Ցանկացած
պետություն ունի պոզիտիվ պարտավորություններ, որոնց կատարումը տվյալ պահի իշխանության
ուղղակի պատասխանատվության տիրույթում է։ Բազմաթիվ այդպիսի պարտավորությունների թվում
կենսական նշանակություն ունի քաղաքացիների կյանքի իրավունքի, պետության տարածքային
ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության ապահովումը։ Դրանք պետության հիմնարար
պարտականություններն են, որոնցից ածանցվում են իշխանության, պետական կառավարման համակարգի
մյուս գործառույթները։ Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ,
ամբողջությամբ տապալել է այդ հիմնարար պարտականությունների կատարումը։
Շուրջ երկու տարի է՝ թշնամական զորքը Հայաստանի ինքնիշխան տարածքում է, այսինքն՝ իշխանությունը չի կատարում սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ապահովման իր պարտականությունը, որը, հատկապես վերջին շրջանում, ձախողում է գրեթե ամենօրյա ռեժիմով։ Վերջին դեպքը Տեղ գյուղում կատարված ադրբեջանական սադրանքն էր, որի պատճառով, ըստ պաշտոնական տեղեկությունների, զոհվեց 4 զինծառայող, վիրավորվեցին 6-ը, Հայաստանի ինքնիշխան տարածքների դեռևս չճշտված չափով հատվածներ կրկին անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ըստ էության՝ բոլոր այս և չթվարկված բազմաթիվ նմանօրինակ իրադարձություններ, ի թիվս արտաքին ծագում ունեցող գործոնների, պայմանավորված են նաև ու առաջին հերթին իշխանության կայացրած որոշումներով՝ սկսած Ադրբեջանի հետ բանակցային գործընթացից՝ մինչև դաշնակից պետությունների հետ հարաբերությունների վատթարացում, հաշվարկված արտաքին քաղաքականությունից՝ մինչև արկածախնդիր դիվանագիտական ցատկեր։
Դժվար է չհամաձայնել, որ այսօր սահմանին տեղի ունեցող ռազմական գործողություններն իրականում տասնյակ, հարյուրավոր որոշումների օրգանական հետևանքն են, դրանց արտաքին շերտի արտահայտությունը։ Իհարկե, Փաշինյանն, իր մանիպուլյատիվ սովորության համաձայն, բոլոր նման դեպքերում մեղավորներ է նշանակում՝ ներքին դավադիրներից մինչև անարդար միջազգային հանրություն՝ իշխանության պարտականությունները հասցնելով այս կամ այն մայրուղու ասֆալտապատման համար հանրային միջոցների հատկացմանը, ինչով մեծագույն հաճույքով զբաղվում է կառավարության նիստերի ընթացքում։ Եթե ավելի նակեղծ, ապա անհերքելի է այն իրողությունը, որ Նիկոլն իշխանության գործառույթը մեծ հաշվով հասցրել է փող բաշխող մարմնի չարչիությանը և պետությանն ու հասարակությանը վերաբերվում է սրբություն չունեցող վաճառականի հոգեբանությամբ։ Նրա համար կարևորը սեփական իշխանությունն է, որի պահպանման նպատակով օգտագործում է հանրային միջոցները։ Իսկ հասարակությունն այդ նույն իշխանության պահպանման համար վճարում է ոչ միայն ֆինանսապես, այլ սեփական երեխաների կյանքով։
Իրական ողբերգությունն
այն է, որ Փաշինյանը շարունակում է զբաղեցնել վարչապետի պաշտոնը, ինչը նշանակում է,
որ նա ամեն օր կայացնելու է որոշումներ, որոնք արժենալու են մարդկային, տարածքային
կորուստներ՝ մոտեցնելով պետության վերջնական կորստի հանգրվանը։ Եվ քանի որ այս իրականությունը
ստեղծվել է կայացված որոշումների պատճառով, խնդրի լուծումը կրկին որոշումների կայացման
հարթությունում է։ Այս իրականությունը կարող է փոխվել միայն այն ժամանակ, երբ հասարակությունը
որոշում կկայացնի այլևս չվճարել Նիկոլի իշխանության պահպանման արյունոտ գինը։
Արմեն Հովասափյան
Լուսանկարը՝ iravunk.com









