Վերջին ամիսներին իրեն
Երևանի ապագա քաղաքապետ երևակայող Տիգրան Ավինյանն ամեն ջանք գործադրում է՝ համոզելու,
որ Երևանում մետրոյի նոր կայարան են կառուցելու․ «ի հեճուկս բոլոր թերահավատների՝
Աջափնյակի կայարանը կառուցվելու է»,-իր հարցազրույթներից մեկի ժամանակ նշել էր նա։
Իրականում, եթե հավատալու
լինենք սրանց, Աջափնյակի կայարանը վաղուց կառուցած պիտի լինեին։ Երևանի քաղաքապետի
նախորդ ընտրության ժամանակ էին խոստացել կառուցել այդ կայարանը, և ոչ միայն՝ Աջափնյակի
կայարանը։ Այս պահին ունենք այն, որ ավարտվել են կայարանի ընդամենը նախագծման առաջին
փուլի աշխատանքները։ Ակնկալվում է, որ ամբողջական նախագիծը պատրաստ կլինի միայն տարվա
վերջին։ Խոստացել էին, որ մետրոյի կայան, այն էլ՝ ամենաքիչը մեկ կայան, պետք է կառուցեն։
Ասել է թե, առնվազն ևս 4 տարի անհրաժեշտ կլինի նախագիծն իրականացնելու և շինարարական
աշխատանքները կատարելու համար։ Բայց մինչ այդ դեռ պետք է լուծվի կայարանի կառուցման
ֆինանսավորման հարցը։
Ըստ էության՝ այն, ինչ
Ավինյանը խոստանում է, «ի հեճուկս թերահավատների», դատարկ խոստում է, քանի որ դրա տակ
բացարձակ փող չկա, իսկ կարևորն այս ամենի մեջ փողն է, քանի դեռ չի լուծվել կայարանի
կառուցման ֆինանսավորման հարցը, մնացածը փուչիկ է։ Այս դեպքում խոսքը ոչ թե միլիոնների,
այլ տասնյակ, նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների մասին կարող է լինել, որը քաղաքապետարանը
չունի։ Ուստի, մտադիր են կայարանը կառուցել վարկերով ու կրկին ժողովրդի հաշվին։
Փաստացի Նիկոլ Փաշինյանն
այն եզակի ղեկավարներից է, ով նախկինում դեմ լինելով վարկեր վերցնելուն, իր իշխանության
4,5-5 տարիներին ամենաշատն է ծանրաբեռնել պետական պարտքը՝ ներգրավելով նոր վարկեր ու
ֆինանսական միջոցներ։ Բյուջեի աննախադեպ աճերից, հարկերի հավաքման պատմական ռեկորդներից
են խոսում, բայց այս ընթացքում հասցրել են պետության վրա հսկայական պարտքային բեռ կուտակել․ հինգ տարում՝ շուրջ 4 մլրդ
դոլար։ Չմոռանանք, որ իշխանազավթման պահին ՀՀ պետական պարտքը 6,7 մլրդ դոլար է, այսօր
հասել է 10,7 միլիարդի։ Գրեթե 25 տարում նախորդ բոլոր իշխանությունները 6,7 միլիարդի
պարտք են կուտակել, իսկ միայն Փաշինյանն ու իր քաղաքական թիմը կուտակել է 4 միլիարդ
դոլար, և դեռ շարունակում են մեծ տեմպով պարտք ավելացնել։ Ավելին, ոչ միայն պարտքն
են ավելացրել, այլև հասցրել են էապես թանկացնել։ Բանն այն է, որ պարտքն ավելացրել են
թանկ փողերով, ինչի հետևանքով այսօր ունենք աննախադեպ ծանր պարտքի բեռ՝ ոչ միայն անվանական
արտահայտությամբ, այլև բարձր գնով։ Պարտքի միջին տոկոսադրույքը հասել է առևտրային վարկերի
տոկոսադրույքներին (տարեկան հարյուրավոր միլիոն դոլարներ են վճարում միայն պարտքի տոկոսները
վճարելու համար)։
Այստեղ շատ կարևոր է այն
փաստը, թե այդ կայարանի կառուցումը որքանով արդյունավետ կարող է լինել, և արժե՞ արդյոք
այդքան միլիոններ ծախսել այն կառուցելու համար։ Իրականում հիմնավորումները, որոնք ներկայացնում
են կայարանի կառուցման համար, շատ թույլ են։ Հենց դա է նաև եղել պատճառը, որ այսքան
ժամանակ կայարանը չի կառուցվել, թեև շուրջ 30 տոկոս աշխատանքներն արված են։ Դրա վրա
դեռ միլիոնավոր դոլարներ պիտի ծախսվեն, որոնք ուզում են անել՝ պետությանը նոր վարկերի
տակ դնելով։ Այնպիսի տպավորություն է, որ իրենք ամենախելացին են, իսկ «նախկիններն»
այդքան բան չէին գիտակցում կամ չէին կարող պարտքեր վերցնել ու մետրոյի կայարան կառուցել։
Անհերքելի է ու անվիճելի,
որ սրանք պետության փողերն ուզածի պես շաղ են տալիս, միլիոններով պարգևավճարներ են
վճարում, թանկարժեք մեքենաներ գնում, գրասենյակներ վերանորոգում ու կահավորում, հազար
ու մի անիմաստ ծախսեր են անում, իսկ երբ հերթը հասնում է մետրոյին, ուզում են վարկերով
կառուցել։ Մինչև հիմա էլ Երևանի տրանսպորտի
հետ կապված խնդիրները, որ ինչ-որ կերպ փորձել են լուծել, էլի վարկերով են արել՝ վարկեր
են վերցրել ու ավտոբուսներ գնել։
Սա շատ էժան ու պրիմիտիվ
տրյուկ է, որով փորձում
են ընտրություններից առաջ տպավորություն ստեղծել, թե կատարում են իրենց խոստումը՝ մետրոյի
կայարան են կառուցում։ Այնինչ՝ նոր կայարանի կառուցման համար մեկ քար անգամ չեն դրել։
Ամեն ինչ այս պահին միայն թղթի վրա է, ճիշտ այնպես,
ինչպես այն բազմաթիվ խոստումները, որոնք տվեցին 4-5 տարի առաջ, եկան իշխանության, ու
տեսանք, թե ինչ արեցին։
Արմեն Հովասափյան









