Foto

Երկու կողմ նայողները

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չէր բացառել, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով կարող են խաղաղության համաձայնագիր ստորագրել։ «Կարծում եմ, որ կա հնարավորություն, չեմ ուզում ուռճացնել, բայց հնարավորություն, որը թույլ է տալիս փաստացի ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստումը»,- ասել է նա: Ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման խնդրով՝ նպաստելով, որ կողմերը «հասնեն խաղաղ համաձայնագրի ձեռքբերմանը, որը կկարգավորի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունները», ինչպես նաև կվերաբերի «Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներին և պաշտպանությանը», «սահմանի սահմանազատմանը և այլն»։ Մասնավորապես՝ իր խոսքում նա ընդգծել էր«Մենք դա չենք պարտադրում Հայաստանին: Մենք արձագանքում ենք Հայաստանի արտահայտած մեծ ցանկությանը, որը ցանկանում էր տեսնել, թե արդյո՞ք մենք կարող ենք օգնել նրանց՝ հասնել համաձայնության, որը գոնե հիմնականում վերջ կդնի ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությանը»: Միաժամանակ նա նշել է՝ «Լաչինի միջանցքում իրական խնդիրները»։

Ըստ էության՝ ամերիկյան կողմի լավատեսությունը դրական է, սակայն պետք է նաև նշել, որ ամերիկյան կողմը, որպես առանձին միջնորդ, այս հակամարտությունում նոր է և նոր է սկսում առնչվել այս մարտահրավերին: Մյուս կողմից՝ ԱՄՆ-ն ամենաազդեցիկ միջնորդն է, սակայն հակամարտությունը բարդ պատմություն ունի՝ ազդված Ռուսաստանից:

Որպես կանոն՝ նմանատիպ հակամարտություններին բնորոշ է նաև պայմանավորվածությունների ոտնահարումը, որը ավելի սուր  բնույթ է ստանում համաշխարհային անկայունության և աշխարհակարգի, զսպող մեխանիզմների բացակայության պայմաններում: Ուստի բարդ է ասել, թե՝ արդյոք մո՞տ է այս հնարավորությունը, թե՞ ոչ: Թերևս այս հակամարտությունն ամենաբարդերից է, որտեղ սրվել է Ռուսաստան-Արևմուտք մրցակցությունը:

Խնդրի ողջ բարդութունը կայանում է նրանում, որ կողմերը մեկ բան պայմանավորվում են ԱՄՆ-ում կամ Բրյուսելում, մեկ այլ բան կարող են խոսել Մոսկվայում: Մեկ հարթակում բանակցություններն ունեն այլ արդյունավետություն, իսկ բանակցությունները հակամարտող հարթակներում՝ այլ, ու դա ունի որոշ վտանգներ, երբ իրավիճակից կարող են օգտվել թե՛ դրսի, թե՛ ներսի տարածաշրջանային խաղացողները: Մյունխենից հետո կար պայմանավորվածություն՝ հանդիպել Բրյուսելում, սակայն, ինչպես տեսնում ենք, դա ձգձգվում է, դրա փոխարեն՝ գուցե լինի մեկ այլ հանդիպում Մոսկվայում: Այսինքն՝ գործընթացը չունի կայուն ընթացք, հատկապես որ, կան նաև միջադեպեր:

Արմեն Հովասափյան