Foto

Որպես հասարակություն, պետք է ստիպենք պետությանը հասկանալ, որ ինքը մեր պետությունն է. ռազմական փորձագետ


Մարտի 21-ին տեղի ունեցավ  Համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը։ Հավաքի ընթացքում «Ոգեզէն» համակարգի ներքո գործող անհատներն ու կազմակերպությունները ներկայացրին 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից ի վեր կատարված աշխատանքը, խոսեցին ձեռքբերումների մասին և քննարկեցին ապագա անելիքները: Ռազմական փորձագետ Հրաչյա Արզումանյանի խոսքով՝ պետք է ողջ հասարակությունը ներգրավված լինի երկրի պաշտպանության գործում, և «Ոգեզէնը» հենց դրանով է զբաղված: «Միայն 80 հազարանոց հայկական բանակը չի կարող թշնամու հարձակումները կանխել, իսկ եթե պետությունն ունի, օրինակ, 200 հազարանոց պահեստազոր, որը գիտի, թե ինչ անել ճգնաժամի ժամանակ, պատրաստված է, ապա Հայաստանը մարտահրավերները չեզոքացնելու շանսեր կունենա»,- նշեց ռազմական փորձագետը: Հարցին, թե այդ, պայմանական ասած, 80 հազարանոց բանակը որքանո՞վ է ավելացել «Ոգեզէն»-ի շնորհիվ, Արզումանյանը պատասխանեց, որ դրական արդյունքներ ունեն: «Ինձ համար տպավորիչ է, որ «Ազատազէնի» հրաձգարան մոտ 50 հազար մարդ է այցելել և նրանցին շատերը հենց այնտեղ են իմացել, թե ոնց է կրակում զենքը: 2020թ-ին մեր հասրակությունը բոլորովին այլ իրողության մեջ էր ապրում: Մեկ տարվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է տարվել»,- ասաց Արզումանյանը: Ըստ նրա՝ պետության ներգրավածությունն այս աշխատանքներում պետք է ավելի մեծ լինի: «Մյուս երկրներում, որտեղ նման համակարգ է կառուցվել, հիմնական կազմակերպիչը պետությունն է: Իսկ մեզ մոտ պարադոսքսալ է՝ այդ աշխատանքները սկսել է հասարակությունը: Պետությունը կամաց-կամաց սկսում է միանալ այդ աշխատանքներին»,- նկատեց փորձագետը՝ դժվարանալով վերհիշել պետության կաղմից  արված գործնական քայլերը: Ավելին, նկատեց, որ հատկապես ՊՆ-ի հետ համագործակցություն չի ստացվել, խոստանում էին միանալ, սակայն չեն միանում: Պետությունն այստեղ իներցիոն դեր ունի: Դիտարկմանը, որ գուցե առաջարկները այնպես չեն ներկայացվում, որ կարողանան մաս կազմել պետության ռազմավարական ծրագրերին, բանակաշինությանը, բարեփխումներին՝ եռամսյա հավաքներ, մոդուլային կայաններ, նոր սննդակարգ, ռազմական դրության մասին օրենքի փոփոխություն և այլն, Արզումանյանը նշեց. «Դիմել ենք բոլորին՝ Ազգային ժողով, Պաշտպանության նախարարություն, Անվտանգության խորհուրդ, Արտակարգ իրավիճակների նախարարություն, սակայն պատասխանը շատ իներցիոն էր: Որպես հասարակություն, պետք է ստիպենք պետությանը հասկանալ, որ ինքը մեր պետությունն է: Պետք է մոտեցումներ փոխել, հետսովետական իրավիճակ է, երբ պետությունը հասարակությունից կտրված է: Հասարակությունը պետության դուռը թակում է և ասում է՝ եկել ենք համագործակցենք: Պետությունն ուղղակի հայտարարել է, որ սկսում են փոփոխությունները, բայց թե դրանք ինչպիսին են, դեռ պարզ չէ»: 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան