Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱԳՆ կայքում հրապարակված բազմաբեւեռության համաշխարհային առցանց համաժողովի մասնակիցներին եւ կազմակերպիչներին ուղղված տեսաուղերձում հայտարարել է, որ այսօր բոլորը պետք է ճանաչեն աշխարհակարգի ավելի արդար բազմակենտրոն համակարգի ձեւավորման անշրջելիությունը, հաղորդում է «Интерфакс»-ը։
«Այսօր բոլորը պետք է ճանաչեն աշխարհակարգի ավելի արդար, բազմակենտրոն համակարգի ձեւավորման անշրջելիությունը։ Ընդհանուր շահերից է բխում այնպես անել, որ բազմաբեւեռ ճարտարապետությունը հենվի ոչ թե «վախի հավասարակշռության», այլ շահերի հավասարակշռության, միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված նորմերի, տարբեր քաղաքակրթությունների, կրոնների եւ մշակույթների փոխադարձ հարգալից երկխոսության վրա»,-ասել է նա։
Նա հայտարարել է, որ նոր համաշխարհային կենտրոնները, առաջին հերթին Եվրասիայում, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, տպավորիչ հաջողությունների են հասնում տարբեր ոլորտներում՝ հենվելով ինքնուրույնության, պետական ինքնիշխանության եւ մշակութային-քաղաքակրթական ինքնության վրա: Միեւնույն ժամանակ, Լավրովի կարծիքով, նրանք առաջնորդվում են իրենց բնիկ ազգային շահերով, անկախ քաղաքականություն են վարում ներքին եւ արտաքին գործերում:
«Մեր աչքի առաջ շարունակվում է միջազգային հարաբերությունների ենթակառուցվածքների թարմացումը։ Բազմաբեւեռ դիվանագիտության վառ օրինակ է նոր տիպի այնպիսի բազմակողմ միավորումների գործունեությունը, ինչպիսիք են ՇՀԿ-ն եւ ԲՐԻՔՍ-ը։ Դրանց շրջանակներում տարբեր քաղաքական եւ տնտեսական համակարգերով, ինքնատիպ արժեքային եւ քաղաքակրթական հարթակներով երկրները արդյունավետ համագործակցում են ամենատարբեր ոլորտներում»,-ասել է Լավրովը։
Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ միջպետական շփման բազմաբեւեռ, իրավական, ժողովրդավարական սկզբունքների ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերի առաջնագծում:
«Այդ նպատակով մենք կշարունակենք ակտիվորեն աշխատել ՄԱԿ-ի հարթակում։ Անշուշտ, այսուհետ եւս սերտորեն կհամակարգենք մեր քայլերը բազմաթիվ բարեկամների, դաշնակիցների եւ համախոհների հետ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, ԲՐԻՔՍ-ի, ՇՀԿ-ի եւ զարգացող աշխարհի այլ տարածաշրջանային միավորումների գծով»,-հայտարարել է Լավրովը։









