Տարածաշրջանային էսկալացիայի
ֆոնին ականատես ենք լինում Իրան-Ադրբեջան դիվանագիտական առճակատումը որակապես նոր։
Զարագացումները շատ ավելի վտանգավոր փուլ են մտնում՝ Իրանը պաշտոնական մակարդակում
սրում է հայտարարությունների բառապաշարը: Մասնավորապես, Իրանը մտահոգություն է հայտնում
Ադրբեջանի և Իսրայելի ռազմավարական գործընկերության համատեղ ծրագրերի վերաբերյալ և
բացատրություն է պահանջում Բաքվից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ
Նասեր Քանանի Չաֆին։
Ըստ Չաֆիի, այս համագործակցությունը
«դավադրություն» է, որն Իսրայելը պատրաստում է Իրանի դեմ Ադրբեջանի տարածքում։ Քանանին
Բաքվից բացատրություն է պահանջել Ադրբեջանի և Իսրայելի միջև «ռազմավարական գործընկերության
նոր փուլի» մասին հայտարարությունների շուրջ, որի նպատակը, նրա պնդմամբ, «միասնական
հակաիրանական ճակատ» ստեղծելն է։ Նա մատնանշել է նաև «Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների
միջև պատմական ու կրոնական անքակտելի կապը»։
Այս հայտարարությանը Բաքուն
արձագանքել է. ըստ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանը երբեք թույլ չի տվել իր տարածքն օգտագործել երրորդ
երկրների դեմ։ ԱԳՆ-ում նշել են, որ, ընդհակառակը, վերջին շրջանում Իրանից են սպառնալիքներ
հնչում Ադրբեջանի հասցեին, սադրանքներ թույլ տրվում։ Բացի դրանից՝ հայտարարության մեջ
շեշտվում է, որ այսօր իրանահայ եղբայրությունը շարունակում է սպառնալիք մնալ ողջ տարածաշրջանի
համար։
Այստեղ, ի դեպ, ուշագրավ
է նաև այն հանգամանքը, որ շուրջ երեք տասնամյակ շարունակվող բավականին ջերմ դիվանագիտական
հարաբերություններից հետո Ադրբեջանը միայն օրերս դեսպանատուն բացեց Իսրայելում, ինչը
երկու երկրներում պատմական քայլ են որակում ռազմավարական հարաբերություններն ամրապնդելու
ուղղությամբ։
Ակնհայտ է, որ Իսրայելն
ու ԱՄՆ-ն փորձում են սրել իրավիճակը Իրանի շուրջ, ինչը հասկանալով՝ Իրանն արձագանքում
է և փորձում զգոնություն հաղորդել Ադրբեջանին՝ սուր հայտարարություններով: Ավելին, բացահայտ
հայտարարություններ կան Ադրբեջանին զինելու, Ադրբեջանի հետ նոր որակի համագործակցություն
ռազմական ոլորտում ներդնելու մասին, և դա նշվում է Իրանի հետ հարաբերությունների կոնտեքստում:
Տեղի ուենցածը, միանշանակ,
Իրանում հստակ հասկանում են, հստակ է նաև, թե այդ ամենն ինչ ինտենսիվությամբ ու ինչու
է կատարվում։ Դրանից բացի՝ կա նաև հստակ տրամադրվածություն այդ ամենը չեզոքացնելու,
որի համար Իրանը գործի է դրել՝ ինչպես ակտիվ դիվանագիտություն Ռուսաստանի, Չինաստանի
և Պարսից ծոցի ավազանի երկրների հետ, զուգահեռաբար փոխելով դիվանագիտական հայտարարությունների
շեշտադրումները, բովանդակությունը, ինչպես նաև ռազմական դիվանագիտությունը: Հարավլովկասյան
զարգացումների հետ կապված ևս Իրանի քաղաքականությունը չափազանց հստակ է, կա աջակցություն
Հայաստանին: Իրանը չի անում ոչինչ, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը է՛լ ավելի լարվի,
միայն արձագանքում ու փորձում է զսպել, այդ թվում՝ դիվանագիտական եղանակներով (նախօրեին
Տեղ գյուղի ագրեսիան միանգամից իր արձագանքը ստացավ իրանական կողմից):
Պարզ է նաև այն, որ այսօր
Իսրայելի, Թուրքիայի ներքաղաքական անկայունություններն էականորեն անդրադառնում են նրանց
արտաքին քաղաքականության վրա ռեգիոնում: Իրադարձությունները ցույց են տալիս, որ իրավիճակը
գնում է սրման, իրանաադրբեջանական հարաբերությունները վերջին մեկ ամսվա ընթացքում էլ
ավելի են սրվել, Ադրբեջանը ստանում է Արևմուտքի աջակցությունն Իրանի դեմ, Հայաստան-Ադրբեջան
տարաձայնությունները ևս շարունակվում են՝ լուրջ լարման վտանգով: Ըստ էության՝ Ադրբեջանի
հայտարարություններում նկատվում է մտավախություն, սակայն Ադրբեջանի դաշնակիցները վստահ
են գործում՝ հրահրելով մեծ էսկալացիա ողջ տարածաշրջանում: Այս ամենը պայմանավորված
է նրանով, որ Իրանի դիրքերի ամրապնդումը Պարսից ծոցի ավազանում և ինչ-որ չափով՝ նաև
Հարավային Կովկասում, էլ ավելի է անհանգստացնում ԱՄՆ-ին:
Արմեն Հովասափյան









