Foto

Հայաստանն իրենից պետք է ներկայացնի անվտանգային ամրություններով պետություն, որը կդառնա տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մաս. Ադոնց

Vesti.am-ի զրուցակիցն է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ, Արտակարգ և լիազորդեսպանԱվետԱդոնցը։ Հայ դիվանագետի հետ զրուցել ենք Հայաստան պետության անվտանգային մարտահրավերների և ներքաղաքական իրավիճակի մասին։

-          Պարոն Ադոնց, համաձա՞յն եք, որ Հայաստան պետությունն անվտանգային լրջագույն խնդրի առաջ է։ Եթե այո, ապա խնդրում եմ նշել, թե ինչպե՞ս եք դրա արտահայտումը տեսնում։

-          Անվտանգության օրակարգն ամբողջ աշխարահի համար առաջին տեղում է։ Այն չի սահմանափակվում միայն Ռուսաստան-Ուկրանիա հարաբերություններով։ Դա վերաբերում է Չինաստանին, Մերձավոր Արևելքին, մեր տարածաշրջանին։ Անվտանգությունը Հայաստանի համար մեկ պրոբլեմն է։  Իշխանությունը հռչակել է «խաղաղության օրակարգ», որը որևէ կերպ չի հաջողում և արդեն ռազմական գործողությունները և բախումները գործողությունները տեղափոխվել են ՀՀ սուվերեն տարածք, իսկ Արցախում տեղի են ունենում պրոցեսներ, որոնց մասին ամենավատ երազում չէինք կարող պատկերացնել։ Իշխանության մոտ, անվտանգային տեսանկյուից, չի ստացվում հասցեագրված և գործնական հարաբերություններ ձևավորել մեր միջազգային գործընկերների հետ,իսկ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական ձևաչափը մնացել է թղթի վրա՝ Ռուսաստանի հետ։ Դրա հետ մեկտեղ՝ չի ստացվում բանակցել Ադրբեջանի հետ։ Կարծում եմ բանակցությունների թիվ մեկ նպատակն է՝ ապահովել Հայաստանի անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Արցախում բնակվող մեր հայրենակիցների անվտանգությունը, որն այս իշխանության մոտ պարզապես չի ստացվում։ Ամեն շաբաթ, եթե ոչ ամեն օր, նորանոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք մարդկանց կյանքեր և տարածներ են արժենում։

-          Նիկոլ Փաշինյանը խոսում էր նշաձողն իջեցնելու մասին, դեռ որքա՞ն կարելի է այն իջեցնել։

-          Չեմ պատկերացնում, թե էլ ինչքան կարող ենք իջեցնել։ Ըստ Փաշինյանի՝ Արցախի պարագայում ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքը կիրառելի չէ։ Նա նորից ու նորից պատճառաբանեց, որ նախկինում թույլ են տրվել սխալներ։ Ինձ համար իր գործողությունների նպատակներն   հասկանալի է, բայց դրա հետ մեկտեղ շատ՝ անընդունելի։  Տարիներ առաջ նա հռչակեց, որ բանակցությունները սկսելու է իր զրոյական կետից, փաստորեն, ինքն իր զրոյական կետից սկսում է հիմա՝արդեն  դեյուրե ասելով, որ ազգերի ինքնորոշման իրավունքն Արցախում կիրառելի չէ։ Միևնույն ժամանակ անկեղծ խոստովանեց, որ կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ հույս ունենալով, որ նույնատիպ պատասխան կլինի նաև Ադրբեջանի կողմից և նա կճանաչի ՀՀ 29 800 քառ.կմ տարածքը։ Շատ պրիմիտիվ խաղի կանոններ են առաջարկվում, որոնք որևէ կերպ չեն արտահայտում այսօրվա իրավիճակը։

-          Կառավարության նիստում, Լաչինի միջանցքի փակման վերբերյալ, վարչապետն ասաց, որ ԼՂ-ում և միջանցքում «ավելի լայն» միջազգային ներկայություն կարիք կա։ Սա Մինսկի խմբի վերագործարկման ակնա՞րկ է, թե՞ բացահայտ հակառուսական քաղաքականություն: Դա ի՞նչ խնդիրներ կարող է բերել։

-          Մինսկի խմբի ձևաչափը հստակ էր և բավականին արդյունավետ միչև 2016-2017թթ։ Մինսկի խմբի նախագահող երկրների միջև տարաձայնությունները զգալի էին։ Իհարկե չեմ ասի, որ դրանք փոխեցին համանախագահողների մոտեցումները Արցախի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ, բայց նրանց միջև եղած խնդիրները սկսեցին ազդել, Մինսկի խմբի համանախագոհողների՝ որպես մեկ միավոր գործունեության վրա։ ԱՄՆ-ն հետ քաշվեց, ֆրանսիան իմիտացիոն ակտիվություն էր ցուցաբերում, ինչի արդյունքում Մինսկի խումբը դարձավ ռուսական մոնոպոլիա։ Ինքս ցանկացած մոնոպոլիայի դեմ եմ։ Մենաշնորհը չի կարող օբյեկտիվորեն առաջ տանել որևէ գործընթաց՝ լինի դա քաղաքական, անվտանգային կամ նույնիսկ տնտեսական։ Հաշվի առնելով այսօրվա միջազգային հարաբերությունների վիճակը՝ ակնակալել միջազգային մեխանիզմներ և լոկ հայտարարել այդ ցանկության մասին, առանց մանրամասնելու և առաջարկելու դրա դետալները և սահմանելու քո տեսլականը, դառնում է միայն լոկ արտահայտություն։ Ես կուզեի, այնուամենայնիվ, լսել, թե ինչ մեխանիզմներ կուզի տեսնել Փաշինյանը՝ հաշվի առնելով այսօրվա աշխարհաքաղաքական բևեռացված իրավիճակը։

-          Մեխանիզմներից մեկը ԵՄ դիտորդների տեսքով ՀՀ սահմանին է, որոնց ներկայությունը չողջունվեց տարածաշրջանային երկներից և ոչ մեկի կողմից։ Սա հաշվի առնելով՝ ԵՄ-ի կատարած աշխատանքն արժե՞ր տարածաշրջանի երկրների՝ մասնավորապես Ռուսաստանի և Իրանի զայրույթին։

-          Ես բացարձակ դեմ չեմ որևէ առաքելության, որը կկրի կանխարգելիչ բնույթ, սակայն այդ առաքելության աշխարահագրությունը հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները, պետք է խորհդակցվեր մեր բոլոր հարևանների հետ, գոնե այն հարևանների՝ որոնք կարող են խնդիր տեսնել եվրոպական ներկայության մեջ։ Առաջին հերթին՝ Իրանի հետ։ Գիտենք, թե որքան լարված են հարաբերությունները Իրանի և Արևմուտքի միջև։ Եվրոպական ներկայությունը, վստահաբար, բացասական է ընդունվել Իրանում: Գուցե իրենք շատ չեն բարձրաձայնում, բայց դա այդպես է։ Արցախում տեղակայված է ռուսական խաղաղապահ կոնտինգենտը և, հրավիրելով եվրոպական քաղաքացիական առաքելություն, պետք է դա քննարկվեր ռուսական կողմի հետ։ Սա լրացուցիչ լարվածություն է հայ-ռուսական հարաբերությունների համար, տարածշրջանում լրացուցիչ խնդիրներ է ստեղծում։ Երկրորդը. ես, ԵՄ-ի հետ աշխատանքի փորձ ունենալով, անյնուամենայնիվ ԵՄ-ն ունի՞ բավարար գործիքակազմ, որը կարող է օգնել բարելավել տարածաշրջանում  անվտանգության որակը։ ԵՄ առաքելության որևէ զեկույց չեմ տեսել: Գուցե դրանց խողովակները շատ գաղտնի են և փակ բնույթ ունեն, բայց  զեկույցների արդյունքում ԵՄ-ից, առնվազն, պետք է հասցեական հայտարարություններ հնչեին, թե ո՞վ է մեղավոր հրադադարի ռեժմի խախտման մեջ, ո՞վ է սկսկել և այլն։ ԵՄ շարունակում է իր ստանդարտներով հայտարարություններ «արտադրել», կոչ անելով երկու կողմին, որը, պազապես, ոչ միայն չի աշխատում, այլև՝ անարդյունավետ է և ոգևորում է Ադրբեջանին:

-          Իշխանության այս քաղաքականությունը ո՞ւր կարող հասցնել երկիրը։ Ի վերջո, վարչապետն ամեն առիթով ասում է, որ սպասվում է էթինիկ զտում, ցեղասպանություն, բայց նաև հայտարարում է, որ պատրաստ է գնալ «խաղաղության պայմանագրի» ստորագրման, նույնիսկ եթե այն իրեն պարտադրում են և հայ ժողովրդի համար ցավոտ լուծումներ է ենթադրում։

-          Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարություններում ես տեսնում եմ շատ մանիպուլացիաներ։ Այն սկզբունքը, որ նա առաջարկում է ժողովրդին նշանակում է՝ կա՛մ ես, կա՛մ պատերազմ: Նախապայամանը հետևայալն է՝ եթե չանենք ինչպես ասում են, ապա կունենանաք ներսից պատերազմ, որը լի է ցավոտ լուծումներով: Այդ ցավոտ զարգացումները տեղի են ունենում շաբաթը մի քանի անգամ, որի արդյունքում հանձնում ենք ՀՀ սուվերեն տարածքները, ունենում ենք բազմաթիվ զոհեր։

-          Ինչո՞ւ կնքել այդ «խաղաղության պայմանագիրը», եթե վստահ ենք, որ Արդբեջանը դա չի կատարելու, ինչպես՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունը։

-          «Խաղաղության պայմանագիրը» բանակցելու և կնքելու համար պետք է հստակ հասկանալ թե ինչ ես ուզում։

-          29 800 քմ կմ։ Առայժմ Փաշինյանի միակ կարմիր գիծը սա է։

-          Դրա հետ ես համաձայն չեմ, միայն դա առաջ տանելը երբեք չի ապահովի մեր պետության և Արցախի անվտանգությունը։

-          Դիվանգիտական Ձեր փորձն ի՞նչ է հուշում, ի՞նչ կանխատեսումներ ունեք իրավիճակի վերաբերյալ, ինչպիսի՞ լուծում եք տեսում, որըկսպասարկի հայկական շահը և հայ ժողովրդի համար էլ ավելի ցավոտ չի լինի։

-          Ցավոտ չլինելու համար առաջին հերթին պատերազմից անմիջապես հետո պետք էր մշակել և իրականացնել գործողությունների ծրագիր, որը կհետապնդեր մեկ հիմնական նպատակ՝ բարձրացնել մեր անվտանգության որակը։ Դա ենթադրում է թե՛ պաշտպանունակության բարձրացում, թե՛ անվտանգությանը վերաբերող այլ մեխանիզմներ։ Իրավիճակն ինքնին թելադրում է դա անել։ Առանց այդ օրակարգի մշակման և իրականացման, առանց բարձացնելու այդ ամբիցիաները, դու, որպես պետություն, չես կարող քո շուրջն ունենալ վստահելի գործընկերներ։ Շահարակելով, մանիպուլյացիաներով՝ ռուսն է մեղավոր, եվրոպացին է լավ աշխատում կամ ռուսը լավ չի աշխատում, այդ եղանակներով և քաղաքական շահարկումներով անվտանգություն ապահովելն, առնվազն, մանկապարտեզ է։ Հայաստանն իրենից պետք է ներկայացնի անվտանգային ամրություններով պետություն, որը կդառնա տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության մաս, որպիսին էինք միչև պատերազմը։ Այսօր ես չգիտեմ, թե ին՞չ պրակտիկ քայլեր են ձեռնարկում մեր անվտանգության մակարդակը բարձրացնելու համար: Մյուս կողմից էլ՝ չենք կարողանում ձևավորել այն միջազգային ձևաչափը և միջավայրը, որը կօգնի մեզ առաջ տանել մեր թիվ մեկ՝ անվտանգային, օրակարգը։ Այսօր վստահության մթնոլորտը՝ մեր միջազգային գործընկերների հետ, գտնվում է ճգնաժամում։

-          Ներքաղաքական այս իրավիճակը, հասարակության բևեռացումները ի՞նչ խնդիրների կարող են բերել։

-          Հասարակության համար համերաշխությունը առաջնային հարց է, հատկապես մի երկրում, որն այսօր կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև։ Մեր հասարակական ամրությունները թուլացված են և այստեղ մեծ դեր պետք է ունենան և՛ իշխանությունը, և՛ քաղաքացիական հասարակության շրջանակներում գործող հիմանական խաղացողները։ Իշխանությանը ձեռնտո՞ւ է աշխատել այդ համերաշխության համար, ես դրանում վստահ չեմ։ Իմ գնահատմամբ, հասարակության հետ տարվում են աշխատանքներ՝ ունենալով շատ լոկալ, նեղ նպատակ՝ պահպանել սեփական իշխանությունը։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան