Foto

Թուրքական շահարկման ենթատեքստերը

Տևական դադարից հետո Թուրքիան կրկին բարձրացրել է Հայոց ցեղասպանության փաստի ուսումնասիրման հանձնաժողով ստեղծելու իր առաջարկը։ Մասնավորապես, օրերս ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Սեդաթ Օնալը, արձագանքելով հայկական պատվիրակությանը, նշել է, որ Թուրքիան կտրականապես մերժում է «հայկական պատվիրակության անհիմն պնդումները»։ «Բոլորին կոչ եմ անում 1915-ի դեպքերին առնչվող պատմությունից թշնամանք դուրս բերելու փոխարեն՝ ուշադրություն դարձնել համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արած առաջարկին»։ Թուրք դեսպանը համոզմունք է հայտնել, որ դա կլինի տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նախաձեռնություն։ Ի դեպ՝ այստեղ տեղին է փաստել նաև Մևլյութ Չավուշօղլուի անդրադարձը Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձին, որում վերջինս 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանել։ Չավուշօղլուն Twitter-ում այս առիթով գրել էր «Քաղաքական շառլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու ևս մեկ փորձ»,- պնդելով, թե՝ «քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը»։ «Այն մարդիկ, որոնք պնդում են իրենց սխալները, պատմության մեջ որպես երեսպաշտներ կմնան։ Որևէ մեկն իրավունք չունի մեր իսկ պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել մեզ»,- գրել էր նա։

Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ վերջին շրջանում գրեթե չի լվսել նման առաջարկ՝ Թուրքիայի իշխանությունների կողմից, իսկ ՄԱԿ-ում Թուրքիայի ներկայացուցչի ելույթն ի պատասխան հայկական կողմի է եղել։ Ցավոք պետք է փաստենք, որ հայ-թուրքական բանակցային «սեղանին» սա այսօր պարտադիր ներառված հարց չէ։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ սա Թուրքիայի մշտական դիրքորոշումն է և նույնպես նորություն չէ։

Նման քայլերով Թուրքիան ցանկանում և փորձում է ինչ-որ կերպ բացատրել, խմբագրել կամ մեղմել պատմությունը և ստանալ մի պաշտոնական ձևակերպում, որը նրան թույլ կտա ավելի հիմնավորված դեմ արտահայտվել Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ, կամ դրա ազդեցությունը թուլացնել։ Ուստի, այո, գուցե ինչ-որ փուլում, երբ հայկական կողմն ակտիվորեն շրջանառի այս հարցը, պահանջի ճանաչում, ապա Թուրքիան այս հարցը կբերի ակտիվ օրակարգ, սակայն ներկայումս այս առաջարկն ակտիվ չէ, քանի որ ՀՀ իշխանություններն իրենք Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն առանձնապես առաջ չեն մղում, չեն բարձրացնում և առաջնահերթ օրակարգ են բերել պարզապես հայ-թուրքական սահմանի բացման հարցը։ Վերջին հնգամյակում Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ այդ հարցը ընդհանրապես դուրս եկավ հայկական օրակարգից։

Թերևս հենց դրանով է պայմանավորված, որ այս տարի շատ քիչ երկրներ անդրադարձան այդ Ապրիլի 24-ի սգո օրվան և ցավակցություններ հայտնեցին՝ ամենայն հավանականությամբ, հասկանալով, որ սա առաջնահերթ արտաքին քաղաքական օրակարգ չէ ՀՀ իշխանությունների համար, քանի որ երկրի նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նաև նրա հրապարակված դիրքորոշումներով։ Այդպես վարվեց նաև ՌԴ-ն, որը նույնիսկ այդ օրվան հաջորդող հեռախոսազրույցում անդրադարձավ Ապրիլի 24-ի խորհրդին՝ ցավակցելով հայ ժողովրդին։

Ըստ էության՝ հաշվի առնելով նախընտրական շրջանն ու Թուրքիայում առկա խնդիրները, մտավախությունները, հայ-թուրքական հարաբերություններին առնչվող առանձին հարցեր բացարձակ չեն հուզում Թուրքիայի իշխանություններին, նրանց գերխնդիրն այս ընտրություններում հաղթելն է։

Արմեն Հովասափյան