Foto

Վերջին արարից առաջ

Նորմալ բանականություն ունեցող ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու շուրջ համաձայնությունը Նիկոլ Փաշինյանը տվել է վաղուց։ Երբ է դա տեղի ունեցել, դժվար է ասել, բայց վերջնական արձանագրումը կատարվել է անցած տարվա հոկտեմբերին՝ Պրահայում, երբ Փաշինյանը համաձայնել է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մնացյալ ամենը, ինչ տեղի է ունեցել դրանից հետո և շարունակվում է այսօր, մեծ հաշվով ժամանակային դատարկությունը լցնելու նպատակ ունի։ Միջանկյալ բանակցությունները, բանակցային այս կամ այն փուլից հետո հրապարակվող փաստաթղթերը, տարբեր հայտարարությունները սոսկ միջոցներ են, որոնք սպասարկում են Փաշինյան-Ալիև գլխավոր համաձայնությանը։

Ըստ էության՝ Նիկոլը գործնականում զբաղված է ոչ թե Արցախի հիմնախնդրի լուծման հայանպաստ տարբերակներ որոնելով (նա փաստացի համաձայնել է Ալիևի թեզին, որ ԼՂ հարց այլևս գոյություն չունի), այլ ընդամենը ժամանակ ձգելով, ինչի համար, ի թիվս այլ քայլերի, անձամբ, սեփական ընտանիքի անդամների, քաղաքական թիմի ծաղրածուների միջոցով զբաղեցնում է հասարակությանը։ Հենց դրանով է պայմանավորված, որ, այսպես կոչված «առաջին տիկինը» օրումեջ անհեթեթ գրառումներ է կատարում, ինքը զանազան մակագրությամբ սաղավարտներով լուսանկարներ է հրապարակում, իշխանական պատգամավորները մրցում են մեկը մյուսից ավելի հակաբանական հայտարարություններ անելու հարցում՝ հընթացս այս կամ այն բիզնեսում տեղավորվելով, այս կամ այն առանձնատունը ձեռք բերելով, օր օրի ավելացնելով իրենց ֆինանսական կարողությունները։

Ցավալին այն է, որ հասարակությունը կամ դրա, առնվազն, քաղաքականացված հատվածը հեշտորեն կուլ է տալիս խայծը, պլանային ճշգրտությամբ լծվում է իշխանական հերթական զառանցանքը կամ խայտառակությունը մեկնաբանելու, քննադատելու, հայհոյելու անօգուտ գործին։ Միաժամանակ, ներքին շերտերում տեղի են ունենում Արցախն Ադրբեջանին հանձնելու գործընթացի վերջնական, ստորջրյա գործողությունները, որոնց վերջնարդյունքի մասին կհայտարարվի արդեն՝ որպես կայացած փաստ։

Պատերազմի ավարտին հաջորդած երկուսուկես տարիները Փաշինյանին տվել են վստահություն, որ իր կողմից կատարվող ցանկացած քայլ լավագույն դեպքում արժանանում է հանրային դժգոհությունը պարպելու որևէ ակցիայի կամ ակցիաների շարքի, որը, սակայն, գործառութային իմաստով չի խանգարում իրեն անել այն, ինչ ցանկանում է։ Բայց որպեսզի դա տեղի ունենա ավելի հեշտ, անհրաժեշտ է հանրային աղմուկ, հասարակության ուշադրությունը շեղող միջոցառումներ, «ղալմաղալ-շուխուր», սոցցանցային ցասումներ, բայց կարևոր է, որ դրանք կապ չունենան Արցախի հետ։

Ստեղծված իրավիճակում Նիկոլի համար ամենաառանցքայինն այն է, որ տեղի չունենա հանրային մոբիլիզացիա մեկ գլխավոր խնդրի՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու իր իսկ քաղաքականության դեմ։ Այս հարցում նրան աջակցում են ոչ միայն հանրային անտարբերությունը, այլ նաև այն բոլոր քաղաքական, քաղաքացիական խմբերը, որոնք հնարավորություն ունեն գեներացնելու հանրային մոբիլիզացիա, բայց դա չեն անում ամենատարբեր պատճառներով՝ սկսած սովորական ծուլությունից ու մտքի բացակայությունից, մինչև իշխանության հետ ստվերային պայմանավորվածություններ։ Ասել է թե, ընդհանուր տեղի ուենցածի արդյունքում՝ Փաշինյանը գրեթե անարգել պատրաստվում է Արցախն Ադրբեջանին հանձնելու վերջնական արարին։

Արմեն Հովասափյան