Foto

Ձևական զանգ, թե՞ պրիմիտիվ «կռուտիտ»

Վերջին շրջանում հայ-ռուսական խնդրահարույց, մինչև անգամ ճգնաժամային հարաբերությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանն հերթական անգամ զանգահարել է Վլադիմիր Պուտինին: ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության համաձայն, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամը:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է«Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում Փաշինյանը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ»: Ի դեպ՝ գրեթե նույնական էր ռուսական կողմի տարածած հաղորդագրությունը՝ մի քանի նրբություններով: Նշվել էր, որ հեռախոսազանգը նախաձեռնել է հայկական կողմը, ինչպես նաև արձանագրվել էր, որ քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններում ակտուալ թեմաները: Հավելենք, որ Փաշինյան-Պուտին նախորդ հեռախոսազրույցը կայացել էր մարտիին, և դարձյալ հեռախոսազանգը նախաձեռնել էր հայկական կողմը:

Ըստ էության՝ այն ֆոնին, երբ Հայաստանն իր համար արտաքին քաղաքական այլ գործընկերներ է ընտրել Արևմուտքում, ակնհայտ է, որ այս հեռախոսազանգերը կրում են պարզապես բարձրաստիճան շփումները կտրուկ չդադարեցնելու և որոշակի երկխոսություն պահպանելու նպատակ: Անհերքելի է, որ հայ-ռուսական հարաբերություններում ներկայումս առկա մակարդակը, հարաբերությունների որակը չափազանց վատն է՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ապիկար թիմի ջանքերի և միակողմանի ակնկալիքների պատճառով:

Թերևս կարող ենք տրամաբանական եզրակացութուն անել, որ այս հեռախոսազանգերը, որևէ լուրջ հարց չեն լուծում այդ հարաբերությունների համար, այլ կրում են հերթապահ բնույթ: Իսկ բովանդակային քննարկումներ Երևանը վարում է ոչ թե Մոսկվայի, այլ Արևմուտքի՝ Բրյուսելի ու Վաշինգտոնի հետ, սա փաստ է: Սակայն անվտանգության հետ կապված բոլոր բողոքներն ուղղվում են Մոսկվային՝ նույնիսկ այն դեպքում, երբ ՀՀ-ում ոչ թե ՀԱՊԿ, այլ ԵՄ դիտորդներ են: Այդ իսկ պատճառով, ստեղծված իրավիճակում նույնիսկ հասկանալի չէ, թե հայաստանյան իշխանություններն ի՞նչ են ցանկանում Ռուսաստանից: Սրանք շատ փոքր թեմաներ են այն ամենի համեմատ, ինչ կատարվում է Հարավային Կովկասում՝ իրանական ուղղությամբ: Դա ամենաթեժ ուղղությունն է, և հայ-ադրբեջանական, հայ-ռուսական, ինչպես նաև Ղարաբաղյան թեմաները դառնում են երկրորդ-երրորդական, քանի որ Իրանը դառնում է որոշիչ գործոն և Իրանի շուրջ զարգացումներն են կանխորոշելու զարգացումներն այլ ուղղությամբ և հատկապես հայ-ադրբեջանական ու Ղարաբաղյան: Հենց այդ պատճառով ադրբեջանական մեդիադաշտում գրվում է ոչ այնքան Երևանի, որքան Թեհրանի մասին:

Այս ֆոնին, բավականին հետաքրքիր են Երևան-Բաքու զարգացումները, այսպես կոչված, «Խաղաղության համաձայնագրի» կնքման առնչությամբ: Ստացվում է, որ պատերազմից երկու տարի անց այդ ուղղությամբ չկա որևէ առաջընթաց: Երևանին հաջողվել է գործընթացը տեղափոխել Արևմուտք, և դեռ չկա այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ Ադրբեջանը համաձայնեց այդ խաղին:

Փաստենք, ոչ այս ամենի կարևորությունը նվազել է Իրանի շուրջ հնարավոր զարգացումների կոնտեքստում, որն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանը վերադարձել է Հարավային Կովկասում իր պատմական դերակատարությանը, որը, բնականաբար, խնդրահարույց է շատ կենտրոնների համար։

Արմեն Հովասափյան