Ադրբեջանը պատրաստ է դիմելու նոր ագրեսիայի և սպասվում է ուղղակի հարմար պահի: Եվ այդ պահն ամենայն հավանականությամբ նորից պայմանավորված է ուկրաինական ռազմաճակատում տեղի ունեցող զարգացումների հետ: Բանն այն է, որ կոլեկտիվ Արևմուտքը Ուկրաինայում պատրաստվում է հակագրոհի, որն ամենայն հավանաանությամբ տեղի է ունենալու գարնան երկրորդ կեսերին : Ադրբեջանը այս անգամ էլ, ինչպես ուկրաինական սեպտեմբերյան հակագրոհի ժամանակ, փորձելու է օգտվել ստեղծված հանգամանքից: Իրավիճակը լուրջ վերաբերմունքի կարիք ունի.
1. Չնայած քարոզչական թեզին, թե աշխարհի երկրորդ բանակը չի կարողանում ծնկի բերել Ուկրաինային, իրականում անհեթեթություն է: Կոմպետենտության անգամ ցածր մակարդակ ունեցողները հասկանում են, որ Ռուսաստանի դեմ կռվում է ոչ թե ուկրաինական բանակը, այլ արևմտյան հզոր ռազմական մեքենան՝ առաջադեմ զինատեսակներով ու մարտավարությամբ, ագենտուրայով, օդատիեզերական և ռադիոէլեկտրոնային հետախուզությամբ, օպերատիվ կառավարմամբ և կադրային ներգրավմամբ, դիվանագիտական ու տնտեական ռեսուրսներով և այլն: Միայն ԵՄ-ին Ուկրաինայի պարտքը կազմում է 132 մլրդ դոլլար : Եվ միայն այս հանգամանքը վկայությունն է, որ Արևմուտքը ահռելի խաղադրույք է կատարել ուկրաինական խաղաղքարտի վրա:
2. Չնայած մարդկային ահռելի կորուստներին՝ Ուկրաինան այսօր էլ ունի բավական մարդկային ռեսուրս, եթե ոչ ռազմավարական հակագրոհ, ապա մարտավարական հաջող գրոհներ ձեռնարկելու համար : Դրանք գուցե և վերջնական հաջողության համար բավարար չլինեն, բայց ժամանակավոր արդյունքներ կարող են գրանցել: Այս առումով արևմտյան լրատվամիջոցներում վերջին շրջանում տիրաժավորվող տեղեկությունները ուկրաինական բանակի անմխիթարության վերաբերյալ, ավելի շատ ապատեղեկատվություն են պլանավորված գործողություններից առաջ: Իհարկե, Ուկրաինան այս գործողությունների դիմաց վճարելու է հերթական մեծ գինը, բայց դա ամենաքիչն է հետաքրքրում Արևմուտքի չինովնիկներին: Վաղուց այդ երկրում սեփական շահերը ստորադաս են բազմաշերտ մյուս շահերի նկատմամբ:
3. Ռուսաստանը, չնայած լայն ճակատով Արևմուտքի հարձակումներին, այսօր էլ ունի բավականաչափ ռեսուրս հաջող դիմագրավելու հակագրոհների ցանկացած փորձի: Պարզապես անհրաժեշտ է թերահավատորեն չվերաբերել հակառակորդի ներուժին և ձգտումներին, ինչը նկատելի էր մինչև սեպտեմբեր Ռուսաստանի գործողություններում: Նախորդ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ուկրաինացիները մոտ 30 տարբեր մասշտաբների փորձ կատարեցին հակագրոհներով վերադարձնելու Խերսոնը, բայց դրանք բոլորն էլ մեծ հաշվով տապալվեցին, բայց դա չխանգարեց մեկ այլ տեղում հակագրոհով հասնելու նկատելի հաջողության: Խոսքը սրա մասին է : Համոզված եմ, որ ռուսական զինվորական շրջանակներում համապատասխան հետություններ այս առումով արվել են:
4. Հայաստանի վարչապետի աթոռը զավթածի <<լավատեսությունը>>, թե էսկալացիա չի լինելու, չգիտեմ որտեղի՞ց է սնուցվում, բայց այն, որ Միացյալ Նահանգներից շարունակ նախազգուշացնում են Իրանին՝ հեռու մնալ Ադրբեջանի դեմ հնարավոր գործողություններից, իսկ Իրանից շարունակ հայտարարում են, թե թույլ չենք տա տարածաշրջանային քարտեզի այնպիսի փոփոխություններ, որոնք կհակասեն մեր շահերին, խոսում է նորից Ադրբեջանի հավանական ագրեսիայի մասին : Եվ եթե ավելի պարզ՝ Ադրբեջանի ձգտումները համահունչ են Միացյալ Նահանգների տարածաշրջանային նպատակներին, որոնց ներկա պահին կարող է խոչընդոտել Իրանը, եթե Ռուսաստանը, կապված ուկրաինական թեժացման հետ, ֆիզիկապես ի վիճակի չլինի վերահսկելի տիրույթում պահելու տարաաշրջանային իրավիճակը: