց այսօրեական թվացյալ բարեկեցությունը գերադասում են իրենց ժառանգների անվտանգությանն ու ազգային արժանապատվությանը: Սակայն Փաշինյանի նպատակն ամենևին էլ իրեն հավատացող ու պաշտող զանգվածի աջակցությունը ստանալը չէ, ինքը դրան կարող է հասնել նաև ոստիկանական մեթոդներով, եթե ձևական խոնարհումներն ու այլ մարմնաշարժությունները չբավարարեն: Հայտարարելով խաղաղության դարաշրջանի իր ուրացողական փիլիսոփայության մասին՝ նա ադզգակներ է հղում մեր թշնամիներին: Փաշինյանը տողատակերում ասում է, որ եթե իր բանակցային գործընկերները՝ Թուրքիան և Ադրբեջանը, հիմա չգնահատեն ուրացության գնով հասած իր անձնական ջանքերը, ապա երբևէ չեն ունենա այլ պատմական հնարավորություն՝ Հայաստանին ծնկի բերելու, հայերին «հնդկացիացնելու» համար:
Մյուս կողմից՝ Փաշինյանը հնարավորություն է տեսնում իր քաղաքական ու բարոյական «ռեաբիլիտացիայի» համար: Ինչպե՞ս: Նա գիտակցում է, որ պատմության մեջ մնալու է որպես ուրացող ու դավաճան և չի էլ թաքցնում դա: Նաև հրաշալի հասկանում է, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ սիրախաղը կարող է ընդհատվել այն պահին, երբ նրանք ստանան ամեն ինչ կամ աշխարհաքաղաքական ինչ-ինչ վերադասավորումների արդյունքում իր անձը նրանց համար դառնա ավելնորդ բեռ: Այդ դեպքում կկորցնի իշխանությունը, իսկ հայ ժողովրդի դատարանը նրան գտնելու և բերելու է պատասխանատվության: Եթե նույնիսկ նրա նկատմամբ պատիժը լինի՝ ինչպես նացիստական պարագլուխներինը, ապա մի փոքր հույս է փայփայում, որ «ժող ջան»-ի մի փոքրիկ ծվենի ու իր քպական «նոքյարների» կողմից կհիշվի որպես «չգնահատված մեսիա»: