Վերջին օրերին մի
տեսակ անսպասելի գործընթացների ենք ականատես լինում, որոնք խոսում են այն մասին, որ
հանրային տիրույթում իշխանությունների նկատմամբ ակնհայտ անհանդուրժողականության փուլ
է սկսվել։ Մասնավորապես, օրերս մարզային այցերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղության
հովանոց նետվեց, մի քանի օր առաջ էլ մի քաղաքացի ուղիղ նայելով նրա երեսին փողոցում
գոռացել է «դավաճան», որից հետո նա բերման էր ենթարկվել ոստիկանության բաժին, ապա ժամեր
անց ազատ արձակվել։ Դրանից բացի, երիտասարդը նախօրեին հայտնել է, որ իր այդ քայլի համար
ազատվել է աշխատանքից։
Ըստ էության պետք
է արձանագրենք, որ Փաշինյանին Երևանի կենտրոնում «դավաճան» անվանած երիտասարդի հետ
կատարվածը՝ իր ողջ ողբերգականությամբ, կոմիզմով ու հակաիրավականությամբ հանդերձ, շատ
խորհրդանշական իմաստ ունի և արտահայտում է հայաստանյան քաղաքական իրականության բազմաթիվ
շերտեր։
Թերևս կարևոր է
փաստել, որ «դավաճանը» Արցախում ու Հայաստանում կատարված ողբերգությունները կանխորոշած,
իսկ հետագայում՝ նաև քաղաքական օրակարգ ձևավորող արտահայտություն է․ Նիկոլն, ինչպես
ինքն է խոստովանել, չի գնացել ղարաբաղյան հակամարտության ցավոտ զիջումների, իսկ հետո
նաև ավելի վաղ չի դադարեցրել պատերազմը՝ հենց «դավաճան» չորակվելու համար, ինչն արժեցել
է հազարավոր երիտասարդների կյանքեր։ Իհարկե, նա այդպես էլ «դավաճանի» պիտակից չխուսափեց,
և հետպատերազմյան ողջ դիսկուրսը մինչև օրս էլ ծավալվում է հենց դավաճանության, դավաճանի
կամ դավաճանների փնտրտուքի շուրջ։
Ստացվում է, որ
տվյալ երիտասարդը փողոցում խտացված կերպով ներկայացրել է այն հանրային-քաղաքական մթնոլորտը,
որում այսօր ապրում է Հայաստանը, և Փաշինյանի ականջը պետք է որ ամբողջությամբ սովորած
լիներ «դավաճան» վանկարկումին։ Այդ պիտակավորումը նրան խորհրդարանում ուղղում էին ընդդիմադիրները,
ամիսներ շարունակ այդ բառը քաղաքական գործիչների շուրթերից հնչում էր Երևանի փողոցներում,
այսօր էլ մամուլը ողողված է տարբեր քաղաքական դեմքերի, փորձագետների նույնական որակավորումներով։
Նրանցից որևէ մեկի դեմ Փաշինյանը լայն իմաստով ոչինչ չի ձեռնարկել, երբեմն՝ հակադարձել,
երբեմն՝ կուլ է տվել «դավաճան» արտահայտությունը։ Սակայն միանգամայն այլ է պարագան,
երբ այդ պիտակավորումը հնչում է քաղաքացու կողմից, որը պաշտպանված չէ որևէ ինստիտուցիոնալ
թիկունքով, քաղաքական թիմով և այլն։
Եթե անկեղծ, ապա
բոլոր «դավաճան» ասողներից առաջին հայացքից ամենաանվտանգը, թվում է, հենց այս՝ միայնակ
քաղաքացու պոռթկումն էր, բայց, փաստորեն, Փաշինյանը հենց նրա մեջ է տեսել ամենամեծ
վտանգը։ Այս միջադեպը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության իրական սպառնալիքները
տեսնում է ոչ թե ընդդիմության, ինստիտուցիոնալ առումով քիչ թե շատ կայացած տարբեր այլ
միավորների, այլ հենց հասարակ քաղաքացիների շրջանում։ Չմոռանանք, որ նույն նիկոլը քաղաքական
գործընթացներ է սկսել ու զարգացրել հենց «և այդ մեկ մարդը դու ես» կարգախոսով և փայլուն
գիտակցում է, որ նման օրինակները կարող են վարակիչ դառնալ և միավորել հազարավոր «և
այդ մեկ մարդկանց»՝ դառնալով մեծ քաղաքական փոփոխությունների առնվազն սկզբնաղբյուր։
Ըստ էության՝ Փաշինյանն իրեն ապահովագրված է զգում, պայմանականորեն ասած,
ուղղահայաց քաղաքական կառույցներից և վախենում է այն հնարավոր հանրային մոբիլիզացիայից,
որը կարող է տեղի ունենալ հորիզոնական կապերի, քաղաքացիների անհատական ու խմբային պոռթկումների
արդյունքում։ Այդ իսկ պատճառով՝ նա հրահանգում է ամենալկտի ձևով պատժել փողոցում ընդամենը
մի քանի անցորդների աչքի առաջ իրեն «դավաճան» անվանած երիտասարդին, հովանոց նետող կնոջը,
որպեսզի այդպիսով վախեցնի այն հազարավոր քաղաքացիներին, որոնք սպասում են Փաշինյանի
հետ իրենց պատահական հանդիպմանն ու «դավաճան» անվանելու իրենց ժամին։
Արմեն Հովասափյան









