Foto

ԵԱՀԿ գործիքակազմը մեխանիզմներ է տրամադրում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խաղաղ գործընթացին աջակցելու համար․ Օսմանի

ԵԱՀԿ ճկուն գործիքակազմը մեխանիզմներ է տրամադրում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ խաղաղ գործընթացին աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտգործնախարար Բույար Օսմանին Երեւանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Պատասխանելով հարցին, թե Բաքվում «ցրել են» ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը, գործող նախագահը նշել է, որ «ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափը կա, որին իրենք աջակցում են»։

«Մենք տեղյակ ենք, որ որոշ կողմերից հակադիր գնահատականներ կան։ Փոխված աշխարհաքաղաքական իրավիճակը փոխել է եռանախագահների միջեւ շփումների դինամիկան։ Ինչպես նշեց Արարատ Միրզոյանը, այժմ գործունեությունը սառեցված է։ Բայց չեմ կարող ժխտել, որ այն կունենա գործառույթներ, երբ համապատասխան իրավիճակ լինի»,-նշել է Օսմանին։ 

Ընդ որում, նա հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ն միայն ՄԽ-ն չէ։ «Դրա համար ես այստեղ եմ՝ առաջարկելու ԵԱՀԿ ճկուն գործիքակազմ՝ համապարփակ լուծման հասնելու համար։ Ինձ հետ է գործող նախագահի անձնական ներկայացուցիչը, որը երկար տարիներ անցկացրել է տարածաշրջանում եւ պատրաստ է շարունակել աշխատանքը»,-հավելել է նա։