Մոսկվայում օրերս կայացած Լավրով-Միրզոյան ասուլիսը ցույց տվեց, որ նախկինի համեմատությամբ ՌԴ պաշտոնական մոտեցումը ԼՂ կարգավիճակի հարցում փոխվել է: Նա ընդգծել է․ «Մենք կողմերին դրան ենք մղում, դրանով հետաքրքրված է նաև Հայաստանը, անխոս, մեզ համար կարևոր է հասկանալ, թե որքանով որակով կլինեն այդ պայմանավորվածությունները: Մինսկի պայմանավորվածություններում նշվում էր այն մասին, թե ինչպիսի իրավունքներ պետք է լինեն Ուկրաինայի Արևելյան հատվածում այդ պայմանավորվածությունների համապատասխան՝ մայրենի լեզվի իրավունք, երեխաներին այդ լեզուն սովորեցնելու իրավունք, ապրել, աշխատել՝ օգտագործելով այդ լեզուն, պահպանել սեփական մշակույթը, պահպանել սեփական կրոնը, ունենալ ինքնակառավարման հնարավորություն և ունենալ հատուկ կապեր՝ տնտեսական, առևտրային, սեփական հայրենակիցների հետ: Մոտավորապես այդպիսի իրավունքներ դիտարկվում էին տասը տարի առաջ Բելգրադի ու Պրիշտինայի միջև ստորագրված Կոսովոյի սերբական ինքնակառավարման մարմիններ ստեղծելու մասին համաձայնագրում։ Կարծում եմ, որ ղարաբաղցիների համար մոտավորապես իրավունքների այսպիսի հավաքածու անհրաժեշտ կլինի»: Այսինքն, մեծ հաշվով, ՌԴ-ն աջակցում է այն դիրքորոշմանը, որը հայտնել է Նիկոլ Փաշինյանը ժամանակին՝ ընդգծելով, որ ԼՂ բնակիչների անվտանգության երաշխիքների հարցերը, նրանց իրավունքների ապահովումը պետք է որոշվեն Ղարաբաղի ու Բաքվի ներկայացուցիչների միջև:
Ըստ էության՝ կողմերը
բաց և հասկանալի անդրադարձան բոլոր սուր հարցերին, արտացոլվեց նաև այն լարվածությունը,
որը կա հարաբերություններում ՀԱՊԿ անդամակցության, Հայաստանում հակառուսական տրամադրությունների,
ՀՀ-ում ԵՄ առաքելության, ՀՀ-Արևմուտք հարաբերությունների, Արևմուտքի հարավկովկասյան
քաղաքականության, բանակցություններում Արևմուտքի «ներխուժման» հարցերի շուրջ: Դժվար է ասել, թե այս հանդիպմանը հաջողվեց հայ-ռուսական հարաբերություններում մթնոլորտ
փոխել, քանի որ այդ տարաձայնությունները նկատվեցին մամուլի ասուլիսի ողջ ընթացքում:
Թերևս, որպես միակ դրական փաստ, կարելի է նշել, որ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում ՌԴ միջնորդությամբ նախարարների եռակողմ հանդիպում տեղի կունենա (ինչի մասին կառավարության հարցուպատասխանի ժամանակ նշեց նաև Միրզոյանը), սակայն դրա հնարավոր արդյունքների հարցում կասկածներ կան, քանի որ ընդհանուր առմամբ բանակցությունները բարդ ընթացք ունեն նաև այն հարթակում, որտեղ հիմնականում ծավալվում են՝ Արևմուտքում, հանդիպումներ են ծրագրվում, ապա՝ չեղարկվում, մեծանում է էսկալացիայի վտանգը: Կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանի կողմից նախարարական հանդիպում կազմակերպելու ցանկությունը միջանկյալ բնույթ է կրում՝ ցույց տալու, որ Ռուսաստանը լիովին դուրս չէ գործընթացից կամ ժամանակ առ ժամանակ ծանոթանում է նորություններին՝ հստակ հասկանալով, որ բանակցությունները երկարաձգվում են, իսկ Ռուսաստանը դեռ նոր նախաձեռնություններով չի ցանկանում հանդես գալ:
Մոսկովյան բանակցությունների նորությունն այն էր, ինչ ասաց Լավրովը Արցախի հնարավոր
կարգավիճակի վերաբերյալ՝ փորձելով հարմարվել այն քաղաքական միտումների շրջանակում,
որոնք ձևավորվել են տարածաշրջանում: Ըստ էության՝ Վլադիմիր Պուտինն առաջարկեց հետաձգել
Արցախի կարգավիճակի հարցը՝ այն թողնելով սերունդներին, սակայն կողմերը կա՛մ չհամաձայնեցին
այս փաթեթին, կա՛մ Արևմուտքում այլ փաստաթղթերի շուրջ համաձայնություններ ձեռք բերեցին:
Ի դեպ՝ սա ավելի հեշտ ճանապարհ է միջնորդի համար, քան նախորդ փաթեթը, թեև նման հակամարտությունների
դեպքում դժվար է նաև կանխատեսել, թե ուր կհասնեն կողմերը երկարատև բանակցությունների
արդյունքում:
Արմեն Հովասափյան









