Այսօր մեր տարածաշրջանը եռում է աշխարհաքաղաքական շահերի ուղղակի բախման պատճառով, և. չնայած Հարավային Կովկասում արևմտյան ակտիվության վերաբերյալ Ռուսաստանից հնչող դիվանագիտական դժգոհություններին, հայ-ադրբեջանական սահմանին ու Արցախյան շփման գծում միջադեպերին ու ադրբեջանական տեղեկատվական սադրանքներին, ԱՄՆ-ն վերջին օրերի ընթացքում ամենօրյա ռեժիմով անդրադառնում է Երևան-Բաքու գործընթացին և ԱՄՆ ներգրավվածությանը ռեգիոնում: Փաշինյանի ու Ալիևի հետ հեռախոսազրույցներից հետո՝ օրերս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են շուտով խաղաղության շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել: «Հնարավորություն կա։ Չեմ ուզում չափազանցնել, բայց կա բարենպաստ հնարավորություն՝ իրապես ավարտին հասցնելու խաղաղության պայմանագրի նախապատրաստումը»,- ասել էր Բլինքենը: Նրա խոսքով՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատմանը, և այլն»։
Ըստ էության Նիկոլ Փաշինյանը,
արձագանքելով Բլինքենի դիտարկումներին, թվիթերյան միկրոբլոգում թեմայի հետ կապված գրառում
էր արել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կկնքվի խաղաղության պայմանագիր, և այն հիմնված
կլինի բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պաշտոնական հայտարարությունների վրա։
«Նոր էսկալացիա չի լինի։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն աջակցի այս նարատիվին»,-
նշել էր նա: Ավելին, այս գրառմանն արձագանքել է Պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ
Պատելը՝ նշելով, որ Բլինքենը մեծապես ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության
բանակցությունների կազմակերպման գործում:
Թերևս պետք է փաստենք, որ ԱՄՆ պետքարտուղարի համար Հարավային Կովկասում երկու կարևոր հարց կա՝ Ռուսաստանն ու Իրանը՝ հատկապես ներկայումս, երբ ռուս-իրանական հարաբերությունները բավականին կառուցողական փուլում են: Հենց այս երկու երկրների պատճառով և ԱՄՆ կամ Արևմուտքի ազդեցությունը այստեղ խորացնելու նպատակով ակտիվ առաջ է մղվում Երևան-Բաքու կարգավորման արևմտյան օրակարգը, որում կարծես Երևանը հետաքրքրված է, և հավելյալ հետաքրքրություն գործընթացի նկատմամբ կարող է լինել Ադրբեջանի մոտ, եթե 907-րդ փոփոխության հարցում Ադրբեջանը հասնի նրան, ինչի համար մշտապես պայքարել է: Իսկ ԱՄՆ-ը Ադրբեջանին աջակցել է մշտապես հենց Իրանից պաշտպանության կամ Իրանին զսպելու նպատակով: Այս թեման ներկայումս էլ ավելի ակտուալ է դարձել, քանի որ կա ադրբեջանաիրանական լարվածություն՝ Հարավային Կովկասում Իրանի աճող դերակատարության պատճառով: Գաղտնիք չէ նաև, որ Իրանը ռեալ զսպող դերակատարություն ունի տարածաշրջանում, սակայն, միևնույն ժամանակ, Իրանը դեմ է արտատարածաշրջանային ուժերի այսչափ ներկայությանը Հարավային Կովկասում, որի մասին անընդհատ խոսում է, այդ թվում՝ Երևանում, թեև Երևանը հետաքրքրված է այս մասով:
Հասկանալի է, որ ամերիկյան
կողմը, որպես գերտերություն, երկար չի զբաղվելու այս հարցում Երևանի ու Բաքվի առանձին
կարիքներով, այլ ձգտելու է հասնել վերջնարդյունքի՝ այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրի»
ստորագրման տեսքով: Ավելին, երբ Բլինքենը խոսում է ճնշումների մասին, պետք է խոսել
նաև այն մասին, թե արդյոք այդ ճնշումներն ազդում են, եթե չեն ազդում, ապա միգուցե հետագա
գործընթացը ևս անկայուն ընթացք ունենա, այդ դեպքում հետաքրքրական է, թե ՀՀ իշխանություններն
ինչ դիրքորոշում կունենան:
Կարող ենք փաստել, որ
ներկայումս հուսալի գործընթաց չկա, որքան էլ լավատեսությունը մեծ է, և գլխավոր պատճառներից
մեկը Ռուսաստան-Արևմուտք պատերազմն է, դրանից բխող աշխարհաքաղաքական ծանր հետևանքներով,
վերադասավորումներով: Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ տարիներ շարունակ
շրջանառվել է Ռուսաստանի կողմից կողմերին զենք վաճառելու թեման, իսկ ներկայումս, եթե
ԱՄՆ-ն, լինելով միջնորդ, կարող է մեծացնել սպառազինության տրամադրումն Ադրբեջանին՝
թեկուզ Իրանի զսպման պատճառաբանությամբ, դա շարունակում է խախտել տարածաշրջանային ռազմական
բալանսը, հատկապես, երբ այդ նույն երկիրը ՀՀ-ին զենք չի մատակարարում:
Սա իր հերթին խոսում է
այն մասին, որ եթե այդ վերոնշյալ փոփոխությունը լիովին վերացվի, ապա հարավկովկասյան
տարածաշրջանում ռազմական անհավասարակշռությունը կշարունակի խորանալ, ինչը, հակամարտությունների
չկարգավորվածության պայմաններում, չափազանց ռիսկային է:
Արմեն Հովասափյան









