Foto

Մարմնամարզության նոր դպրոց կկառուցվի

«Հրազդան» մարզադաշտին կից տարածքում մարմնամարզության նոր մարզադպրոց կկառուցվի։ Գործադիրի այսօրվա նիստում այդ մասին հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Նախարարը պարզաբանեց, որ նման որոշման անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ 2019թ-ին կառավարությունը որոշել է վերանորոգել Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոցի շենքը։
«Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 1960-ական թվականներին կառուցված շենքը ժամանակակից մարզադպրոցների նորմերին չի համապատասխանում և անհրաժեշտ է իրականացնել շինության վերակառուցում, ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում, որի համար կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ: Փոխարենը նպատակահարմար է գտնվել այլ հողամասում կառուցել ժամանակակից պայմաններին և տեխնիկական պահանջներին համապատասխանող նոր մարզադպրոց, որի համար էլ առաջարկվել է Հրազդանի կիրճ հ.4 հասցեում գտնվող գույքից առանձնացվող 15509.0քմ մակերեսով հողամաս, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը»,-մանրամասնեց Սանոսյանը։

Նախարարը նաև հայտնեց, որ մրցույթն արդեն անցկացվել է, նախագծող ընկերությունը հայտնի էև առաջիկայում կմեկնարկեն մարզադպրոցի նախագծման և կառուցման աշխատանքները։

Նախարարը նաև նշեց, որ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ գտնվող այդ տարածքում արդեն իսկ մի շարք մարզական օբյեկտներ կան։

«Մարզադպրոցը կհամալրի դրանք։ Այն ունենալու է մեծ դահլիճներ, ստորգետնյա ավտոկայանատեղի, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներ, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Այսինքն` համապատասխանելու է բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար»,- ասաց Սանոսյանը։