Foto

ՀԱՊԿ դիտորդներին սպասելիս

Նախորդ շաբաթ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահների հնարավոր տեղակայման ժամկետները կախված են հայկական կողմից։ Իր խոսքում Զախարովան ընդգծել է Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ «Ռուսաստանին բավարարում է ՀԱՊԿ խաղաղապահներին ընդունելու Հայաստանի շարունակական հետաքրքրությունը։ Մոսկվան համոզված է, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ մյուս դաշնակիցները պատրաստ են դրան»։ Նա նաև հավելել է«Նման որոշումները համաձայնեցվում և ընդունվում են ՀԱՊԿ-ում և հաստատվում են բարձր մակարդակով։ Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա, երբ հայ գործընկերները պատրաստ լինեն, կողմերը կկարողանան վերադառնալ կազմակերպության դիտորդական առաքելության կոնկրետ սկզբունքների ամրագրմանն ուղղված աշխատանքներին: Գնդակը Երևանի կողմում է»։

Ի դեպ՝ ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ: Նրա խոսքով` Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել էր՝ որպես բազմամյա հակասությունների հետևանք։ Դրանից բացի՝ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովն էլ իր հերթին՝ նշել էր, որ ՀԱՊԿ մշտական ​​պատրաստակամություն է հայտնում առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով ՀՀ անվտանգության ապահովման շահերից։

Ավելի վաղ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անակնկալ հայտարարություն էր արել, ասելով, որ Հայաստանը չի մերժել ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ-ում, այլ նախագիծը գտնվում է բանակցային սեղանին:

Ըստ էության՝ հանուն արդարության պետք է փաստենք, որ  ՀԱՊԿ-ից Հայաստանին ընդառաջ բազմաթիվ քայլեր են եղել վերջին շրջանում, սակայն արդեն ուշացած, քանի որ Երևանին դրանք հետաքրքիր չեն՝ իր աշխարհաքաղաքական ընտրությամբ պայմանավորված: Ռուսաստանից հայտարարում են, որ գնդակը ՀՀ դաշտում է, բայց հասկանում են, որ նման որոշում չի կայացվելու, և այդ որոշումը ներկայումս պետք չէ ոչ Ռուսաստանին, ոչ ՀԱՊԿ մյուս անդամ երկրներին: Թերևս այս առաջարկով ՀԱՊԿ անդամ երկրները և հատկապես Ռուսաստանը փորձում են ՀԱՊԿ-ի համար հեղինակություն պահել, ցույց տալ, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է այս քայլին:

Այստեղ կարևոր է նկատել, որ   ստեղծված բարդ փուլում Ռուսաստանի համար ևս այս հարցը հավելյալ ինտրիգ է, որի կարիքը ՌԴ-ն ամենևին չունի: Ինչպես տեսնում ենք, արդեն իսկ մեծ բարդություններ կան ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների համար, բացի այդ, հայ-ադրբեջանական սահմանին միջադեպերի ու հետագա էսկալացիայի վերաբերյալ անընդհատ տեղեկություններ են շրջանառվում (ապրիլի 11-ին ականատես եղանք հերթական սադրանքին, ինչի արդյունքում 4 զոհ ունեցանք, 6 վիրավոր):

Փաստն այն է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ իր համար ուկրաինական թատերաբեմում ծավալվող զարգացումների ֆոնին հավելյալ բեռ ստանձնել այլ գոտիներում այն դեպքում, երբ արդեն իսկ ստանձնած պարտավորությունների իրականացման շուրջ կան խնդիրներ և անընդհատ ստեղծվում են անհարմարություններ Ռուսաստանի համար:

Հենց դրանով է պայմանավորված, որ պարբերաբար հնչում են դիվանագիտական հայտարարություններ, ինչպիսին էր նաև Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ ՀԱՊԿ առաքելությունը չի մերժվել, այնինչ իրականությունն այն է, որ այն մերժվել է, և Երևանի կամքով ԵՄ դիտորդներ են ժամանել, իրավիճակի մասին զեկույցներ են գրում: Սակայն, եթե նմանատիպ զեկույցներ գրեին ՀԱՊԿ դիտորդները, ապա Երևանը նման գործելակերպին միանշանակ դեմ էր լինելու: Բայց ԵՄ դիտորդների գործունեությունից մեծ գոհունակություն կա, քանի որ այն ոչ թե ծառայում է անվտանգությանը, այլ հարավկովկասյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության ծրագրերին:

Արմեն Հովասափյան