Foto

Որևէ տեսակի օգնություն չպետք է տրվի Բաքվի ռեժիմին. մենք չպետք է «անկողին մտնենք» նման կառավարությունների հետ. Մենենդես

ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների  հարցերով հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ Ցեղասպանության ճանաչումից հետո էլ շատ անելիք կա ոչ միայն այն պատճառով, որ Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը թաքցնելու փորձերը, այլև որ Ադրբեջանն անօրինական շրջափակման մեջ է պահում Արցախը:

«Մենք հիշում ենք 1,5 միլիոն զոհերին ոչ միայն այն բանի համար, թե ինչպես են նրանք մահացել: Մենք նաև հիշում ենք, թե ինչպես են նրանք ապրել: Հայոց պատմության և մշակույթի մեջ նրանց ունեցած ավանդն ապրում է մինչ օրս»,-ասաց Մենենդեսը՝ հիշեցնելով, որ իր կնոջ պապիկը Հայոց ցեղասպանության զոհերից մեկն է: Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կանգնած են մարդասիրական ճգնաժամի առաջ և բախվում են էթնիկ զտումների սպառնալիքի: Սենատորի խոսքով, 2020 թ.-ին Բաքվի սանձազերծած պատերազմի հետևանքով մոտ 100 հազար հայ է տեղահանվել Լեռնային Ղարաբաղից:

«Ըստ իս՝ Միացյալ Նահանգների արձագանքն անընդունելի է: Ուստի ես պնդում եմ ավելի շատ հումանիտար օգնություն ուղարկել՝ աջակցելու ինչպես Հայաստանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում տուժածներին»,- ասել է Մենենդեսը, հավելել՝ հավաստիացում է ստացել պետքարտուղար Էնթոնի Բլինքենից, որ քայլեր կձեռնարկվեն Լեռնային Ղարաբաղում գտնվող հայերին ավելի շատ օգնություն տրամադրելու ուղղությամբ:

Մենդենդեսը նաև անթույլատրելի է համարել ԱՄՆ կողմից ռազմական և այլ աջակցությունը Բաքվի ռեժիմին՝ հաշվի առնելով ադրբեջանցի զինվորականների կողմից հայ անզեն զինվորների խոշտանգումները:

«Ես խստորեն դեմ եմ, որ որևէ տեսակի օգնություն տրամադրվի մի ռազմական ուժի, որը հայտնի է հարևան պետության դեմ պատերազմական հանցագործություններով և ագրեսիայով: Մենք չպետք է «անկողին մտնենք» Ադրբեջանի նման կառավարությունների հետ: Դա աններելի է, դա բարոյապես խորշելի է և դա պետք է դադարի:

Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը ոչ միայն վնասում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերը, այլև դեմ է մեր պարտավորությանը՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերին և ողջ մնացածներին, ինչպես նաև մեր պարտավորությանը՝ համոզվելու, որ պատմությունը չկրկնվի»,-ընդգծել է Մենենդեսը: