Նիկոլ
Փաշինյանն ու նրա իշխանության տարաձև ներկայացուցիչներն իրենց կատարած ցանկացած հանցավոր,
դավաճանական, ստոր քայլ արդարացնում են «ժողովրդի տված քվեով»։ ԱԺ-ում խուլիգանություն
են անում՝ «մեզ ժողովուրդն է ընտրել», առանց դիմադրության երկրի տարածքներն են հանձնում,՝ նույն արդարացումը. «ժողովուրդը մեզ քվե է տվել», թքում են քաղաքացու երեսին՝ էլի նույն
ցնդաբանությունը. «մենք ժողովրդի ընտրյալ ենք»։
Շարքը կարող ենք երկար թվարկել։
Այնպիսի տպավորություն
է, որ Նիկոլի ու նրա սպասյակների համար ժողովրդի քվեն պետության ու հասարակության հետ
ցանկացած այլանդակություն անելու ինդուլգենցիա է, այն դեպքում, երբ անգամ նրանց ամենամոլի
ընտրողները ձայն չեն տվել Արցախից հրաժարվելու, Հայաստանն ադրբեջանաթուրքական մեյդանի
վերածելու ու այդ մեյդանում բդեշխություն անելու համար։
Ըստ էության՝ իշխանության
լեգիտիմության ֆետիշացումը կործանարար հետևանքներ է ունենում Հայաստանի համար։ Փաշինյանի
պարագայում այդ լեգիտիմությունը կիրառելի է միայն չափազանցված ֆորմալիստական հարթությունում,
որովհետև այն զուրկ է քաղաքական ու էլեկտորալ բովանդակությունից։ Խնդիրը շատ ավելի
խորքային է, քան լեգիտիմության չափման մեխանիկական, թվային ցուցիչները։ Ավելին, խնդիրը
քաղաքական լինելուց բացի ու դրանից առաջ, վերաբերում է հանրային բարոյականությանը։
Փաշինյանն ու նրա իշխանությունը հավաքականորեն հայ հասարակության ապաբարոյականության կենդանի մոնումենտներ են։ Եթե ավելի պարզ՝ նա հենց ինքն է բարոյազրկել հասարակությանը՝ իր առջև ծառացած երկընտրանքից ընտրելով հատակապես այն մեկը, որը սեփական անբարոյականությունը կպրոյեկտեր հասարակության վրա։ Բարոյականության նվազագույն իսկ չափաբաժին ունենալու դեպքում 44-օրյա աղետալի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրեր և գլխիկոր կհեռանար, եթե անգամ ամենահայրենասերն էր ու ամենաանդավաճանը։ Փոխարենը՝ նա գնաց հակառակ՝ անբարոյական ճանապարհով, և, մասնակցելով ընտրություններին, անբարոյականության խարանը դաջեց նաև հասարակության այն հատվածի, որն ամենատարբեր պատճառներով, բայց առավելապես՝ նրա իսկ մանիպուլյացիաների արդյունքում, այդ թվում՝ իշխանական լծակների գործադրմամբ, «ընտրեց» պարտված իշխանությանը։ Փաշինյանը չցանկացավ ոչ միայն բարոյական գտնվել անձամբ, այլև ամեն ինչ արեց, որպեսզի իր իսկ անբարոյականությունը կիսեն հարյուր-հազարավոր քաղաքացիներ։
Փաշինյանի իշխանությունն
ի սկզբանե հակաբարոյական իշխանություն է, որը թաքնվում է իր իսկ կողմից անբարոյականության
ճահիճը մխրճված հասարակության թիկունքում։ Անցած հինգ տարիներին նա տիեզերական
արագությամբ ու աննախադեպությամբ ապացուցեց իշխանության՝ դրա կրողին այլասերելու հատկության
մասին թեզը։ Բայց ինքը դրանով չի բավարարվում և անում է ամեն ինչ, որպեսզի սեփական այլասերվածությունը
տարածի հնարավորինս շատ մարդկանց վրա։
Ամփոփելով հավելենք, որ
հանրային բարոյականության անկումը, ի տարբերություն իշխանական այլասերման,
չի կարող անվերջ շարունակվել։ Հասարակությունը մի օր գտնելու է այն վերականգնելու ճանապարհը
և այդ ճանապարհին գտնելու ու պատժելու է նաև այլասերման հեղինակին՝ այն նույն բարոյականության
շրջանակներում, որով այսօր իշխանությունը թքում է հանրության երեսին։
Արմեն Հովասափյան









