Foto

Փաշինյանի մեկնաբանությունները հարբածի զառանցանք են՝ հայելու առաջ

Երեկ Ազգային ժողովում Փաշինյանը կրկին փսխում էր Արցախի ինքնորշման իրավունքի, բանակցային գործընթացի «պատմության» ու, օվ զարմանք, իրենց, այսինքն իր «զրոյական կետի» սխալի մասին: Թե այդ բռալուծի քանի տոկոսն է ճիշտ և քանի տոկոսն է թելադրված Ալիևի կողմից՝ թող մասնագետները հաշվեն: Ես կփորձեմ իրականությունը բառացիորեն, մատների վրա ներկայացնել:

Ենթադրենք, շեշտում եմ՝ ենթադրենք, թե Նիկոլը չի նենգափոխում բանակցային նախկին գործընթացը: Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել, որ մեր համար այդքան անբարենպաստ բանակցային իրադրությունում հաջողվում էր զարգացնել Արցախը, պահել խաղաղությունը, իսկ հարկ եղած դեպքում՝ Ադրբեջանին նույնիսկ խաղաղություն պարտադրել: Եթե, Ալմա-Աթայի հռչակագրին հղում անելով, Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ Արցախն անկախացել է ԽՍՀՄ-ից, ապա հիմա, երբ  նույն հռչակագրով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչո՞ւ է դադարել խոսել Արցախի ինքնորոշման իրավունքից և բարբաջում է արցախցիների ինչ-որ հիպոթետիկ իրավունքներից, որի վերաբերյալ Ստեփանակերտն ու Բաքուն միմյանց հետ պետք է երկխոսեն:

Հիմա գանք 2018 թվական: Այն «թվշյա» օրերին Նիկոլ Փաշինյանը թուքիբերան ճղճղում էր, որ Արցախի հարցի վերաբերյալ ցանկացած որոշում բերելու է հրապարակ ու այնտեղ քննարկի 3 միլիոն վարչապետների հետ: Այդ ինչ պատահեց, որ դեռ 2018-ի մայիսից բանակցային գործընթացի «վտանգների» մասին իմացողը ժողովրդին նույնիսկ տեղյակ չպահեց դրա մասին: Գուցե պատճառն այն էր, որ բանակցային գործընթացի «վարժություններն» Ալիևի հսկողությա՞մբ էր սերտում: Հիշո՞ւմ եք, որ հայտարարեց, թե իր և Ալիևի առաջին հանդիպման ժամանակ նրանից տեղեկություններ է ստացել բանակցային գործընթացի պատմության մասին: Այո, այն ժամանակ չէր ստում, որովհետև այդ և դրան հաջորդող բոլոր հանդիպումներում հրահանգավորվում է իր «կիրթ ու կառուցողական» շեֆից՝ Իլհամ Ալիևից: Հիմա կոկորդիլոսի արցունք է թափում, թե 2018-ին սխալվել է, որ ժողովրդին «ճշմարտությունը» չի ասել: Իսկ իրականությունն այն է, որ եթե նախկինների «սխալի» արդյունքում ունեինք մարտունակ բանակ, անվտանգ սահմաններ և միջազգային հեղինակություն, ապա 2018-ի իր սխալի արդյունքում ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, բզկտված, շրջափակված ու ցեղասպանության վտանգի առաջ կանգնած Արցախ, Հայաստանի տարածքում ադրբեջանական զորք ու ցանցի վերածված պետական սահման, իսկ բոլոր միջազգային գործընկերները ոտքերն են սրբում մեր երկրի վրա:

Ի դեպ, եթե Նիկոլ Փաշինյանը, իր կիսբարձրագույն կրթությամբ, համարձակվում է նախկին բանակցային գործընթացը «դիվանագիտական լեզվից թարգմանել» որպես պարտվողական կամ հանձնողական, ապա ինչպե՞ս է «թարգմանում» 2020 թվականի նոյեմերի 9-ին բունկերից իր ստորագրած հայտարարությունը, որով առանց կռվի հանձնեց Քարվաճառը, Ակնան, Քաշաթաղը, ինչպե՞ս է արդարացնում իր բանավոր պայմանավորվածությունն ու Վաղարշակ Հարությունյանին տված հրամանը՝ առանց կրակոցի հանձնել Կովսականի դիրքերը, որի մասին խոստովանել է հանրայնորեն: Իսկ գուցե «Մադրիդյանի» մեջ մազ փնտրելու ջանադրությամբ բացատրի, թե ինչո՞ւ Ադրբեջանցիներին «դագդիգագական» նահանջով բերեց Հադրութ ու Շուշի, ինչո՞ւ կռիվ չտվեց ու չի տալիս Հայաստանի սահմանների համար:

Ես փորձեցի մատների վրա բացատրել ու ներկայացնել Նիկոլ Փաշինյանի դավաճանական ու ստախոս էությունը, բայց համոզված եմ, որ դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են նրա հարբած զառանցանքին: Այդ մարդկանց համար վերջում մի հարց եմ պահել. եթե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, ապա այդ ովքե՞ր էին Ալիևին, մինչև Նիկոլի գալը, կուլիսների հետևում ստիպում ճանաչել Արցախի անկախությունը, այդ ո՞վ էր ստիպում Ալիևին՝ հուսահատ գոռալ դրա մասին: 

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան