Foto

Ալոնսոյի գործոնը․ Չելսին հայտարարեց Լիվերպուլի նախկին ավագի տեղափոխության մասին

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի տեղափոխության մասին։

36-ամյա ֆուտբոլիստը, ով հուլիսի վերջին խզել էր պայմանագիրը «Բրենթֆորդի» հետ, լոնդոնյան ակումբին միացել է ազատ գործակալի կարգավիճակով։ Կողմերը կնքել են երկու տարվա համաձայնագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը, և անգլիացին արդեն 2026/27 մրցաշրջանից առաջ կմիանա իր նոր խաղընկերներին։

«Հաշվի առնելով ակումբի մեծությունը, գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյին, ումով ես անչափ հիանում եմ, և ֆուտբոլիստների որակը՝ սա հսկայական հնարավորություն էր, որից չէի կարող հրաժարվել։ Ինձ շատ տպավորեց նաև այն, թե որքան են սեփականատերերը ցանկանում, որ «Չելսին» հաջողության հասնի և շարժվի ճիշտ ուղղությամբ։ Ինձ համար կարևորն ամեն օր թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս առավելագույնն անելն է՝ թիմին ու խաղընկերներիս հնարավորինս օգնելու համար։ Անհամբերությամբ եմ սպասում աշխատանքի մեկնարկին»,- նշել է Հենդերսոնը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Հենդերսոնն իր կարիերայի ընթացքում նվաճել է 8 տիտղոս, այդ թվում՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի և Չեմպիոնների լիգայի գավաթները «Լիվերպուլի» կազմում։ Մերսիսայդյան ակումբում, որտեղ նա 2015-ին ստանձնել էր ավագի թևկապը Սթիվեն Ջերարդի հեռանալուց հետո, անգլիացին ընդհանուր առմամբ անցկացրել է 492 հանդիպում և դարձել 33 գոլի հեղինակ։

Կիսապաշտպանը նախկինում հանդես է եկել նաև հարազատ «Սանդերլենդում», «Քովենթրիում», սաուդյան «Ալ-Իթիֆաքում», Ամստերդամի «Այաքսում», իսկ նախորդ մրցաշրջանն անցկացրել է «Բրենթֆորդում»՝ բոլոր մրցաշարերում մասնակցելով 34 հանդիպման, դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Անգլիայի ազգային հավաքականի կազմում Հենդերսոնն անցկացրել է 91 հանդիպում՝ դառնալով Եվրո-2020-ի փոխչեմպիոն, Ազգերի լիգայի և ԱԱ-2026-ի բրոնզե մեդալակիր: Վերջերս ավարտված աշխարհի առաջնության շրջանակներում նա մասնակցել է խմբային փուլի՝ Պանամայի դեմ հանդիպմանը (2:0)՝ փոխարինման դուրս գալով խաղավերջում։