Օրերս Մոսկվայում
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց,
որ Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի
նախագծի համաձայնեցման վերջնական փուլում են: Նա նշեց, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում
են ճիշտ ճանապարհով, բարձրաստիճան պատվիրակությունները տարբեր մակարդակներում հանդիպում
են, քննարկում տարբեր հարցեր, երկու երկրների ղեկավարները մշտապես անմիջական շփման
մեջ են: Աբդոլլահիանը հույս ունի, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմավարական համագործակցության
մասին համապարփակ համաձայնագրի նախագիծը վերջնականապես կհամաձայնեցվի առաջիկա ամիսներին:
Ըստ էության՝ նման
համաձայնագրի կնքման ճիշտ ժամանակն է, քանի որ Իրանի ու ՌԴ շահերը թե ռեգիոնում, թե
աշխարհում համընկնում են վերջին մեկ տարվա իրադարձությունների բերումով։ Գաղտնիք չէ,
որ արևմտյան կոալիցիան աշխատում է ՌԴ-ի, Չինաստանի, Իրանի դեմ, այստեղ էլ արդեն նոր
կոալիցիաներ են նշմարվում, հենց սա էլ նոր աշխարհակարգի ձևավորման ճանապարհն է։
Ի դեպ, ինչպես տեսնում
ենք, Իրանի դեմ գործողություններ չեն բացառվում, Իսրայելը չի թաքցնում, որ սպասվում
են օդային հարվածներ Իրանի դեմ, և այստեղ Իսրայելը դրանք հետաձգելու ցանկություն չունի,
թեև Թուրքիան ընտրական փուլ է թևակոխում, իսկ ԱՄՆ-ը ուղիղ չի ողջունում ներկայումս
այս մտադրությունը։ Նոր ձևավորվող և բևեռացված աշխարհում փոքր երկրներն իրենք են ընտրում,
թե որ բևեռում են։ Հայաստանի դեպքում տպավորություն է, թե կա ցանկություն շարժվելու
այլ ուղղությամբ, սակայն ինչպես ցույց է տալիս յուրաքանչյուր խորքային վերլուծություն,
շահերի տեսանկյունից ՀՀ-ն այլընտրանք չունի, հատկապես՝ ներկայումս, երբ Իրանն է հանդես
գալիս ՀՀ անվտանգության և տարածքային ամբողջականության օգտին։ Դրան զուգահեռ մենք տեսնում
ենք (վկա Տեղ գյուղի վերջին ողբերգական իրադարձությունները), որ Արևմուտքը դա չի անելու
և փաստացի մեր տարածաշրջանում առաջ է տանում բացառապես իր աշխարհաքաղաքական շահը։
Ստեղծված իրավիճակում
մենք տեսնում ենք, որ Իրանի ու ՌԴ-ի պարագայում, քաղաքականությունը որոշում են շահերը։
Մոսկվայում ևս իրանական կողմը շեշտեց, որ թույլ չի տալու սահմանների փոփոխություն,
դա վերաբերում է Հայաստանին, ՌԴ-ն իր հերթին՝ դրան դեմ չէ։ Ուստի ռուս-իրանական նոր
համաձայնագիրն ի օգուտ ՀՀ շահի է, իսկ արդյունքը կախված է նրանից, թե դա ինչպես կտնօրինեն
ՀՀ իշխանությունները։
Արմեն Հովասափյան









