Foto

Անցակետ տեղադրելն ավելի է վատացնելու իրավիճակը և չի նպաստելու լարվածության նվազեցմանը․ ԵԽ գլխավոր քարտուղար. Aravot.am

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելն ինքնին հարց է առաջացնում, թե ինչպես է այդ միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվելու։ Դա, վստահաբար, ավելի է վատթարացնելու իրավիճակը այդ տարածքում և չի օգնելու վստահության կառուցմանն ու լարվածության նվազեցմանը: Այս մասին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստին, գրում է Aravot.am-ը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ն որոշեց հրատապ բանավեճ կազմակերպել ոչ թե Լաչինի հարցով, այլ Մոլդովայի թեմայով, ուստի ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ պատվիրակ Ֆրանկ Շվաբեն ԵԽ քարտուղարին հիշեցրեց՝ Վեհաժողովն այսօր որոշեց՝ ոչ թե Լաչինի միջանցքի հարցով է կազմակերպվելու հրատապ ընթացակարգով քննարկում, այլ Մոլդովայի, քանի որ հունիսի նստաշրջանի ընթացքում Լաչինի միջանցքի հարցով զեկույց է լինելու։ Այնուհետև հարցրեց՝ ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ այս հարցով՝ ինչպե՞ս կարող ենք մենք կանխարգելել հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, հիշեցնելով նախկինում իր կողմից արված հայտարարություններն, ասաց․ «Ես դեկտեմբերին իմ կարծիքը հստակ արտահայտել եմ, երբ սկզբում շրջափակվեց Լաչինի միջանցքը։ Ես կարող եմ վերահաստատել այն։ Կոչ եմ անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Մենք նաև ունեն դատարանի որոշում այս պահանջով։ Այնպես որ, ես կարող եմ ասել, որ պետք է Լաչինի միջանցքը բացվի, քանի որ դա արդեն հումանիտար ճգնաժամ է առաջացել։ Իսկ երբ այն այժմ ամբողջովին փակված է, դա արդեն երևակայությունից վեր է, թե ինչպիսի իրավիճակում են այն մարդիկ ապրում, որոնք այդ տարածքում եմ»։

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչով դիմեց Ադրբեջանին ու Հայաստանին։ Նա մասնավորապես հայտարարեց․ «Երկու կողմերը վերջին շրջանում հանդիպում են, ամենաբարձր մակարդակով բանակցում։ Երկու երկրներն էլ հանձնառություն են ստանձնել աշխատել տարածաշրջանում խաղաղության համար։ Երկու կողմերին ուզում եմ հիշեցնել այն խոստումը, որը տվել են՝ աշխատել խաղաղության համար»։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կարևորեց Լաչինի միջանցք մուտքի հարցը ու հայտարարեց․ «Հասկանալու համար, թե ինչ է այնտեղ կատարվում, պետք է ապահովվի մուտքի հնարավորություն մեր կառույցների համար։ Մինչև այժմ ԵԽ կառույցները հնարավորություն չեն ունեցել այցելել այդ տարածք․ հույս ունեմ , որ այս իրավիճակը կփոխվի։ Մեր կողմից այդ տարածք մուտքի հնարավորությունը միակ ճանապարհն է, որ կարողանանք այս հարցով ունենալ ազդեցություն և հստակ գնահատենք իրավիճակը»։