Foto

Կատարողական կոչվածի իրական երեսը

Արդեն չորրորդ օրն է Հայաստանի խորհրդարանում քննարկվում է կառավարության 2022 թվականի գործունեության կատարողականը։ Հավելենք, որ քննարկումն ընթանում է դեմքերի՝ հիմնականում բթամիտ, տեղ-տեղ՝ մտահոգ, ընդհանուր առմամբ՝ անդարդ արտահայտության պայմաններում։ Իշխանությունը ներկայացնում է նախորդ տարվա իր ձեռքբերումները, ընդդիմադիրներն էլ հարցեր են ուղղում այդ ձեռքբերումների այս կամ այն թերության, պակաս դրական լինելու մասին։ Այս քննարկումներին հետևող անտեղյակ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե խոսքն իդեալական անվտանգային համակարգ ունեցող, բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանված, միջինից բարձր բարեկեցությամբ պետության մասին է, որի հիմնական խնդիրը բյուջետային միջոցների արդյունավետ բաշխումն է ու «ինստիտուցիոնալ բարեփոխումների տեմպը»։ Եթե ավելի ռեալ, ապա այն, ինչ չորս օր է տեղի է ունենում խորհրդարանում, ամենամեղմ ձևակերպմամբ՝ խեղկատակություն է ու երեսպաշտություն, մարդկային ու քաղաքական անբարոյականության ցուցք։

Թերևս չպետք է մոռանալ, որ 2022 թվականին Հայաստանն ապրել է 44–օրյա պատերազմին հաջորդած ամենաբարդ տարին, որի ընթացքում՝ սեպտեմբերին տեղի է ունեցել ամենամեծ ռազմական էսկալացիաներից ամենաարյունալին՝ 200-ից ավելի զոհերով։ Նույն 2022-ի դեկտեմբերից ադրբեջանցի «էկոակտիվիստները» փակել են Բերձորի միջանցքը, դրանից առաջ Հայաստանի իշխանության հանցավոր համաձայնությամբ արդեն իսկ Ադրբեջանին է հանձնվել Բերձորի շրջանն ամբողջությամբ։

Ավելին, նույն հաշվետու 2022-ին, Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել հարյուրավոր հեկտար Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա։ Այսինքն՝ նախորդ տարվա ընթացքում կառավարությունն ամբողջությամբ տապալել է իր հիմնարար գործառույթների՝ երկրի տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության ապահովման սահմանադրական պարտականությունների կատարումը, իսկ Արցախի ճակատագիրն ամբողջությամբ թողնվել է ադրբեջանցիների ու ռուսների տնօրինմանը։ Ընդ որում, խոսքը մի կառավարության մասին է, որը 2021 թվականի արտահերթ ընտրություններում իշխանության է եկել Շուշիի ու Հադրութի ապաօկուպացիայի, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանության խոստումներով։ Ասել է թե, հաշվետու տարում բոլոր այդ ուղղություններով կառավարությունն արձանագրել է տոտալ տապալում, ինչի մասին այդ քննարկումներում խոսվեց այնքան քիչ, որքան հնարավոր էր, իսկ Արցախի մեր հայրենակիցների ճակատագիրը Հայաստանի խորհրդարանում ընդհանրապես մոռացության մատնվեց։

Այս ամենի փոխարենը՝ իրեն բնորոշ ճոռոմաբանությամբ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց առավելապես ուկրաինական պատերազմի պատճառով արձանագրված ՀՀ տնտեսության դրական զարգացումները, փռված ասֆալտների կիլոմետրերն ու ավելացված աշխատավարձերի տոկոսները։ Գլոբալ ուղերձը, որով այս քննարկումներով իշխանությունը հղում է հասարակությանը, հետևյալն է՝ կարևորը ոչ թե Արցախն է, ոչ թե ՀՀ անվտանգությունը, այլ այն, որ տարածքներում, որոնք Ադրբեջանը դեռ չի հասցրել գրավել, մեզ հաջողվում է ասֆալտ փռել և տնտեսական աճ ապահովել, թուլացեք ու հաճույք ստացեք ձեզ բաժին հասած տնտեսական աճից, քանի դեռ ադրբեջանցիները չեն մոտեցել ձեր բնակավայրերին։

Չմոռանանք, որ Փաշինյանը բացառապես առաջնորդվում է «հաց և տեսարաններ» ավանդական մոդելով հացն ապահովում է իրենից անկախ գործոններով պայմանավորված տնտեսական աճը, տեսարանները՝ ադրբեջանցի զինվորները։ Նրան չի հուզում, որ տեսարանները, որպես կանոն, ողբերգական հետևանքներ են ունենում, կարևորն այն է, որ մարդիկ տեսարանների ողբերգականության դեպքում անգամ մտածեն միայն հացի մասին։

Արմեն Հովասափյան