Foto

Ղարաբաղի հարցում եռակողմ համաձայնագրերն այլընտրանք չունեն. Պեսկով

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորման հարցում օգնությունը կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի Դաշնության հետ կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, դրանց այլընտրանք չկա։ Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Երկու երկրների միջև առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ գործողությունների ու քայլերի հնարավոր զարգացումն առաջին հերթին հնարավոր է Ռուսաստանի հետ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթերի հիման վրա։ Առայժմ իրավական այլ հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը, չկան։ Համապատասխանաբար, առայժմ այդ եռակողմ փաստաթղթերը բացարձակապես չունեն այլընտրանք»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ Պեսկովն ասել է. «Իհարկե, ցանկացած աջակցություն, որը կնպաստի այս հիմքով կարգավորմանը, ողջունելի է։ Բայց մենք նաև գիտենք, որ լինում են նաև այլ փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը, ինչը հեռանկարում կարող է արդյունք չտալ։ Հուսանք, որ այս դեպքում մենք գործ ունենք առաջին տարբերակի հետ»,-ասել է Պեսկովը։

Նշենք, որ Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր, նաև անդրադարձել են Լաչինի միջանցքում տիրող հումանիտար իրավիճակին։