Foto

Մեղրիի մաքսային կետ-բաժնում բացահայտվել է «մեթադոն» տեսակի թմրամիջոցի անօրինական տեղափոխման դեպք

Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի տեղափոխման հերթական դեպքը։ Օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի քաղաքացու վարքագիծը մաքսային ծառայողների մոտ  կասկածի տեղիք է տվել:  Մեղրիի մաքսային կետ-բաժնի ծառայողների կողմից նշված քաղաքացու ուղեբեռի նկատմամբ իրականացված մանրակրկիտ հսկողության արդյունքում պարզվել է, որ ճամպրուկում ի թիվս այլ ապրանքների՝ առկա է 3 հատ խոնավ սրբիչ, ինչն էլ ավելի է խորացրել կասկածները։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցների հետ համատեղ իրականացված հետագա հսկողության արդյունքում պարզվել  է, որ հիշյալ սրբիչները ներծծված են «մեթադոն» տեսակի թմրանյութով։