Foto

Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և, իհարկե, բոլորովին նոր ստանդարտի վարձատրություն․ Փաշինյան

Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հավանություն է տվել «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է փրկարար ծառայությունում փրկարարական ծառայության անցնելու մասին պայմանագիր կնքելը կանոնակարգելու, ինչպես նաև փրկարար ծառայությունում ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, պատշաճ մասնագիտական պատրաստվածություն ապահովելու, փրկարարական ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու և կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ։ Օրենքի նախագծով նախատեսվում է կանոնակարգել փրկարարական ծառայողների ծառայության անցնելու պայմաններն ու կնքվող պայմանագիրը, ինչպես նաև առաջարկվում է ներդնել ատեստավորման նոր համակարգ, որի արդյունքներով փրկարարական ծառայողների համար կհաշվարկվի հավելավճար, որի կարգը, պայմաններն ու վճարման չափը կսահմանվի Կառավարության որոշմամբ։ Օրինագծով՝ ատեստավորման գործընթացը, որպես փրկարարական ծառայողների աշխատավարձի բարձրացման գործիքակազմ, մեկնարկելու է 2023 թվականի մայիսից: Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունքը պահպանվում է 3 տարի՝ բացառությամբ մրցույթի արդյունքներով առաջխաղացմամբ պաշտոնի նշանակման դեպքում։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրինագծին և նշել. «Ուզում եմ հիշեցնել, որ մեր խնդիրն այս համակարգերում ատեստավորման միջոցով աշխատավարձերը-մասնագիտական որակները առնվազն կրկնապատկել է: Մեզ անհրաժեշտ է բոլորովին նոր ստանդարտի փրկարար ծառայություն և, իհարկե, բոլորովին նոր ստանդարտի վարձատրություն»: