Foto

ՀՀ արտգործնախարարը եւ ՌԴ փոխարտգործնախարարը Երեւանում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի եւ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցերը եւ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Կողմերը նշել են ռուս-հայկական դաշնակցային փոխգործակցության դրական դինամիկան։ Ընդգծվել է երկխոսության առաջընթաց զարգացումը բարձրագույն եւ բարձր մակարդակներում, ինչպես նաեւ պրոֆիլային գերատեսչությունների, խորհրդարանական համագործակցության, միջտարածաշրջանային շփումների եւ մշակութային կապերի խորացումը։ Նշվել է առեւտրատնտեսական հարաբերությունների ռեկորդային դինամիկան։ Գոհունակություն կա միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի եւ Հայաստանի գործունեության համակարգման աստիճանից»,- նշվել է հաղորդագրությունում։ Հանգամանալիորեն քննարկվել է տարածաշրջանի ընթացիկ իրավիճակը, գլխավորապես՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում իրադրության բարդացման հետ կապված՝ լուրջ անհանգստության համատեքստում։

«Անհրաժեշտ է համարվել ակտիվացնել ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններում՝ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադբեջանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածություններին համապատասխան»,- նշվել է հաղորդագրությունում։

Նշվել է, որ Մ.Գալուզինը նաեւ խորհրդակցություններ է անցկացրել ՀՀ փոխարտգործնախարար Վ.Գեւորգյանի եւ Մ. Սաֆարյանի հետ։