Եթե ուշադիր հետևենք Հայաստանում
ու Հայաստանի շուրջ կատարվողի իրադարձություններին, ապա ակնհայտ նկատվում է, որ տեղի
ունեցողի վերաբերյալ հանրային գրեթե բոլոր շերտերում լուռ, չբարձրաձայնվող կոնսենսուս
կա՝ բոլորը սպասում են մեծ, ավելի մեծ աղետի։ Դա կլինի նոր պատերազմի՞, «խաղաղության
պայմանագրի՞» ստորագրման տեսքով, թե՞ որևէ այլ դրսևորմամբ, այս պահին այնքան էլ հստակ
չէ, ի դեպ՝ նաև ոչ էական։ Բայց բոլորի համար միանշանակ է, որ աղետ լինելու է։
Նորմալ, ներքին դիմադրողականություն ունեցող հասարակություններում
մոտալուտ աղետի վտանգը միավորող, կոնսոլիդացնող նշանակություն է ունենում, հանրությանը
ստիպում է մոբիլիզացնել ներքին ռեսուրսներն ու պատրաստվել պայքարի։ Մեր դեպքում, սակայն,
աղետի անխուսափելիության շուրջ կոնսենսուսն արտահայտվում է համընդհանուր թուլացմամբ
ու պայքարի որևէ դրսևորման բացակայությամբ։
Կատարվածի ողբերգությունն
այն է, որ կոնսենսուսը կարծես կայացել է նաև անպայքար հանձնվելու հարցի շուրջ։ Ավելին,
Հայաստանն ապրում է գործնականում հանձնված-հանձնած ռեժիմում․ իշխանությունը՝ ամենավերևից
մինչև ամենաստորին շերտը, գործում է ամեն ինչ թշնամուն և մնացյալին հանձնելու տրամաբանությամբ։
Հասարակության մյուս շերտերն էլ, այդ թվում՝ բոլոր նրանք, ովքեր քաղաքական պայքարի
մանդատ ունեն, կարծես հանձնվել են իշխանությանը՝ բառի ոչ թե ուղիղ, այլ փոխաբերական
իմաստով։ Հանձնվելու այս տոտալ պատրաստակամությունը պետությանը զրկել է իրական
պայքարի, իր իրավունքները պաշտպանելու բոլոր ռեսուրսներից ու հնարավորություններից
և գործնականում հանդես է գալիս՝ որպես ամեն ինչ հանձնելու պատրաստ կազմավորում։
Իսկ այդպիսինների հետ ոչ միայն նորմալ չեն հարաբերվում, այլև անգամ չեն վերաբերվում
ամենասովորական հարգանքով։
Հանուն արդարության պետք
է փաստենք, որ այս մթնոլորտը մեկ օրում կամ մեկ տարում չի ձևավորվել, այն հետևողական
ու մեթոդական աշխատանքի արդյունք է, որը վարվել է գործող իշխանության կողմից՝ հանրությունն
ու պետությունը ներքին դիմադրողականությունից զրկելու նպատակով։ Այդ հարցում իշխանությունը
թիվ մեկ շահառուն է, քանի որ դիմադրողականություն ու պայքարի ուժ ունեցող հասարակությունը
վտանգ է ներկայացնում առաջին հերթին այն իշխանության համար, որը երկիրը տանում է աղետաբեր
ճանապարհով։
Նիկոլ Փաշինյանին հաջողվել է հանրային դիմադրողականությունը թուլացնել այնպես ու
այնքան, որ անարգել կարողանում է Հայաստանի հետ անել ամեն ինչ՝ յուրաքանչյուր աղետից
հետո հաջորդի համար ավելի գոտեպնդվելով դիմադրության բացակայությունից։
Ըստ էության՝ հանրային
այս մթնոլորտը՝ անտարբերությունն, ինքնին արդեն աղետ է, քանի որ ամեն ինչ հանդուրժելու
պատրաստ հասարակությունը վտանգավոր է առաջին հերթին՝ ինքն իր համար։ Այս իրավիճակից
ելքը, իհարկե, հեշտ չէ և առաջին հերթին պահանջում է հանրային առողջացում, հասարակական
դիմադրողականության վերականգնում ու իրական պայքարի ոգի։
Ցավոք սրտի այդ դիմադրողականությունն
ու ոգևորվածությունը տեղի չի ունենում, որովհետև այդպիսի հասարակություն ունենալու
շահառուն հենց հասարակությունն ինքն է, մնացած բոլոր խմբերը, ովքեր աշխատում են հանրության
հետ, նման փոփոխության շահառուներ չեն, քանի որ առողջացած հասարակությունը դառնալու
է նաև պահանջատեր ու պահանջներ է ներկայացնելու՝ առաջին հերթին, իշխանությանը, բայց
նաև բոլոր նրանց, ովքեր երկրի ճակատագրի համար առնվազն ֆորմալ պատասխանատվություն են
կրում։
Արմեն Հովասափյան









