ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ-ում իր այսօրվա ելույթն սկսեց ընդդիմադիր պատգամավորներին և նախկին բարձրաստիճան պաշտոնյաններին՝ վարչապետներին ու նախագահներին քննադատելով։
Նա դիմեց բաց դռների օրվա շրջանակում ԱԺ–ում ներկա գտնվող դպրոցականներին և նշեց, որ խորհրդարանում շատ կտեսնեն մարդկանց, որոնք ԱԺ դահլիճում խոսում են արժանապատիվ խաղաղության մասին, բայց դրսում հակառակն են խոստացել և բանակցել։
Ալեքսանյանի խոսքով՝ իր նշած պաշտոնյաներն այսօր իրենց՝ գործող իշխանությանը, քննադատում են խաղաղություն մուրալու համար, այնինչ հարստացել են բանակի հաշվին։
«Շատ են նաև այն անձինք, որոնք իրենց շեֆերի փաստաբաններն են, այն շեֆերի, որոնք ծակ գրպաններով եկել են Երևան, բայց հիմա դոլարային միլիոնատերեր ու միլիարդատերեր են»,– ասաց իշխանական պատգամավորը։
Ալեքսանյանի ելույթը հունից հանեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին։ Ասպրամ Կրպեյանը տեղից արձագանքեց Ալեքսանյանին, ասելով` դատե՛ք, ինչո՞ւ չեք դատում։
«Դատում ենք, շատ ենք դատում, օրական 4-5 հայցադիմում է գնում դատարան ձեր թիմակիցների ապօրինի գույքի հետ կապված»,- պատասխանեց Ալեքսանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն էլ պահանջեց, որ ՔՊ-ական պատգամավորը խոսի 44-օրյա պատերազմի ու Արցախի մասին, որ աշակերտներն էլ այդ մասին իմանան։ Երկխոսությանը միջամտեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որը Գեղամ Նազարյանին և Ասպրամ Կրպեյանին զրկեց ելույթ ունենալու իրավունքից։ Արշակյանը սպառնաց նաև այլ սանկցիաներ կիրառել և դիմելով խմբակցության ղեկավարներին՝ հորդորեց, որ վերջիններս կարգի հրավիրեն։









