«2018 թվականի քաղաքական փոփոխությունը սպասված էր և ընկալելի հանրության կողմից, սակայն լիդերի ընտրությունը սխալ էր, քանի որ տեղի ունեցավ պարզ խաբեություն, որը հետագայում վերածվեց դավաճանության»,- Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ունեցած ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա նշեց, որ դավաճանվեցին այն արժեքները, որոնց համար փողոց էին դուրս եկել մարդիկ. «Ձեզ պարզապես խաբեցին և իրենք դարձան ավելի վատը, քան քննադատում էին դրանից առաջ։
Ասացին՝ բերելու են սեր և համերաշխություն, բերեցին ատելություն և պառակտում, պատերազմի օրերին խաբեցին՝ ասելով հաղթելու ենք, բերեցին պարտություն, ասացին՝ սիրում ենք բոլորիդ, հազարավորների թողեցին, մի մասին էլ թողեցին անթաղ, երրորդ մասին դեռևս գերության մեջ են թողնում։
Ձեզ խաբեցին ու դավաճանեցին, դավաճանեցին բոլոր այն հարցերում, որոնց համար ձեզ դուրս էին բերել պայքարի»։
Ընդդիմադիր պատգամավորն ընդգծեց, որ հիմա էլ են խաբում քաղաքացիներին։









