Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի
նախագահ Տիգրան Հակոբյանը եթերում բռնության կոչերի, ատելության խոսքի, բացասական բովանդակության
նվազման համար կարևորում է, որ խորհրդարանում պատգամավորները վեճերի ժամանակ նման բառամթերք
չօգտագործեն:
«Շատ դժվար է պայքարել բռնության կոչերի,
ատելության խոսքի, ընդհանրապես բացասական բովանդակության դեմ եթերում, եթե նույնը կատարվում
է ԱԺ-ում ուղիղ հեռարձակման ժամանակ: Ես իրավունք չունեմ ձեզ կոչ անել: Բայց, եթե ուզում
եք, որ դա հեռուստաընկերությունում նվազի, պետք է հետևեք ձեր լեքսիկոնին և այստեղ լեզվակռվի
ժամանակ այդպիսի բառամթերք թույլ չտաք»,-ասաց Հակոբյանը՝ դիմելով խորհրդարանականներին:
Իրավիճակը Հայաստանում հասել է մի կետի, երբ հայերեն խոսելու համար կոչ են անում Խորհրդարանի պատգամավորներին։ Խորհրդրանական բառապաշարը
երբեք էլ հրաշալի մակարդակի վրա չի եղել, բայց այս գումարման ԱԺ-ում իրավիճակն արդեն
այն կետում է, երբ կարիք կա սկսել խորհրդարանից։ Նախկինում հիմնականում դժգոհում
էին հայկական սերիալների բառապաշարից, որտեղ կար փողոցային լեքսկոն, «ա» գոյություն
չունեցող օժանդակ բայի կիրառում և այլն։ Հիմա այդ նույն գնահատական տվողներն ասում
են, որ սերիալներում բավականին փոփոխված բառապաշար կա, իսկ ԱԺ-ն այդ առումով լրացնում
է «եթերային աղբի» բացը։ Եթե մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի անդամն
ԱԺ ուղիղ եթերում ասում է՝ լեզուդ կկտրեմ, այն էլ՝ ՄԻՊ թեկնածուին, ապա ի՞նչ կարելի է ակնկալել
նրանց լսող քաղաքացու պահվածքից՝ ԱԺ նախագահը և նրա մայրը թքում են քաղաքացու վրա, Նիկոլ
Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասում էր՝ «մատ էլ թափ
կտամ, պետք լինի ուրիշ բան էլ թափ կտամ»։ Սա գերազանցում է և՛ փողոցային, և ՛ սերիալայաին
մակարդակը։ Հայաստանը նաև դարձել է մի պետություն,
որտեղ դաստիարակությունը պետք է սկսել Խորհրդարանից և ոչ թե դպրոցից։ Իհարկե, սա
նաև տարիների ընթացքում դպրոցական կրթության բացթողումների արդյունք է։ Դա նաև հասարակության բացթողումն է, որ
դպրոցում և ընտանիքում բավարար դաստիարակություն չստացած մարդիկ հայտնվել են Ազգային
ժողովում։









