Թուրքիայում
մայիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններին մասնակցելու է չորս թեկնածու։
Այս մասին օրես հայտնել էր Թուրքիայի Գերագույն ընտրական վարչության ղեկավար Ահմեդ
Յեները։ Խոսքն իշխող «Ժողովրդական դաշինքի» թեկնածու, գործող նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի,
ընդդիմադիր «Ազգային դաշինքի» միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլույի, «Հայրենիք»
կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջենի և ծայրահեղ աջ «ATA» դաշինքի թեկնածու Սինան
Օղանի մասին է։
Նշենք, որ Թուրքիայի գերագույն
ընտրական խորհուրդը մարտի 21-ին նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ էր
ստացել 11 թեկնածուից, սակայն վերջնական առաջադրման իրավունք ձեռք չէին բերել: Ինջեն
և Օղանը ստիպված են եղել իրենց կողմնակիցներից հավաքել առնվազն 100,000 ստորագրություն,
քանի որ նրանք չեն առաջադրվել քաղաքական կուսակցության կողմից, որը վերջին ընտրություններում
հավաքել է համազգային ձայների առնվազն 5 տոկոսը։ Միայն Ինջեն և Օղանն են կարողացել
100,000-ական ստորագրություն հավաքել, իսկ մյուս հավանական թեկնածուները, օրինակ «Հայրենիք»
կուսակցությունից Դողու Փերինչեքը, Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի որդին՝
Ահմեդ Օզալը, այս գործընթացում ձախողվել են։
Ըստ էության՝ ընտրություններում
հիմնական պայքարը ծավալվելու է Էրդողանի և Քըլըչդարօղլուի միջև։ Հավելենք, որ քրդամետ
Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը, որը խորհրդարանում մեծությամբ երրորդ
խմբակցությունն ունի, հրաժարվել է թեկնածու առաջադրել և, հավանաբար, կաջակցի Քեմալ
Քըլըչդարօղլուին։ Ըստ մի շարք կանխատեսումների՝ Քըլըչդարօղլուն մայիսյան ընտրություններում
կդառնա թուրքական ընդդիմության միասնական թեկնածուն: Հավելենք նաև, որ վերջինս Թուրքիայի
ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդն է 2010 թվականից, Թուրքիայի խորհրդարանի
պատգամավոր 2002 թվականից, իսկ նրա ընտանիքը պատկանում է ալեվիական քուրեյշան ցեղին
(նա համարվում է Թուրքիայի քեմալիստական շարժման առաջնորդ):
Այստեղ կարևոր է փաստել,
որ Հայաստանի և հայ ժողովրդի համար ուշագրավն այն է, որ Քըլըչդարօղլուն իր հակահայկականությամբ
չի տարբերվում իր հակառակորդ Էրդողանից և ըստ էության հայկական հարցի ու հատկապես հայ-թուրքական,
այսպես կոչված, կարգավորման գործընթացի տեսանկյունից էական չէ՝ կհաղթի Էրդողանը, թե՞
Քըլըչդարօղլուն: Համենայն դեպս, այդպես են պնդում վերլուծաբանները՝ մատնանշելով ընդդիմության
միասնական թեկնածուի բազմաթիվ հակահայկական և ադրբեջանամետ ելույթներ:
Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժը այդ երկրի համար յուրահատուկ ներքին ու արտաքին միջավայր է ձևավորել՝ անկանխատեսելի դարձնելով ընտրությունների արդյունքները՝ այն դեպքում, երբ Էրդողանը երկիրը կառավարել է 9 տարի՝ կարողանալով վերահսկել իր իշխանությանը սպառնացող վտանգները։ Ըստ էության՝ երկրաշարժն էականորեն սասանեց Էրդողանի դիրքերը, հավելյալ հնարավորություններ ստեղծելով և ամրապնդելով ընդդիմությանը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Նման հետևանքներով երկրաշարժից հետո իշխանության համար բավականին բարդ է լինելու հաղթել, և դա են ցույց տալիս բոլոր սոցիոլոգիական հարցումները: Ի դեպ՝ Էրդողանի գլխավոր հակառակորդի դիրքերը վատ չեն, հաշվի առնելով թե՛ երկրաշարժի հետևանքները, թե՛ նաև այն լայն աջակցությունը, որը նա ստանում է՝ նաև քրդական կուսակցության կողմից:
Շատ կարևոր է վերլուծել և հասկանալ արտաքին տրամադրվածությունները՝ օրինակ, Ռուսաստանին ամենուր հարկավոր է ստատուս-քվո, հատկապես Թուրքիայում, որի հետ նա ունի նորմալ համագործակցություն: Այդ հարաբերությունների կարիքը հիմա Ռուսաստանը շատ ունի, և փոփոխությունները, բնականաբար, Ռուսաստանին ձեռնտու չեն, իսկ Արևմուտքի համար Էրդողանը վերջին տարիներին լուրջ խնդիրներ է ստեղծում, և Արևմուտքը դեմ չէ փոփոխությանը, եթե ոչ ավելին՝ մի բան էլ շահագրգռվածություն ունի: Եվս մեկ անգամ արձանագրենք, որ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի նախագահի փոփոխությունն, այս թեկնածուների պարագայում, որևէ փոփոխության չի հանգեցնելու, քանի որ Թուրքիայի ընդդիմության և իշխանության դիրքորոշումները Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հարցում համընկնում են։ Սրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ թուրքական քաղաքականության շրջանակում մեծ կարևորություն ունի Ադրբեջանն իր դիրքորոշումներով:
Ըստ էության՝ մինչ ընտրությունները, որոնք կարող են երկու փուլով տեղի ունենալ, այսինքն՝ ընտրական փուլը կարող է երկարաձգվել, հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ չեն լինի: Երկրաշարժն իսկապես մեծ հարված է հասցրել Էրդողանի վարչակազմի հեղինակությանը, որն ընկղմվել է սոցիալ-տնտեսական, ներքաղաքական խնդիրների մեջ, և վերջին տասնամյակի ընթացքում առաջին անգամ երկրում ստեղծված իրավիճակը լուրջ սպառնալիք է իշխանության համար: Այստեղ հետաքրքրական է այն, որ իշխանությանը չհաջողվեց հետաձգել ընտրությունները և մինչ ընտրությունները մի փոքր մեղմել երկրաշարժի ազդեցությունը:
Հ․գ․ Ըստ տարածված տեղեկությունների՝
Թուրքիայում բնակվող հայերը կքվեարկեն ընդդիմության օգտին, հաշվի առնելով երկրի ներսում
առկա խնդիրները և հատկապես բռնապետական կարգերը:
Արմեն Հովասափյան









