Foto

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ԼՂ-ում միջադեպերի աճով․ Զախարովա

Թշնամական հռետորաբանության և ԼՂ-ում միջադեպերի աճը, ինչպես նաև Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակում փոխզիջումների գնալու՝ կողմերի պատրաստակամության պակասը մտահոգության տեղիք է տալիս։ Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում խաղաղ գործընթացն այլընտրանք չունի։ Միաժամանակ, նա ընդգծել է, որ լայնածավալ խնդիրներ են առաջացել Հարավային Կովկասում Արևմուտքի հայտնվելու պատճառով։

«Խաղաղության գործընթացն այլընտրանք չունի։ Այս հարցում մենք վճռական ենք և ևս մեկ անգամ վերահաստատում ենք մեր դիրքորոշումը։ Կոչ ենք անում կողմերին՝ զսպվածություն դրսևորել իրենց հայտարարություններում և գործողություններում, ինչպես նաև վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղիների շուրջ։ Հենց Արեւմուտքը հայտնվեց Հարավային Կովկասում, անմիջապես ի հայտ եկան լայնածավալ խնդիրներ։ Խաղաղության և օգնելու ցանկության մասին բոլոր խոսքերի հետևում մենք իրականում տեսնում ենք Արևմուտքի հայտարարությունների հակառակ ու հակադիր իրավիճակ»,- ասել է Զախարովան։

Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հայտարարությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության փաստաթղթի հնարավոր մոտալուտ ստորագրման մասին՝ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ չի ցանկանում մեկնաբանել «չիրագործված իրադարձության» հեռանկարները։ «Առայժմ մեկնաբանելու ոչինչ չկա»,- ասել է Զախարովան։


Տաթև Ֆռանգյան