Foto

Բայդենը օրենք է ստորագրել COVID-19-ի ծագման տեղեկատվության գաղտնազերծման մասին

Նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի ստորագրել է օրենք, որը պահանջում է գաղտնազերծել COVID-19-ի ծագման հետ կապված  տեղեկատվությունը, հայտնել է Սպիտակ տունը։

Բայդենն ասել է, որ համակարծիք է Կոնգրեսի հետ COVID-19-ի ծագման մասին որքան հնարավոր է շատ տեղակատվություն հրապարակելու հարցում։ «Այս օրենքը կիրառելով՝ իմ վարչակազմը կգաղտնազերծի եւ որքան հնարավոր է շատ տեղեկատվություն կհրապարակի ՝ իմ սահմանադրական լիազորություններին համապատասխան ՝ պաշտպանելով ազգային անվտանգությանը վնասող տեղեկատվության հրապարակումը», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ:

Օրինագիծն առանց առարկության անցել է Սենատում եւ Ներկայացուցիչների պալատում՝ մինչեւ Սպիտակ տուն ուղարկելը:

Վաշինգտոնում կորոնավիրուսի համավարակի ծագման մասին խիստ քաղաքականացված բանավեճերն ընթանում են այն ​​ժամանակվանից, երբ 2019 թվականի վերջին Չինաստանի Ուհան քաղաքում գրանցվեցին մարդկային հիվանդացության առաջին դեպքերը:

Բանավեճերը վերսկսվեցին անցյալ ամիս, երբ Wall Street Journal թերթը հայտնեց ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցի մասին, որում ենթադրվում էր, որ համավարակը, հավանաբար, առաջացել է չինական լաբորատորիայից արտահոսքի պատճառով: Պեկինը հերքում է բոլոր մեղադրանքները:

ՀԴԲ-ն նույնպես կարծում է, որ համավարակը, հավանաբար, առաջացել է չինական կենսալաբորատորիայի արտահոսքի հետեւանքով: Եվս չորս հետախուզական ծառայություններ դեռեւս կարծում են, որ համավարակը սկսվել է կենդանիներից մարդուն վիրուսի բնական փոխանցման արդյունքում, եւս երկու գործակալություն դեռեւս վերջնական որոշում չի կայացրել։

ԱՄՆ-ի բազմաթիվ պաշտոնյաներ հայտարարել են, որ համավարակի ծագման մասին հնարավոր է  երբեք ճշգրիտ տեղեկատվություն չլինի: Չինաստանը հայտարարել է, որ պնդումները, թե լաբորատորիայից արտահոսքն է, հավանաբար, առաջացրել համաճարակը, «արժանահավատ չեն»:

Բայդենը նշել է, որ ինքը հատուկ ծառայություններին հանձնարարել է հետաքննել COVID-19-ի ծագումը 2021 թվականին՝ հավելելով, որ աշխատանքները շարունակվում են։ Նախագահի խոսքով, վարչակազմը կշարունակի ուսումնասիրել ամբողջ գաղտնի տեղեկատվությունը, ներառյալ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի հետ համավարակի սկզբնաղբյուրների հնարավոր կապերը:

«Մենք պետք է հասկանանք COVID-19-ի ծագումը, որպեսզի հետագայում ավելի լավ կանխենք համավարակները», - ասել է նախագահը։