Օդում տարածված լուրերի համաձայն՝ փակ դռների հետևում կրկին կայացվում են որոշումներ և շատ հնարավոր է, որ այդ որոշումները ի նպաստ չլինեն ակադեմիայի կողմից առաջարկված տեսլականին։ Այս մասին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում ասաց ԳԱԱ ակադեմիկոս քարտուղար Արթուր Իշխանյանը։
«Եթե արհեստական բանականությանը հարցնենք ԳԱԱ-ի մասին, այն բերում է որոշակի տեղեկություն և եթե հարցնենք, թե ինչ խնդիրներ կան ԳԱԱ առջև, այն թվարկում է այն խնդիրները, որոնց մասին մենք արդեն գիտենք։ Գեներացված վերջին նախադասությունը կհնչի այսպես՝ ընդհանուր առմամբ՝ ՀՀ ԳԱԱ հետագա զարգացումը կախված կլինի փոփոխվող հանգամանքներին հարմարվելու, գիտական գերազանցությունը պահպանելու և տաղանդավոր հետազոտողներ ներգրավելու և պահելու նրա կարողություններից։
Տեղի են ունեցել հանդիպումներ նաև Ակադեմիայում, քննարկվել է մեր տեսակետը, եղել է նաև ոչ ֆորմալ հանդիպում, որի ընթացքում տրվել են շատ սուր հարցեր։ Այս ամենի արդյունքում ամրապնդվեցին այն տեսակետները, որ Հայաստանիհ համար նպատակահարմար է դանդաղ զարգացումների ուղին։ Օրինակ՝ նրանք չափազանց համաձայն են, որ գիտության և կրթության ինտեգրումը պետք է իրականացվի չափազանց զգույշ և դանդաղ, հարկավոր է խուսափել չափից ավելի արագ վերակազմավորումներից։ Մեծ պայթյունի բարեփոխման ռիսկն այն է, որ Հայաստանի հետազոտական բազան ավելի շուտ կխաթարվի, քան կամրապնդվի։ Այն տեսլականը, որ ԳԱԱ-ն մշակել է անցած տարի, միարժեք հավանության է արժանացել հանձնախմբի կողմից։ Այդուհանդերձ, օդում տարածված լուրերի համաձայն՝ փակ դռների հետևում կրկին կայացվում են որոշումներ և շատ հնարավոր է, որ այդ որոշումները ի նպաստ չլինեն ակադեմիայի կողմից առաջարկված տեսլականին։
Նաիրի Զարյանի խոսքերով՝ Սև ամպն է վիշապել ազատ Մասյաց գլխին։ Մեզ բոլորիս կոչ եմ անում պայքարել դրա դեմ և մենք պայքարելու ենք։ Ես ակնկալում եմ մեր բոլորի աջակցությունը, որովհետև միայն ու միայն միահամուռ դիմակայության դեպքում է հնարավոր կանխել նմանօրինակ արատավոր պրակտիկան», – ասաց Արթուր Իշխանյանը։
Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։









