Foto

Միայն 2026-ին Մուրացան հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է.

«Հիշե՛ք զգոն ծնողը լավագույն պաշտպանությունն է երեխայի անվտանգության համար․ Միայն 2026 թվականին Մուրացան հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերից` 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը` մինչև 18 տարեկան բնակչության շրջանում։

Քիմիական թունավորումները երեխաների շրջանում շարունակում են մնալ հանրային առողջապահական առաջնահերթությունների շարքում, դրանք չեն սահմանափակվում միայն մեկ երեխայի առողջական խնդրով, այլ լուրջ բեռ են պետության համար: Թունավորված երեխաները պահանջում են թանկարժեք վերակենդանացման ծառայություններ, երկարատև հոսպիտալացում և երբեմն վիրահատական միջամտություններ (օրինակ՝ կերակրափողի քիմիական այրվածքների դեպքում): Որոշ քիմիական նյութեր (կապար, ծանր մետաղներ խաղալիքների մեջ, թթուներ) կարող են թողնել մնացորդային ծանր հետևանքներ՝ նյարդային համակարգի խանգարումներ, կերակրափողի նեղացում և ներքին օրգանների անդառնալի վնասում: Շատ քիմիական նյութեր վաճառվում են վառ, գրավիչ գույներով և չունեն «երեխաներից պաշտպանող» հատուկ կափարիչներ: Բացի այդ, ծնողները հաճախ ժավելը կամ ացետոնը լցնում են հյութի կամ ջրի շշերի մեջ, ինչը սխալ է:

Միայն 2026 թվականին Մուրացան համալսարանական հիվանդանոցում արձանագրվել է քիմիական թունավորման 431 դեպք, որից օրգանական նյութերից` 18 դեպք, դրանցից շուրջ 66% կազմել է ացետոնից թունավորման դեպքերը` մինչև 18 տարեկան բնակչության շրջանում:

Ացետոնը քիմիական նյութ է, որն օգտագործվում է որպես լուծիչ՝ եղունգների լաքը հեռացնող միջոցներում, ներկերի, սոսինձների և որոշ կենցաղային ու արդյունաբերական արտադրանքների մեջ։ Այն անգույն, հեշտ գոլորշիացող և սուր հոտ ունեցող հեղուկ է։ Չնայած կենցաղում լայն կիրառությանը՝ ացետոնը կարող է վտանգավոր լինել առողջության համար, հատկապես երեխաների համար։ Ացետոնից թունավորումը կարող է առաջանալ՝

• ացետոն պարունակող հեղուկը պատահաբար խմելու դեպքում,
• մեծ քանակությամբ գոլորշիներ շնչելու դեպքում,
• մաշկի կամ աչքերի հետ երկարատև շփման արդյունքում,
• փակ և վատ օդափոխվող տարածքներում աշխատելիս։

Երեխաները հատկապես խոցելի են, քանի որ կարող են շփոթել հեղուկը ջրի կամ այլ խմիչքի հետ։
Թունավորման նշանները կախված են ներթափանցած նյութի քանակից և ազդեցության տևողությունից։ Հիմնական ախտանշաններն են` գլխացավ, գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, փսխում, քնկոտություն, աչքերի, քթի և կոկորդի գրգռում։ Այս ախտանշանները ի հատ են գալիս թեթև և միջին ծանրության թունավորման դեպքում:

Եթե երեխան կամ մեծահասակը խմել է ացետոն

• Անմիջապես դադարեցրեք նյութի հետ հետագա շփումը։
• Տուժածին տվեք փոքր քանակությամբ ջուր, եթե նա գիտակից է և կարող է կուլ տալ։
• Չի թույլատրվում ինքնուրույն փսխում առաջացնել։
• Անմիջապես դիմեք շտապ բժշկական օգնության կամ բժշկական կազմակերպություն:
Եթե տեղի է ունեցել գոլորշիների ներշնչում
• Տուժածին տեղափոխեք մաքուր օդ։
• Թուլացրեք սեղմող հագուստը։
• Հետևեք շնչառությանը։
• Եթե շնչառությունը դժվարացած է կամ տուժածը կորցնում է գիտակցությունը, անհապաղ կանչեք շտապ օգնություն։

Եթե ացետոնը հայտնվել է աչքերում

• Աչքերը լվացեք առատ հոսող ջրով առնվազն 15 րոպե։
• Դիմեք բժշկի, նույնիսկ եթե գրգռումը նվազել է։
Եթե ացետոնը հայտնվել է մաշկին
• Հանեք աղտոտված հագուստը։
• Մաշկը լվացեք օճառով և մեծ քանակությամբ ջրով։
Ինչպե՞ս կանխարգելել թունավորումը
Ծնողները կարող են զգալիորեն նվազեցնել վտանգը՝
• ացետոն և այլ քիմիական նյութեր պահել երեխաների համար անհասանելի վայրերում,
• նյութերը պահելով միայն իրենց բնօրինակ տարաներում` մակնշված
• երբեք չլցնելով դրանք ջրի կամ ըմպելիքի շշերի մեջ,
• օգտագործելուց հետո տարաները ամուր փակել,
• աշխատելիս ապահովել լավ օդափոխություն,
• երեխաներին վաղ տարիքից սովորեցնել չդիպչել և չօգտագործել անհայտ հեղուկներ։

Հիշե՛ք

Ացետոնից թունավորումը կանխարգելելի դեպք է։ Քիմիական նյութերի անվտանգ պահպանումը և դրանց հետ ճիշտ վարվելը կարող են կանխել լուրջ առողջական հետևանքները, հատկապես երեխաների շրջանում։ Եթե կասկածում եք թունավորման որևէ դեպքի, մի զբաղվեք ինքնաբուժմամբ և անհապաղ դիմեք բժշկական օգնության։

Զգոն ծնողը լավագույն պաշտպանությունն է երեխայի անվտանգության համար»։