Ավելի քան չորս
ամիս Արցախը շրջափակման մեջ պահելուց հետո ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը սահմանային
անցակետ է տեղադրել Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա՝ Արցախ-Հայաստան սահմանագծին՝
ամբողջովին զրկելով Արցախը որևէ լոգիստիկ հանգույցից։
Համաձայն Ադրբեջանի
պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրության՝ ապրիլի 23-ին՝ ժամը
12:00-ին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը
«Հայաստանի հետ սահմանին» տեղադրել է սահմանային անցակետ։ Այս հաղորդագրությանն անմիջապես
հաջորդեց Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագորությունը, ըստ որի, ադրբեջանական կողմը,
հերթական անգամ կոպտորեն խախտելով եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար
ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակել
է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ
զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում:
Այս հաղորդագրություններին
հաջորդեցին մի շարք գործողություններ, տարբեր աշխարհաքաղաքական բևեռներից հնչեցին կոչ-հորդորներ․ մասնավորապես,
Արայիկ
Հարությունյանը հրավիրեց ԱԽ հրատապ նիստ, որի ժամանակ քննարկվել էր վերջին զարգացումները
և Արցախի իշխանությունների համապատասխան անելիքները: ՀՀ ԱԳՆ-ն ևս հաղորդագրություն
էր տարածել՝ նշելով, թե այս քայլը միտված է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու
և Արցախն ամբողջությամբ հայաթափելու ադրբեջանական քաղաքականության հետևողական իրագործմանը։
ՀՀ ԱԳՆ-ն կոչ արեց ՌԴ-ին՝ ի վերջո կատարել եռակողմ հայտարարության 6-րդ կետով ստանձնած
իրենց պարտավորությունը, իսկ միջազգային անվտանգության մանդատով օժտված ՄԱԿ-ի անդամ
պետություններին՝ հստակորեն արձանագրել Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը
խարխլող գործողությունները և գործուն քայլեր ձեռնարկել միջազգային բարձրագույն դատական
ատյանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Մյուս բլոկն էլ
ավելի հետաքրքիր է, գրեթե նույնաբովանդակ․ Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարություն
էր տարածել՝ շեշտելով, որ անցակետի տեղադրումը հակասում է հրադադարի համաձայնագրերով
ստանձնած պարտավորություններին և վնասում է բանակցային գործընթացը։ ԱՄՆ Պետդեպի փոխխոսնակը
հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ԱՄՆ-ը խորապես մտահոգված է, քանի որ անցակետի
ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը:
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ էլ ասվում էր․ «Ապրիլի 23-ին տեղի ունեցած
վերջին զարգացումների կոնտեքստում հատուկ ընդգծում ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի
հայտարարության դրույթների ցանկացած միակողմանի խախտման անընդունելիությունը։ Կոչ ենք
անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին»:
Ըստ էության՝ իրավիճակն
Արցախում էլ ավելի բարդ ընթացք է ստանում՝ ինչպես տեղի բնակչության, այնպես էլ՝ ռուսական
խաղաղապահ կոնտինգենտի և ռուսական կողմի համար: Ակնհայտ է, որ Բաքվում Լավրովի՝ անցակետի
անընդունելիության մասին հայտարարությունից հետո ադրբեջանական կողմը փորձեց ժամանակ
չկորցնել և անցակետ տեղակայել՝ հստակ հասկանալով, որ ռուսական կողմը դրան դեմ գնալու
որևէ հստակ գործիք, բացի բանակցությունից, չունի:
Արձանագրեքն նաև,
որ ադրբեջանական կոցմը փորձ է սրել իրավիճակը նաև այս կոնտինգենտի հետ, ադրբեջանական
մամուլը զուգահեռաբար մեծ թափով աշխատում է ՌԴ դեմ, ընդհանուր առմամբ օգտագործում ՌԴ
ներկայիս աշխարհաքաղաքական անկայուն դիրքը ԼՂ-ում անշրջելի իրավիճակի հասնելու նպատակով:
Իսկ թե ինչ դիվանագիտական հաշվարկով է առաջնորդվում ներկայումս ռուսական դիվանագիտությունը,
և որոնք են նրա հստակ մտադրությունները՝ դժվար է ասել, քանի որ ներկայումս ՌԴ համար
բարդ է իրավիճակ է ստեղծվել. մի կողմից՝ չկա աջակցություն, հստակ հենարան Նիկոլ Փաշինյանի
կողմից, մյուս կողմից՝ կա Թուրքիայի գործընկեր Ադրբեջանը, որի հետ իբրև թե ՌԴ-ն լուրջ
խնդիր չունի, բայց այս հարցով ՌԴ-ն հայտնվել է Ադրբեջանի քայլերի թիրախում, քանի որ
ռուսական ներկայությունը, ի վերջո, Ադրբեջանին խանգարում է վերջնական հասնել իր նպատակներին:
Ավելին, ստեղծված
իրավիճակում ՌԴ-ն առաջնորդվում է իրավիճակը չսրելու հետաքրքրությամբ և մարտավարությամբ,
որը բացարձակ չի աշխատում, քանի որ Ադրբեջանը հստակ հասկանում է, որ ժամանակ չպետք
է կորցնի: Ինչպես տեսնում եք, մշտապես այս հարցով զբաղվող Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ևս Արցախի
մասով բավականին պասիվ՝ դիտորդի դերում են։
Աշխարհաքաղաքական
այս «ռասկլադում» կարելի է եզրակցնել, որ ռուսական կողմը փորձում է նախնական խաղաղապահ
կոնտինգենտին հասցնել մինչև տեղակայման ժամկետի ավարտ, որից հետո իր համար բարենպաստ
աշխարհաքաղաքական իրավիճակի պարագայում կփորձի երկարաձգել, բայց ներկայումս առաջնորդվում
է չսրելու մարտավարությամբ, ինչը փաստացի ձախողվում է:
Արմեն Հովասափյան









