Foto

ԵՄ-ն փորձում է մեր տարածաշրջանն այսօրվանից ներկայացնել որպես իր դե յուրե ազդեցության գոտի

Եթե ասեմ, որ Տեղ գյուղի մոտ երեկ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Եվրամիության կողմից սպասում էի Ադրբեջանի սադրիչ գործողությունների դատապարտում, այդ երկրի կամ նրա ղեկավարների նկատմամբ պատժամիջոցների սպառնալիք՝ սխալ կլինի: ժամանակը ցույց է տվել, որ «խորը մտահոգություններից» և կողմերին զսպվածության կոչերից այն  կողմ չեն անցնում: Եվ ոչ միայն ԵՄ-ում: Սակայն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Նաբիլա Մասրալիի հայտարարությունը նույնիսկ իմ երևակայության համար անսպասելի էր՝ իր շեշտադրումներով: Հայտարության մեջ առանձնահատուկ նշանակություն է տրվում հենց ԵՄ հարթակում հայ-ադրբեջանական բանակցություններին: Կողմերին կոչ անելով  հարգել նախկին պարտավորությունները՝ ԵՄ պաշտոնյան ուղղակի թելադրում է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ձեռք բերվածները, որով Նիկոլ Փաշինյանը համաձայնվել է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրով իբր ճանաչված ՀՀ սահմանին, և որն Ալիևի վարչակազմն ընկալում է ոչ թե Հայաստանի հետ սահմանազատման, այլ Արցախի կլանման և արցախցիների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի հնարավորություն: 

Սակայն մի նուրբ միտում էլ կա Նաբիլա Մասրալիի հայտարարության մեջ. ԵՄ-ն առաջարկում է իր միջնորդությունը հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացին՝ որպես փաստարկ և բավարար պայման բերելով Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը: Թե ի՞նչ դերակատարություն է ունեցել կամ ի՞նչ արդյունքներ է արձանագրել ԵՄ առաջին դիտորդական առաքելությունը, ոչ ոքի հայտնի չէ, մինչ այսօր դրա վերաբերյալ որևէ հրապարակային զեկույց չկա: Այսօր գործող դիտորդական առաքելությունն էլ օրեր առաջ հայտարարեց, թե իրենց առաքելությունը կհամարվի հաջողված, եթե մինչև ամառ նոր պատերազմ չսկսվի: Ես չեմ կարող ասել՝ երեկվա ռազմական բախումը եվրոպական չափանիշներով պատերազմ համարվո՞ւմ է,  թե՞ ոչ: Ինչպես ցույց է տալիս ուկրաինական փորձը, եվրոպացիների համար պատերազմն այն է, երբ իրենց հնացած տեխնիկան թանկով վաճառում են կողմերից մեկին և այդ պատրվակով հսկայական ֆինանսական միջոցներ են հատկացնում ռազմական նոր պատվերների, դրա հաշվին իրենց որոշ իշխանամերձ շրջանակների հավելյալ հարստացման համար:

Սակայն մի եզրակացություն այդ հայտարարությունից կարելի է հստակ անել. Եվրամիությունն արդեն համարում է, որ բացի իր բանակցային հարթակից այլ հարթակ գոյություն չունի, իսկ նախկինում եղածները, օրինակ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, կարելի է անտեսել: Ինչո՞ւ, որովհետև Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով ռուսական հարթակը մղվել է երկրորդական պլան, Ադրբեջանում 2020 թվականից հայտնվել է ՆԱՏՕ-ական Թուրքիան իր ռազմական խորհրդականներով ու սպառազինությամբ, իսկ Հայաստանում, ՀԱՊԿ դիտորդների փոխարեն եվրոպական դիտորդներն են, որոնք իրենց հեռադիտակներով պետք է Ադրբեջանին համոզեն, որ Ռուսաստանն իր համար այստեղ վտանգ չի ներկայացնում: Այսինքն, ԵՄ-ն այսօրվանից մեր տարածաշրջանը փորձում է ներկայացնել որպես իր դե յուրե ազդեցության գոտի:

Հեղինակ: Էդուարդ Սարիբեկյան