Foto

Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը. Անչելոտին՝ իր ապագայի և ԱԱ-2026-ից դուրս մնալու մասին

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը ԱԱ-2026-ի 1/8 եզրափակչում Նորվեգիայից կրած պարտությունից (1:2) և մրցաշարը լքելուց հետո։


67-ամյա իտալացի մասնագետը, ով «Սելեսաոն» գլխավորել է 2025 թվականի մայիսին և մրցաշարից առաջ երկարաձգել պայմանագիրը մինչև 2030 թվականը, վստահ է, որ թիմն աճելու և զարգանալու տեղ ունի.

«Մենք պետք է շարունակենք աշխատել, կատարելագործվել և նոր գաղափարներ փնտրել: Կարծում եմ՝ այս պարտությունը ոչ թե վերջն է, այլ նոր ցիկլի սկիզբը: Ֆուտբոլն այսպիսին է, երբեմն պետք է համակերպվել պարտության դառնության հետ։ Ես սովոր եմ դրան: Մենք կհաղթահարենք այս պարտությունը՝ նոր լիցք հաղորդելով մեր աշխատանքին և խաղացողների գնահատմանը»,- Անչելոտիի խոսքերն են մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն և Globo-ն։


Խոսելով բուն հանդիպման մասին՝ մարզիչը նշել է, որ Նորվեգիան շատ գրագետ է պաշտպանվել.

«Սկզբում թվում էր, թե վերահսկում ենք խաղը, պահեր էինք ստեղծում։ Բայց Նորվեգիան ամբողջությամբ փակել էր պաշտպանությունը, իսկ չափազանց մեծ ճնշում գործադրելը ռիսկային էր։ Մեզ երիտասարդ տաղանդներ, բարձրակարգ խաղացողներ են պետք, որոնք կգան բրազիլական ֆուտբոլ»։

Ուշագրավ է, որ ծանր պարտությունից անմիջապես հետո Անչելոտին չի ներկայացել նախատեսված խառը գոտի՝ մամուլի ներկայացուցիչների հետ շփվելու համար, այլ միանգամից ուղևորվել է հանդերձարան։ The Touchline-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ շփվելու համար այնտեղ է գտնվել նրա որդին և օգնականը՝ Դավիդե Անչելոտին։

Անչելոտին պարզաբանել է նաև, թե ինչու առաջին խաղակեսում նշանակված 11-մետրանոցն իրացրեց Բրունո Գիմարայեսը և վրիպեց՝ դառնալով վերջին 40 տարվա մեջ առաջին բրազիլացին, ով ԱԱ-ի խաղային ժամանակում չի իրացրել 11-մետրանոցը.

«Մենք վերլուծել էինք վիճակագրությունը. լավագույնն այս հարցում Ռաֆինյան է, այնուհետև Նեյմարը, Իգոր Տիագոն, Բրունո Գիմարայեսը և Մարտինելին: Մեր կարծիքով, այդ պահին դաշտում գտնվողներից Բրունոն լավագույնն էր այս բաղադրիչում»:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակչում Բրազիլիան հաղթահարել էր Ճապոնիայի արգելքը (2:1), իսկ Նորվեգիան հաղթել էր Կոտ դ’Իվուարին (2:1): Քառորդ եզրափակիչում նորվեգացիները կմրցեն Անգլիա — Մեքսիկա զույգի հաղթողի հետ: