Foto

Փաշինյանը պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը. Զուրաբյան

Արցախի անվտանգության երաշխիքների, ինքնորոշման իրավունքի և առկա սպառնալիքների, նաև հայ-իրանական հարաբերությունների ու Իրանի հետ կոլեկտիվ անվտանգային համակարգ ունենալու շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հետ։

Հարցազրույցի սկիզբը՝ նախորդիվ

-Պարոն Զոսւրաբյան, ինչպե՞ս եք գնահատում Իրանի հետ մեր հարաբերությունները և անվտանգային համակարգ ունենալու հնարավորությունները։

-Կոլեկտիվ անվտանգության համակարգի ստեղծման հարցում որպես այլընտրանք չի կարող դիտարկվել նաեւ Իրանը։ Սակայն, հաշվի առնելով Հայաստանի սահմանների փոփոխության դեմ Իրանի վճռական դիրքորոշումը եւ անհրաժեշտության դեպքում նաեւ ռազմական գործողությունների դիմելու պատրաստակամությունը, Հայաստանը պետք է խորը գործընկերություն հաստատի Իրանի հետ տարածաշրջանային անվտանգության ապահովման եւ տնտեսական զարգացման խոշոր ծրագրերի իրականացման բնագավառում։ Մասնավորապես, ինտենսիվ աշխատանք պետք է կատարվի Հյուսիսային հաղորդակցման միջանցքի կառուցման ուղղությամբ, որը պետք է ներառի երկաթուղային, ավտոմոբիլային եւ լուսամալուխային հաղորդակցության բաղադրիչներ։ (մանրամասները` տես՝ Հայ Ազգային Կոնգրեսի 2021 թվականի ընտրական ծրագիրը)։ 

-Փաշինյանն իր վերջին ասուլիսում մեկ անգամ ևս հայտարարեց, որ ԼՂ անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Արդյո՞ք, գործող օրենսդրությամբ, Հայաստանը չէ Արցախի անվտանգության երաշխավորը և արդյո՞ք Հայաստանը կարող է օրենսգրությամբ  սահմանված իր պարտավորությունը պատվիրակել մեկ ուրիշին։

-Հայաստանը, փաստորեն, հրաժարվում է արցախցիների իրավունքների, այդ թվում՝  Արցախի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի երաշխավորի դերից, որը Հայաստանը կատարում է անկախությունից ի վեր։ Այդ դերը ոչ թե ամրագրված է Հայաստանի օրենսդրությամբ, այլ մեր հիմնարար քաղաքական եւ ռազմավարական դիրքորոշումն էր։ Իհարկե, 2020 թվականի պատերազմի արդյունքներով, Հայաստանի  դերը այս հարցում էականորեն սահմանափակվել է, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է իր ձեռքերը լվանա Արցախի ճակատագրի համար պատասխանատվությունից։ Փաշինյանը նման դիրքորոշում է որդեգրել սեփական (անցյալ եւ հնարավոր է` ապագա) ձախողումների համար պատասխանատվությունից  խուսափելու նպատակով, սակայն նման կեցվածքն էլ ավելի է բարդացնում Արցախի ժողովրդի անվտանգության խնդիրը։ Դա Ադրբեջանին ոչ թե խաղաղեցնում է, այլ ավելի ագրեսիվ դարձնում՝ հարցը էթնիկ զտումով լուծելու իրենց պլանների մեջ։ Սա մեր կառավարության կողմից հանցավոր քաղաքականություն է, եւ Փաշինյանը ուղիղ պատասխանատվություն է կրելու արցախահայության դեմ որեւէ կատարված եւ կատարվելիք հանցագործության համար։

-Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունները «ինքնորոշման իրավունք»-ը ձեւախեղել են «Արցախի ժողովրդի իրավունքներ եւ անվտանգություն» ձեւակերպմամբ։ Ի՞նչ է սա նշանակում։ Ինչպե՞ս ՀՀ իշխանությունների կողմից առաջ քաշվող Արցախի՝ Ադրբեջանին ինտեգրվելու քարոզչության «դեմն առնել»։

-Ցանկանում եմ հիշեցնել, որ 2021 թվականի ընտրություններում Փաշինյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցեցին Արցախի ինքնորոշմանն աջակցության եւ «անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի կարգախոսներով, եւ եթե ժողովրդից մանդատ են ստացել, ապա միայն այդ քաղաքականության շրջանակներում։ Սակայն ընտրություններից կարճ ժամանակ անց Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցում «նշաձողն իջեցնելու» մասին, ինչից հետո այլեւս երբեք Արցախի ինքնորոշման մասին իշխանությունները չեն խոսել։ Ստորագրելով Պրահյան փաստաթուղթը, Փաշինյանը, ըստ էության, հրաժարվել է Արցախի ինքնորոշմանը աջակցելուց եւ ակնհայտորեն պատրաստվում է Ադրբեջանի կազմում Արցախի «ռեինտեգրացիայի» դրույթներ պարունակող փաստաթղթի ստորագրմանը։ Հայաստանը չպնդեց Արցախի վերջնական կարգավիճակի առկախման դիրքորոշումը, այդ հարցը լիովին թողնելով Ռուսաստաանի վրա։ Փաշինյանը չի կարող չհասկանալ, որ եթե նա չի պնդում այդ պահանջը եւ համաձայնվում է Ադրբեջանի հետ, ինչպես դա հաստատվեց Պրահյան փաստաթղթում, Ռուսաստանը, որը ստանձնել է արբիտրի դերը եւ չի կարող դուրս գալ այդ դերակատարության շրջանակներից, այլեւս ոչ մի դիվանագիտական լծակ չունի իրականացնելու Արցախի վերջնական կարգավիճակի առկախման քաղաքականությունը, որը բխում էր ինչպես Հայաստանի եւ Արցախի, այնպես էլ Ռուսաստանի շահերից։ Հետեւաբար, տվյալ դեպքում պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու փորձը ուղղակի Փաշինյանի՝ խաբեության հերթական հնարք է։ Իրականում, Փաշինյանը հույս էր դրել, որ գնալով նման համաձայնության, նա Հայաստան կբերի ԵՄ դիտորդների եւ Արեւմուտքի ճնշմամբ կապահովի Հայաստանի սահմանները։ Իսկ այսօր նա պնդում է, որ Բրյուսելյան ձեւչափը չի գործում եւ ի վիճակի չէ զսպել Ադրբեջանին։ Արդյունքում, մերժելով Ռուսաստանին, Փաշինյանը չստացավ նաեւ Արեւմուտքի սպասված աջակցությունը եւ մեզ նորից կանգնեցրեց կոտրած տաշտակի առաջ։ Գումարած, ստացանք Լաչինի միջանցքի շրջափակում։ Այս ամենը նորից ապացուցում է, որ Հայաստանի վարչապետը, ըստ էության, ղեկավարում է Հայաստանի դեմ վարվող սողացող պատերազմը, որը կորուստներից բացի այլ բան չի բերում։ Այս ամենի դեմն առնել կլինի միայն, եթե հաջողվի ճեղքել Փաշինյանի ձախողումների շուրջ ստեղծված տեղեկատվական շրջափակումը, որի իրականացմանն այսօր լծվել է ամբողջ իշխանական պրոպագանդան, ինչպես նաեւ նրան սխալ օրակարգով «քննադատող» կեղծ ընդդիմությունը։ 

 -Արցախի խորհրդարանական խմբակցությունները պահանջում են Հայաստանի իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ շեշտելով, որ արտահայտում են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքն ու դիրքորոշումը։ Ո՞րն է Արցախի խորհրդարանական խմբակցությունների անհանգստության պատճառը:

-Կարծում եմ, այս հարցը ավելի ճիշտ կլինի ուղղել Արցախի խորհրդարանական խմբակցություններին, իսկ նախորդ հարցի պատասխանում ես շարադրեցի գործընթացի իմ ընկալումը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։