Խորհրդարանում կառավարության
հարցուպատասխանին, ի թիվս մի շարք անհասկանալի ու հակապետական հայտարարությունների,
Նիկոլ Փաշինյանը վերամբարձ հայտարարություններ էր անում ներքին առևտրի շրջանառության ավելացման վերաբերյալ, 30 տոկոսանոց աճերից էր խոսում։
Հայտարարությունն ու կենացն
իրենց հերթին, բայց թե ինչքանո՞վ են սպառողներն իրենց վրա զգացել այդ
աճերը, իրենք ավելի լավ կասեն։ Չնայած Հայաստանում արձանագրվող
երկնիշ տնտեսական աճերին՝ մանրածախ առևտրի հատվածում սպառումը գրեթե չի ավելանում,
աճը զրոյին մոտ է։ Ընդ որում, դա տեղի է ունենում զբոսաշրջային բավական մեծ հոսքերի,
ինչպես նաև Ռուսաստանից Հայաստան տեղափոխված տասնյակ-հազարավոր քաղաքացիների առկայության
պայմաններում, որոնք լրացուցիչ, անհամեմատ բարձր պահանջարկ են ձևավորել ներքին
շուկայում։ Բայց անգամ այդ պայմաններում սպառման ծավալները գրեթե չեն աճում։
Մասնավորապես, մանրածախ
առևտրի շրջանառությունը տարեսկզբի երկու ամիսներին՝ նախորդ տարվա համեմատ, ավելացել
է ընդամենը 0,9 տոկոսով։ Այն դեպքում, երբ նախորդ տարվա այդ շրջանում դեռևս տասնյակ-հազարավոր
Ռուսաստանի քաղաքացիներ չէին տեղափոխվել Հայաստան։ Չկային նաև զբոսաշրջային այն մեծ
հոսքերը, որոնք արձանագրվել են այս տարվա ընթացքում։
Այս տարեսկզբի առաջին
երեք ամիսներին Հայաստան է այցելել 450 հազար զբոսաշրջիկ, ինչը գրեթե 200 հազարով ավելի է նախորդ տարվանից։ Ակնհայտ է, որ դրսից մարդկային այսպիսի հսկայական հոսքերը ներքին
սպառողական շուկայում բավական մեծ լրացուցիչ պահանջարկ են ձևավորել։ Հատկապես, եթե
հաշվի առնենք նրանց վճարունակության մակարդակը՝ ի տարբերություն ՀՀ քաղաքացիների։ Բայց
անգամ այդ պայմաններում մանրածախ առևտրի ծավալները նախորդ տարվա համեմատ՝ 1 տոկոսից
պակաս աճ են արձանագրել (փետրվարին աճը նույնիսկ ավելի քիչ է եղել՝ նախորդ տարվա համեմատ,
ընդամենը 0,6 տոկոս)։
Ոչ ոքի համար գաղտնիք
չէ, որ եթե չլինեին մարդկային նման մեծ հոսքեր, չէր լինի նաև մանրածախ առևտրի այդ չնչին
աճը՝ նույնիսկ իշխանություններին այդքան ոգևորած երկնիշ աճերի պայմաններում։ Թվում
էր, թե այդ աճերը պետք է նպաստեին մարդկանց վճարունակության բարձրացմանն ու սպառողական
պահանջարկի ավելացմանը, բայց, ինչպես վկայում են պաշտոնական վիճակագրության տվյալները,
չկա նման բան։
Իշխանությունները մոլորության
մեջ են, և սթափեցման համար ուղղակի ասնեք, որ մեր քաղաքացիների սպառողական պահանջարկը
մի բան էլ ընկել է։ Նրանք ավելի քիչ են սպառում, քան սպառում էին նախկինում, երբ դեռևս
չկային այսօրվա կամ վերջին մեկ տարվա երկնիշ տնտեսական աճերը։ Սրա բացատրությունը մեկն
է՝ արձանագրվող տնտեսական աճերից հասարակությունը կամ նրա մեծ մասն անմասն է մնում։
Մինչև իշխանության գալը մեղադրում էին նախկիններին, որ տնտեսական աճերից միայն իրենք
են օգտվում, իսկ հասարակության հիմնական մասին դա հասանելի չէ։ Ուստի՝ խոստանում էին
տնտեսության մեջ ստեղծվող արդյունքը համաչափ բաշխել հասարակության բոլոր խմբերին։ Այսօր
էլ առիթի դեպքում նույնն են կրկնում։ Բայց, ինչպես տեսնում ենք, դրանք էլ դատարկ խոսքեր
են, ինչպես այն բազմաթիվ խոստումները, որոնցով 5 տարի շարունակ խաբել ու մոլորեցրել
են հասարակության մեծ զանգվածներին՝ անելով իրենց սև գործը։ Բացի այն, որ մեր տնտեսության
աճերը ներառական չեն, նաև աճի կառուցվածքն է անորակ։
Բանն այն է, որ տնտեսության
այն հատվածները, որոնք պիտի նպաստեին ՀՆԱ որակի բարելավմանը և մարդկանց եկամուտների
ավելացմանը, հիմնականում չեն աճում։ Մեծ տեմպերով աճում է առևտուրը, ընդ որում՝ նաև
ներքին առևտուրը։ Ընդգծենք, սակայն, որ արտաքին առևտրի աճերը ևս քաղաքացու սպառողական
պահանջարկի ավելացման հետ կապ չունեն։ Դրանք գնում են հիմնականում այլ երկրների պահանջարկը
բավարարելուն։ Մեր սպառողական շուկայում պահանջարկի աճ գրեթե չկա։ Եվ դա վերաբերում
է առաջին հերթին ՀՀ քաղաքացիների կողմից ձևավորվող պահանջարկին, ավելին, Հայաստանի
քաղաքացիների ներկայացրած համընդհանուր պահանջարկը նույնիսկ նվազել է։ Վճարունակ պահանջարկի
նվազումը վերաբերում է հասարակության մեծ մասին, ովքեր ցածր եկամուտների ու բարձր գների
պայմաններում ստիպված են ավելի քչով բավարարվել, կրճատել ծախսերն ու սպառումը։
Հասկանալով, որ իրականում
ոչինչ չի ստացվում, սրանք հույսը դրել են այստեղից-այնտեղից ապրանքներ բերելու ու Ռուսաստան
տանելու, ինչպես նաև արտաքին պահանջարկով պայմանավորված՝ ծառայությունների ժամանակավոր
պիկերի վրա, որոնք մեծապես նպաստում են տնտեսության երկնիշ աճերի ձևավորմանը, բայց
ոչ երբեք տնտեսության զարգացմանը, արտադրական կարողությունների ավելացմանը, պոտենցիալի
բարձրացմանը և տնտեսական աճի որակի բարելավմանը։ Տնտեսությունն ու հասարակության մեծ
մասն այս ամենից գրեթե ոչինչ չի շահում։ Շահում են նրանք, ովքեր, ինչպես ժամանակին
սիրում էր կրկնել Նիկոլ Փաշինյանը, մոտ են գտնվում իշխանության կերակրատաշտին։
Արմեն Հովասափյան









